Այսօր Կառավարության շենքի դիմաց կրկին ցույց էին անում իրենց որդիներին խաղաղ պայմաններում կորցրած կանայք և տղամարդիկ։ Նրանց միացել էին նաև մի քանի իրավապաշտպաններ։
Կառավարության նիստից անմիջապես հետո հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների/ինքնասպանությունների վերաբերյալ նրանց հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու նպատակով։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո որոշակի տեղաշարժ եղել է, սակայն պաշտոնանկությունները ելք չեն, այլ խնդրի հատվածական լուծում։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը հրատապ կարգով հրավիրել է պաշտպանության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ քննարկելու այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած սպանությունները/ինքնասպանությունները, որից հետո էլ աշխատանքից հեռացվեցին Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանն և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը։
Կառավարության աշխատակազմը գրավոր պատասխան է տվել ցուցարարներին, որ այս պահին վարչապետի հետ հանդիպումը հնարավոր չէ։
«Մենք դիմում չենք գրել, մենք հայտարարություն ենք արել և ակնկալում ենք հանդիպում, որովհտեև, ցավոք սրտի, մինչև այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ միայն մեկ մարդ է կարողանում հարցեր լուծել ու կարգավորել՝ Փաշինյանն է։ Իր հետ հանդիպում ենք պահանջում և պահանջում ենք հնարավորություն ստեղծվի, որ այս բոլոր գործերով ցույց տրվի, թե ինչպես են կոծկվում այդ քրեական գործերը, ինչպես են ցույց տալիս 97% բացահայտում, իրենք իրենց ծափահարում են, Փաշինյանն իրենց մեդալ ու պագոն է տալիս, բայց արդյունքում ունենում ենք նոր զոհեր։ Եթե գործերը նորմալ բացահայտվեին, մենք էս զոհերը չէինք ունենալու», – նշեց Կարապետյանցը։
Մայրերի հետ հանդիպման եկան քննչական կոմիտեի ներկայացուցիչները։ Մայրերին առաջարկեցին գնալ քննչական կոմիտե՝ հանդիպման համար կոմիտեի նախագահին ուղղված դիմումը միասին կազմելու նպատակով, ինչից հետո միայն Քննչական կոմիտեն գրավոր պատասխան կտա։
«Երբ որ մենք գալիս ենք քննչական կոմիտե, իրենք բոլորը մեզ են լսում, մեզ են խոսացնում, տեսնեն մենք էլ ինչ գիտենք, որ էդ ուղղությամբ փակեն, կոծկեն գործը։ Ոչ մի բան էլ չեն անում քննչական կոմիտեում։ Քննիչ Ռոման Սարդարյանն ինձ ասեց՝ ես ոնց նայում եմ էս գործը սպանություն է, բայց ես սպանությունով չեմ կարա քննեմ էս գործը, իրավունք չունեմ։ ․․․Ես առնվազն կարող եմ ինքնասպանության հասցնելու գործով քննել։ Էս իննը տարի ա իրեղեն ապացույցները ոչնչացված են, կեղծված են, ես ոնց էս քրեական գործը բացահայտեմ», – պատասխանեց մայրերից մեկը։
Մյուսն էլ հայտարարեց, որ Հայկ Գրիգորյանը [Քննչական կոմիտեի նախագահ] առաջին հանցագործն է։ Դրանից հետո քննչական կոմիտեի ներկայացուցիչը բարկացած հեռացավ։
Մայրերը կոչ են անում տղաներին չուղարկել բանակ, քանի դեռ այս գործերը բացահայտված չեն․ «Մինչև մի մարդու նման չկանգնեք ոտքի, ոնց որ հեղափոխության ժամանակ, ու ասեք՝ վերջ, էլ չենք ուղարկի մեր երեխեքին բանակ մինչև էս հանցագործները չպատժվեն, բանակի սպանությունները կշարունակվեն։ Հերիք եղավ մեր երեխեքին ուղարկենք մսաղաց։ Սա բանակ չի, բարդակ ա»։
Նինա Կարապետյանցը նշեց, որ ստեղծվել է «Զինվորին թիկունք» նախաձեռնությունը և նրանք մոտ օրերս բողոքի ցույց կանեն նաև Ազգային Ժողովի դիմաց։