Լրագրող Աննա Հակոբյանը, ով նաև Հայաստանի վարչապետի կինն է, մոտ երկու ամիս առաջ Մոսկվայի Տրետյակովյա պատկերասրահում ազդարարել էր «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին։ Նախաձեռնությանը միացած ռուսասատնցի մի խումբ կանայք երեկ՝ հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանի հետ և լրագրողների ուղեկցությամբ Ղարաբաղի բանակի դիրքերից մեկում էին։ Նրանց էր միացել Անահիտ Սահակյանը, ում ամուսնու՝ տեղի նախագահ Բակո Սահակյանի հետ կանայք ճաշեցին նույն օրը ավելի ուշ։
Սկզբից հրամանատարությունը էքսկուրսիա կազմակերպեց հյուրերի համար, ապա սեղանի մոտ հրավիրեց։ Այդ ընթացքում օրինակելի զորամասի զինծառայողներն արագ հեռացնում էին այնտեղ դրված բաժակներն ու քաղցրավենիքով ափսեն։ Հյուրերը մոտեցան և սկսեցին ուսումնասիրել սփռոցի վրա պատկերված սրտիկները։
Սահմանապահ երիտասարդ զինվորներն ինչ֊որ բան էին քննարկում ու ժպիտով նայում լրագրողների ուղղությամբ։ Հարցրեցի՝ կարո՞ղ եմ նկարել, մի երկու բան կասե՞ք։ Գյումրիից, Արարատից, Հրազդանից զորակոչվածները պատրաստակամ էին․ «Մենք չգիտենք՝ ինչ խոսանք, դուք հարցեր տվեք»։ Նրանցից ամենաաշխույժը պայման դրեց՝ պետք է երեկոյան «Ֆեյսբուքում» ինձ գտնի և լուսանկարներ ստանա։ Սակայն հարցուփորձը խանգարում է անմիջականությանը․ տղաներն իրար են նայում կամ ստանդարտ տեքստ արտասանում․ «Ամեն ինչ լավ ա, մենք կանգնած ենք»։ Ամենաաշխույժը կանանց նախաձեռնության արդյունավետության մասին հարցին ի պատասխան փորձում է լրջանալ․ «Մոր սիրտը ուրիշ ա, մոր սիրտը ուրիշ ա․․․»։
Ավտոմատավոր զինվորները կանգնած նայում էին զրուցարանում հավաքված հյուրերին։ Վերևից կադրեր բռնացնելու համար մի երկու քայլ արեցի։ «Ավելի բարձր չգնաք, վտանգավոր ա, իջեք», ֊ զգուշացրեցին տղաները։
Բացման խոսքով հանդես եկավ Աննա Հակոբյանը․ «Դուք Ռուսաստանի Դաշնությունից եկել, հասել եք ղարաբաղյան առաջնագիծ՝ «ոչ» ասելու պատերազմին և, բացի այդ, ձեզանից յուրաքանչյուրն այնպիսի կենսագրության տեր է, որ ես ինձ շատ փոքր եմ համարում ձեզ նույնիսկ շնորհակալություն հայտնելու համար»։ Նա նշեց, որ, երբ երկու ամիս առաջ ազդարարեց «Կանայք հանուն խաղաղության» իր նախաձեռնության մասին և ասաց, որ իրենց ձայնն ավելի լսելի դարձնելու համար լավ կլիներ այն հնչեցնել պատերազմի դաշտից՝ զինվորների կողքին կանգնած, նա վստահ էլ չէր, որ այդ նպատակը հնարավոր կլինի իրագործել։
Նախաձեռնությունը հորդորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին և միջնորդ երկրներին խնայել սահմանին կանգնած հայ և ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին և երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից և հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։
Հակոբյանը կոչով դիմեց նաև ադրբեջանցի կանանց և մայրերին՝ միանալ այս արշավին և նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, ըստ նրա, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ։
«Սահմանից այն կողմ մտավախություն ունեն, որ ռուս հարգարժան տիկնանց այցը ղարաբաղա-ադրբեջանական սահման հայկական կողմից նշանակում է աջակցել հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը նպատակ չունի մտնել բովանդակային կարգավորման տիրույթ։ Այն նպատակ ունի պաշտպանել բացառապես ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը», – ասաց Հակոբյանը և առաջարկեց հյուրերին այցելել շփման գծի հակառակ կողմ և նույն ուղերձը հղել նաև այնտեղից։
«Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալիշանսկայա․ «Երբ դու ապրում ես շատ հաջողակ, շատ ժամանակակից, շատ հարմարավետ աշխարհում, մոռանում ես, որ բառացիորեն մեկ քայլ այն կողմ ամեն ինչ բացարձակապես այլ է։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք այստեղ որևէ կողմի չենք ներկայացնում։ Միակ կողմը, հանուն որի իրականում արժե, որ բոլորս ինչ֊որ բան անենք, խաղաղության կողմն է։ Նրա համար, որ ահա այս լքված դաշտերը, ավերված տները, որտեղ ինչ֊որ ժամանակ մանկան ծիծաղ է լսվել, մարդիկ երեկոյան թեյ են խմել իրենց պատշգամբում, որպեսզի այս ամենը վերադառնա»։
Այս այցը ցանկություն ուներ լուսաբանել նաև ռուսաստանյան «ՌՏՌ» ալիքում աշխատող կանանցից մեկը, ում, սակայն, ղեկավարությունը թուլյ չտվեց դա անել, ասաց Հակոբյանը։ «Եթե ճիշտ չեմ, ներողություն եմ խնդրում։ Սա, իհարկե, տարօրինակ է։ Տարօրինակ է նաև, որ, օրինակ, «Միր» հեռուստաընկերությունը, «Սպուտնիկ» լրատվամիջոցը թույլ չտվեցին իրենց ստեղծագործական խմբերին այցելել և այս այցը լուսաբանել»։ Առհասարակ, որևէ ռուսաստանյան լրատվամիջոց միջոցառմանը ներկա չէր։
Հակոբյանը նշեց, որ կանանց ու մայրերի միասնական ձայնը չի՛ կարող իր ազդեցությունը չունենալ, և նա հավատում է, որ մայրերի տիեզերական սիրո առջև կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։ «Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։ Պարզվում է՝ Երևանում կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից։ Ես չգիտեի, դրա մասին իմացա վերջերս։ Բայց հենց իմացա, մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը։ Եվ յուրաքանչյուր կին, որ կմիանա արշավին, կունենա նման զարդ»։
ՌԴ Պետական խորհրդական Ելենա Սեմերիկովան պատմեց, որ պատերազմի տարիներին իր ընտանիքը Ղարաբաղում էր գտնվում։ 1979 թվականից ամուսնու հետ, ով զինվարական էր, Ուզբեկստանում էր, տնտեսագետ էր աշխատում, ապա նրանց Ղարաբաղ տեղափոխեցին։ «Երկու փոքրիկ երեխա ունեի և երրորդին էի սպասում։ Ես չգիտեի՝ արդյոք կյանք կտրվի՞ այդ երեխային, քանի որ ես բազմաթիվ փորձությունների էի ենթարկվում։ Ես չէի կարող լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Ես չեմ կարող ասել՝ ով է այստեղ իրավացի և ով՝ մեղավոր։ Բայց երբ այս փխրուն կինը հայտարարեց այս ակցիայի մասին, ապա, իհարկե, մարդկային իմ պարտքն է միանալ դրան։ Դա առաջին հերթին մոր և կնոջ պարտքն է։ Եվ ես այսօր ուզում եմ դիմել տիկին Ալիևային․ չէ՞ որ նա նույնպես մայր է։ Նա հիանալի տատիկ է, բայց նաև քաղաքական գործիչ։ Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք՝ կարևոր չէ՝ ով է այստեղ իրավացի, ով՝ մեղավոր, բայց այսօր մենք պետք է փրկենք յուրաքանչյուր մարդկային կյանք»։
Արշավի մասնակիցների թվում էր նաև նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Նա ելույթ չունեցավ․ հուզված լսում էր մյուսներին, արտասվում, լուսանկարվում ու գրկախառնվում զինվորների հետ։
Գրող, «Ռուսկի բուկեր» և«Մեծ գիրք» մրցանակների դափնեկիր Լյուդմիլա Ուլիցկայան, ինչպես ինքը խոստովանեց, հասկացել է, որ կյանքի մասին մեր տեսական պատկերացումների և պրակտիկայի միջև տարբերությունը մեծ է։ «Շատ տասնամյակներ ես ասում էի, որ մեր սերնդի բախտը բերել է։ Ես ծնվել եմ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և ասում էի, որ մենք ապրում ենք պատերազմների արանքում, մեր բախտը բերել էր։ Այսօր իմ տեսակետը լիովին փոխեցի։ Այս փոքր պատերազմները ևս մեր պատերազմներն են։ Մենք ապրում ենք չդադարող պատերազմների մեջ։ Այստեղ գալու ճանապարհին մեղքի այդ զգացողությունը կար։ Ի՞նչպես է այդպես ստացվել, որ մենք դա թույլ ենք տվել։ Ագրեսիան, որ կուտակվել է մեր սրտերում․․․ մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի դրա դեմ»։
Ելույթներից հետո կանայք մոտենում էին զինվորներին, անփորձանք ծառայություն մաղթում, Ուլիցկայան՝ գրքեր նվիրում զորամասին, տղաները՝ զգաստ կանգնած ժպտում։ Շարժվեցինք դեպի ավտոմեքենաները։ Ետ նայեցի․ ինձ սոցցանցում գտնել պատրաստվողն ընկերների հետ միասին ձեռքով է անում։ «Գրքերը կարդալո՞ւ եք», – հարցրեցի։ «Նկարներս կուղարկեք», – պատասխանեց նա։
պատրաստեց Ալլա Մանվելյանը