Ստեփանակերտում բողոքի ցույցերի մասնակիցները որոշել են դադարեցնել ակցիաները։ Այս մասին երեկ ուշ երեկոյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանից առաջ նա տեսաուղերձով դիմել էր Ստեփանակերտում բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ կոչ անելով ժամանակավորապես դադարեցնել ակցիաները՝ հնարավորություն տալով Արցախի նախագահ Բակո Սահակյանին իրագործել ցուցարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նշենք, որ Արցախում բողոքի ալիքը բարձրացել այն բանից հետո, երբ երկու քաղաքացիներ ծեծի էին ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են ուժային կառույցների, բացառությամբ բանակի, ղեկավարության հրաժարականները և մեղավորների պատիժն օրենքի սահմաններում։
Փաշինյանը երեկ նշել էր, որ «ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է, եթե չասենք՝ դատապարտելի և անթույլատրելի»:
«Ես հետևում եմ իրադարձություններին, կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, ուրախությամբ եմ արձանագրում, որ նա լսել է ցուցարարների պահանջները, հանդիպումներ ունեցել։ Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Արցախի նախագահը խոստացել է լրիվ և ամբողջական քննության իրականացում», ֊ ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այժմ գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է, Սահակյանին պետք է ժամանակ տալ, և եթե ձեռք բերված պայմանավորվածությունները չիրականացվեն, ապա «ցուցարարները կարող են նորից գնդակը հետ բերել» իրենց դաշտ։