Home / Կրթություն / Մարտի մեկն ու բուհս

Մարտի մեկն ու բուհս

Համալսարանում սովորելս երկար թվացող, բայց մեկ ակնթարթ տևող սարսափ երազներից էր։ Ամենավառ կետերից էին բարձր միավորներ հավաքելով ընդունվելը, ուսանողական թատրոնում մասնակցությունը ու դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը։ Արանքում՝ իմ ու դասախոսների երկկողմանի չարչարանքն, ատելությունն ու տեղ֊տեղ հետաքրքրությունն էին։ Բայց չարչարանքներս չեն, որ ասոցացվում են ավարտական 2008 թվականի հետ, այլ, օրինակ, ամեն օր օպերայի շենքի մոտակայքում տրանսպորտից իջնելն ու շուրջօրյա նստացույց անցկացնող ցուցարարներին միանալը։ Տանն էլ՝ նյարդեր քայքայող, ստախոս, «ամբոխի» մասին պատմող հեռուստացույցն էր։ Կես ժամ առաջ տեսածդ մարդկանց մասին, այսինքն՝ նաև քո, ահավոր բաներ ասող զզվելի հեռուստացույցը, հեռուստաալիքները, Հ1-ը։

Դասասենյակում, կարծես, երեքով էինք։ Լուսինեն ու Զարուհին հանրահավաքներն ու Ազատության հրապարակում հավաքվածներին էին քննարկում, որոնց, սակայն, միայն Հանրայինով էին տեսել։ Երբ հարցրեցի՝ տեղում եղե՞լ եք, զարմացած ու մի տեսակ նեխած ասացին «չէ»։ Իսկ իմանալով, որ ես եղել եմ, նայեցին իրար, կարծես, չհավատալով, որ տեսնում են այն անամոթներից մեկին, ում մասին պատմում է Հանրայինը։ Աղջիկներից մեկը ՀՀԿ անդամի դուստր է, ում հետ ոչ այդքան հաճելի միջադեպի պատճառով մի քանի գիշեր շատ վատ էի քնում՝ խիղճս տանջում էր։ Մի օր սկսեց պատմել իր ընտանիքի, հայրիկի մասին, լուսանկարներ էր բերում, ցույց տալիս՝ ստեղ գնացինք, էս ինչ բանն արեցինք, սրանց տեսանք․․․ Չգիտեի, որ պատմությունները պարբերական բնույթ էին կրում։ Ես առաջին անգամն էի լսում։ Երբ լուսանկարն ինձ հասավ, վերցրեցի, նայեցի, տեսա ապագա ՀՀԿ-ական պատգամավորներից մեկին․ «Յախք, ․․․նյանը»։ Բոլորս, այդ թվում՝ դասախոսը, լարվեցինք, բայց անցավ֊գնաց։ Չեմ հիշում, թե ինչպես՝ թեման ինքն իրեն փակվեց։ Նույն պահին տեղը բերեցի, որ հայրն է։ Դասախոսն ինձ ավելի ուշ այսպիսի մի բան ասաց․ «Դաժան էր, բայց դե, հա, անդուրի մեկն ա»։

Մի ուրիշ օր էլ նույն դասախոսն ինձ դուրս կանչեց, որ խոսակցությունն իրենց ամբիոնի ասպիրանտը չլսի, ում, ըստ նրա, հավանաբար, հնարավոր չէր «փրկել»․ նա ամուսնու հետ գիշերում էր Ազատության հրապարակում տեղադրված վրաններում։

– Հասկանո՞ւմ ես, սրանք, իհարկե, տականքներ են [իշխանությունները], բայց նրանք՝ դավաճաններ [ընդդիմություն]։

– Ես սրանց֊նրանց համար հո չեմ գնում։ «Սրանք»-ը հա էլ տականք ա, է հետո՞։

Մարտի 1-ին բանակով ժողովրդին ցրելուց և արտակարգ դրություն հայտարարելուց հետո համալսարանում տարածում էին ռեկտորի կոչը՝ բուհի տարածքում զերծ մնալ քաղաքականությունից։

Համալսարանն ավարտած ու բուհում աշխատանքի անցած այլ «ավագ եղբայրներս ու քույրերս» կիսում էին պաշտոնական ստի հանդեպ վրդովմունքս։ Հիմա «Մարտի 1»-ի գործի հետ կապված աժիոտաժը հակառակը՝ ուրախացնում է։ Երևի, նույնքան, որքան անհավանական է թվում։ Ինքներս մեզ սթափեցնելով, ասում ենք, «կարող ա մեր ուզածով չավարտվի», բայց եղածից էլ հրճվում ենք։ Ես որ ինձ պարբերաբար կսմթում եմ։

Շատերը, նույնիսկ իմ մոտ շրջապատի մարդիկ, տեղյակ չէին՝ ինչ էր  կատարվում։ Ընդ որում, հիմա ևս տեղյակ չեն։ Ոմանց՝ գրեթե միշտ աշխատող հեռուստացույցը 10 տարի անց շարունակում է անհասկանալի հաղորդումներ ու ֆիլմեր ցուցադրել։ Իսկ ես գնացի Հ1 միացնելու։ Ինքս։ Իմ ձեռքով։ Մտովի հայտնի ձայնն էի պատկերացնում՝ մարտի 1-ի մասին «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը՝ ԱՌԱՋԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ։

Ալլա Մանվելյան
22․01․2019