Հինգշաբթի օրերին՝ գործադիրի նիստին զուգահեռ, կառավարության շենքի մոտ արդեն տարիներ շարունակ տարբեր երևույթների դեմ պայքարողների ու տարբեր հարցերով դիմողների պիկետներ են լինում։ Դրանցից ամենաարդիականն ու, ցավոք սրտի, նույնիսկ անցորդների համար ինչ-որ տեղ սովորական դարձած բանակում ոչ մարտական պայմաններում զոհված կամ սպանված զինծառայողների ծնողների ակցիաներն են։ Այսօր առավոտյան, սակայն, երբ գլխավոր ժամացույցի տասը զարկերի հնչյուններին զուգահեռ մոտեցա նշված վայրին, տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններից բացի դեռ ոչ ոք չկար։
20-25 րոպե անց ընդունարանի դռների մոտ երկու կնոջ տեսա։ Երբ մոտեցա, իրենք արդեն մի երիտասարդի հետ էին խոսում։ Երիտասարդը, ազատամարտիկի որդի ներկայանալով, նախ, խոսեց ոմն թոշակառուի մասին, ով վարկ էր վերցրել և, ամեն ամիս թոշակից 26 հազար դրամ մուծելուց բացի, ստիպված է նաև տույժերի տակից դուրս գալ։ «Մեզ վրա էլի փող են աշխատում բանկերի միջոցով» ու այլ նմանատիպ դիտարկումներ անելով, սպառնում էր չդիմանալ, լրագրողների հրավիրել ու բարձրաձայնել չլուծվող խնդիրները։ Նաև նկատեց, որ եթե մինչև այժմ լռել է, քանի որ չէր ցանկանում այլազգիները լսեն մեր ներքին խոհանոցի մասին, ապա այլևս չի լռելու։
Կանայք էլ գրություն էին ուղարկել Արդարադատության նախարարություն, իսկ այսօր որոշել են կառավարությանը դիմել՝ իրենց որդիներին փրկելու համար։ Գողության փաստով քրգործի քննությունը դեռ ավարտված չէ, մեղքն ընդունում են և իշխանությունների միջամտությունն են խնդրում՝ երիտասարդներին բանտից և վերջիններիս կյանքը խորտակելուց փրկելու համար։ Իրենց խոսքով՝ չարժե, որ տղաները բանտ ընկնեն, որտեղ ևս իրենց կարող են մի փորձության մեջ ներքաշել, այդպիսով վտանգելով երիտասարդների ապագան։
Իշխանության աջակցության համար Ստեփանավանից են ժամանել, պնդում են, որ բոլորն են «բարդ վիճակի մեջ», ոչ միայն մի քանիսն, ում «հեռուստացույցով են ցույց տալիս»։
Գործընկերոջս հեռախոսով երկու բառով պատմեցի՝ ինչ տեսա կառավարության շենքի մոտ, ու որոշեցի, որ ամեն դեպքում մեծ հաշվով գրելու բան չկա։
Ալլա Մանվելյան
Ավելի ուշ՝ ժամը 12-ին կառավարության մոտ էին եկել իրենց որդիներին խաղաղ պայմաններում կորցրած կանայք և տղամարդիկ։ Նրանց միացել էին նաև մի քանի իրավապաշտպաններ։ Մանրամասները Մայրեր․ Չուղարկեք երեխեքին բանակ մինչև հանցագործները չպատժվեն նյութում։