Home / Բանակ / Պատժել քննիչներին․ «Ինքնասպան» զինվորի տառապանքները սկսվեցին արձակուրդից հետո

Պատժել քննիչներին․ «Ինքնասպան» զինվորի տառապանքները սկսվեցին արձակուրդից հետո

2013 թվականին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում զոհված (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) զինծառայող Արման Մուրադյանի հոր՝ Հովսեփ Մուրադյանի բողոքը կրկին դատարանում է։

Հովսեփ Մուրադյանը արդեն երկրորդ անգամ դատարանից պահաջում է չեղարկել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը, որով կարճվել է քննիչներ Դերենիկ Իգիթյանի և Սերգեյ Թամրազյանի դեմ հարուցված քրեական գործը։ Զինվորի հայրն ապացույցներ է ներկայացնում, որ Արմանի գործը քննվել է կեղծիքներով և բացահայտ խախտումներով։

Շարքային Արման Մուրադյանի մահվան դեպքի առթիվ 2013-ին գործ էր հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 

Գործի նկարագրությունում նշվում էր՝ զինծառայողն ինքնասպան է եղել «իրեն ամրակցված զենքով»։ Զենքը, սակայն, ըստ զինգրքույկի, Արմանին ամրակցված չի եղել։ Հրազենի վրա բացակայում են նրա մատնահետքերը։ Քննիչները նախաքննության ողջ ընթացքում անտեսել են այս հանգամանքը։

Անտեսվել է նաև այն, որ զինվորի դին ուղարկվել է Երևան փոխված հագուստով։ Արմանի հայրը նշում է՝ դեպքից կարճ ժամանակ առաջ Վերնիսաժից նոր համազգեստ էր գնել, բայց տղայի դին ստացել է հնամաշ համազգեստով, որը – սա հաստատվել է նաև փորձաքննությամբ – չէր համապատասխանում նույնիսկ մահվան դեպքն արձանագրող քննիչի նկարագրությանը։

Գործի նյութերից հետին թվով փաստաթղթեր և ցուցմունքներ են անհետացել։

Հովսեփ Մուրադյանի փոխանցմամբ, քննիչը առերեսման ժամանակ իր աչքի առաջ փորձել է հարվածել վկաներից մեկին՝ զինվոր Վահան Կոստանյանին, երբ նա ասել է, որ Արմանը ինքն իր վրա չի կրակել։ 

Զինվորի հոր խոսքերով, երեք ականատես վկաներն էլ ճնշումների են եթարկվել։ Միևնույն ժամանակ, իրարամերժ և տարբերվող ցուցմունքներ են տվել, ինչը քննիչների կողմից ևս ուշադրության չի արժանացել։

Քննությունը ընթացել է բացահայտ կեղծիքներով և հանգեցրել դատավճռի, որին զինվորի հայրը չի հավատում։

Հովսեփ Մուրադյանը պնդում է՝ Արմանն ինքնասպան չի եղել, նրան սպանել է համածառայակից Վալերի Սուլեյմանյանը, որը շարունակաբար խոշտանգել է իր որդուն։ Մեղքը «բարդել են» Սուլեյմանյանի մորաքրոջ տղայի՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Էմիլ Ավետիսյանի վրա, ով դատապարտվել է իշխանազանցության, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար և 15 ամիս նստելուց հետո համաներմամբ ազատ է արձակվել։

Սուլեյմանյանի նկատմամբ կասկածները, ասում է զինվորի հայրը, անհիմն չեն․ դրանք հաստատվում են թե՛ նախաքննության ընթացքում ստացված տեղեկություններով, թե՛ զինվորի մահվանը նախորդող իրադարձություններով։

Արմանի նկատմամբ բռնությունները և հալածանքները երկար պատմություն ունեն։ Առաջին անգամ զինվորը ծեծի է ենթարկվել Մարտակերտի զորամաս տեղափոխվելուց և արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո

«2012 թվակիանին որդիս Լուսակետից տեղափոխվեց Մարտակերտ։ Մի քանի օր ծառայելուց հետո իրեն ուղարկում են արձակուրդ։ 10 օր արձակուրդից հետո վերադառնում է և սկսում են որդուս նկատմամբ հալածանքները։

Դա պարզ լոգիկա է․ որդիս դրամ չի տարել տնից։ Այդ ժամանակ ես հանրապետությունից բացակայել եմ, տունն էլ դրամ չի եղել։ Պատճառը լոկ այդ դրամն է, որ այնտեղ կան էլիտար զինվորներ, սպաներ, որոնց զինվորը արձակուրդից վերադառնալուց հետո պետք է գումար տա։ 

Այդ ժամանակվանից սկսվել են որդուս նկատմամբ հալածանքները», – նշում է Մուրդայանը։

2012 թվականի հուլիսին Արմանը «վախից» փախել է զորամասից․ «8-9 զինվորներ Մարտակերտից խոշտանգել են որդուս, ծեծել են, արյունահոսություն է ունեցել։ 3 ցերեկ և 2 գիշեր անցկացրել է Մարտակերտի ստադիոնում»։

Զորամաս վերադառնալուն պես խոշտանգումները շարունակվել են։ Խմբակային հերթական ծեծից հետո Արմանին 100 օրով տեղափոխել են հոսպիտալ։

Արմանը ցուցմունք է տվել։ Նշել է, որ իրեն ծեծել են համածառայակիցները՝ 11 հոգով։ Քննիչը, ասում է զինվորի հայրը, նրան ստիպել է փոխել ցուցմունքը։ Ասել է՝ եթե դու նման ցուցմունք տաս ու վերադառնաս զորամաս, քո համար լավ չի լինի։

Հոսպիտալում Արմանին որակել են որպես հոգեկան խնդիրներ ունեցող։ Այս որակումը հաշվի առնելով՝ պարզ չէ նաև, ինչու են նրան ուղարկել մարտական հերթապահության, երբ նա պիտանի չէր շարային պատրաստության և չէր կարող զենք կրել։

Այս ողջ նախապատմությունը նախաքննության կողմից ևս մեծ ուշադրության չի արժանացել։ Քննությունը վարկած է առաջ քաշել, իսկ դատարանը հաստատել, որ Արմանը ինքնասպան է եղել հրամանատարի տեղակալի նվաստացումների պատճառով։

Քննիչների դեմ գործի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։