Հասարակության մոտ իրավապաշտպան գործունեության հանդեպ անվստահություն ձևավորելու, այլ ոչ՝ բանակում ոչ մարտական պայմաններում ունեցած զոհերի դեպքերով սեփական անգործության համար պատասխան տալու՝ իշխանությունների գործելակերպը չի փոփոխվել։ ՊՆ պաշտոնյայի վերջին հայտարարությունները ևս միտված են թմրեցնելու հասարակության ուշադրությունը բարձրացվող խնդիրների նկատմամբ։ Մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ոլորտի մասնագետները քննարկեցին ստեղծված իրավիճակը՝ նկատելով, որ հակահեղափոխականները շարունակում են մնալ կառավարությունում։
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն, ով վերջերս բանակի խնդիրները բարձրաձայնող իրավապաշտպանների մասին մի շարք հայտարարություններ արեց, պետք է բացահայտի իր ունեցած ապացույցները, համոզված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Փետրվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն անդրադարձել էր բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերին՝ նշելով, որ իրավապաշտպանները քայքայիչ գործունեություն են իրականացնում․ «Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք։ Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»։
Ըստ Ղարագյոզյանի՝ տարիներ շարունակ իրավապաշտպաները ճնշումների էին ենթարկվում նախկին իշխանությունների օրոք, փորձ էր արվում ամեն բան վերագրել իրավապաշտպաններին, սակայն փաստաբանը չի հասկանում՝ ինչո՞ւ են թավշյա հեղափոխությունից հետո նման պաշտոնյաները շարունակում աշխատել։
Ինչո՞վ էր զբաղված փոխնախարար Բալայանը, երբ Զինված ուժերում քրեական մշակույթ էր տարածվում կամ «էլիտար զորամասներ» էին ստեղծվում, որ այժմ էլ պետական մարմինների անգործությունը վերագրի իրավապաշտպաններին, շարունակեց Արա Ղարագյոզյանը։
Ավելի վաղ «Human Rights House Yerevan» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ էր արել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին քննարկել փոխնախարարնի վարքը և, հիմքերի առկայության դեպքում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Իրավապաշտպանները մշտապես թիրախավորվել են, մանավանդ՝ բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ Նրանց անվանում էին «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ», «պետական հիմքերը քայքայողներ», «պետականության դեմ գործունեություն ծավալողներ»։ Ընդ որում, այդ մոտեցումը որդեգրվել էր նաև վերջիններիս՝ հատկապես բանակի վերաբերյալ կոշտ քննադատությունից հետո, իր հերթին, ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
«Որովհետև դա փոքր ինչ փակ կառույց է, և հաճախ անգամ տեղեկատվությունը, որը պիտի բաց լիներ և որևէ գաղտնիք չի պարունակում, հանրությանը չի հասնում», ֊ նկատեց Հովհաննիսյանը։ Մինչդեռ, ասում է նա, իրավապաշտպանները պահանջում են, որ կառույցը գործի առավել բաց և մարդու իրավունքների հանդեպ զգայուն։
ԶՈՒ֊ում մեծ փոփոխություն չտեսնելով, նա դժվարացավ ասել՝ արդյոք փոխնախարարի կողմից հնչեցված խոսքերը արժի վերագրել ամբողջ համակարգին։ Նրա խոսքով՝ կառույցը մշտապես իրավապաշտպաններից որոշակի վախ է ունեցել, ինչը դրսևորվել է տարբեր նմանատիպ արտահայտություններով․
«Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո իրավիճակին, որը, սպասվում էր կամ ցանկալի էր, որպեսզի փոխվեր։ Հասարակությունը ևս պահանջատեր էր։ Անկախ նրանից, որ հասարակական կազմակերպությունները ևս տարիներ շարունակ զբաղվում են դրանով, բայց այն ակցիաները, որոնք տեղի են ունեցել բանակում ոչ կանոնադրական հարաբերություններում սպանված զինծառայողների վերաբերյալ, այն անվստահությունը, որը առկա է եղել ինքնասպանության դեպքերի վերաբերյալ․․․ Անգամ հե՛նց հեղափոխությունից հետո բարձրացվեց խնդիրը, որ պետք է վերաբացվեն գործերը, բացահայտվեն գործերը, ինչը կունենա նաև կանխարգելիչ նպատակ։
Հիմա, երբ իրավիճակն առանձնապես շոշափելիորեն չի փոխվել և քննադատությունն իրավապաշտպանների կողմից շարունակվում է, մենք այդ կառույցից՝ փոխնախարարի տեսքով, ստանում ենք նույն պատասխանը, որն, առաջին հերթին, ինքնապաշտպանական ռեակցիա է․ չճանաչել խնդիրը, չփորձել գտնել լուծման ճանապարհներ և չվերլուծել խորությամբ, թե ինչի՞ց է գալիս սպանությունների կամ մահացությունների այդ բարձր ցուցանիշը»։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ–ում արված հայտարարությունը ևս քննադատության էր արժանացել։ Նա ասել էր, որ բանակում գրանցվող ողբերգական դեպքերի մեծ մասը քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի հետևանք է։ Իր համոզմամբ` բանակում տիրող բարքերը քրեական ենթամշակույթի արտահայտությունն են, որոնք լայնորեն տարածված են նաև ՔԿՀ–ներում ու որտեղից էլ դուրս են գալիս հասարակություն։
«Ցանկացած դեպքով արդար, բազմակողմանի և թափանցիկ քննություն տանելու այդ վճռականությունը դեռևս չկա, և դա իրավապաշտպանների ամենացավոտ, ամենախնդրահարույց և կարևորվող կետն է։ Եթե մենք չունենք դեպքերի թափանցիկ քննություն և հանրության հետ ճիշտ կոմունիկացիայի մեթոդ, որպեսզի չասենք՝ տեսեք՝ բակերում կամ դպրոցներում ինչպե՞ս են խոսում միմյանց հետ, դա կոմունիկացիայի ձև չէ։
Բանակը հատուկ կառույց է, էնտեղ մարդիկ գտնվում են հատուկ վերահսկողության ներքո, և ցանկացած դեպքով հասարակությանը պետք է բացատրություն տրվի, թե ինչո՞ւ է դա կատարվել և ի՞նչ գործուղություններ է իրականացրել պետությունը՝ կանխարգելելու հետագայում նմանատիպ դեպքերը։ Մենք այդ իրավիճակը չունենք», ֊ ասել է Հովհաննիսյանը։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրն ավելի խորն է։ Եթե խոսել փոխնախարարի հայտարարության նպատակի մասին, ապա այդպիսով, ըստ Խաչատրյանի, փորձ է արվում իրավապաշտպանների նկատմամբ լուրջ անվստահություն առաջացնել հասարակության լայն շերտերի մոտ։
Նա ևս փաստեց, որ նույն գործիքը տարիներով օգտագործվում էր նախկին իշխանությունների կողմից, որոնք իբր թե թույլ էին տալիս, որ քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնի խնդիրները, սակայն հասարակության մոտ նույն իշխանությունների շնորհիվ հետևյալ ընկալումն էր ձևավորվել․ «Սրանք ովքե՞ր են, սրանք պատվեր կատարողներ են, Սորոսն է գումար տալիս, Եվրամիությունն է գումար տալիս, սրա֊նրա պատվերներն են կատարում՝ շեֆերին հաճոյանալու համար, և ամենևին շահագրգռված չեն, որ այդ խնդիրները լուծվեն»։ Ցավոք սրտի, նկատեց Էդգար Խաչատրյանը, հասարակության լայն շերտերն ուտում էին այդ խայծը։
Այսպիսով, ստացվում է, որ երկարաժամկետ հեռանկարում իրավապաշտպանները շարունակելու են խոսել ցավոտ խնդիրների մասին, սակայն իրենց ոչ ոք լուրջ չի ընկալելու․ «Այսինքն՝ սրանով նույն նախարարությունը թմրեցնում է հասարակության ուշադրությունը մեր կողմից բարձրացվող հարցերի նկատմամբ։ Սա մեզ լռեցնելու և էդ ցավոտ հարցերը բարձրացնելը կանխելու միջոց է։ Սա, առաջին հերթին, հակասում է հեղափոխական արժեքներին, որոնց համար մենք դուրս ենք եկել փողոցներ»։
Դիմելով վարչապետ Փաշինյանին, Խաչատրյանը զգուշացրեց․ հակահեղափոխականներն, առաջին հերթին, նստած են կառավարությունում։