Այսօր Երևանում մի խումբ մարդիկ ակցիա են անցկացրել ի սոլիդարություն Ասյա Խաչատրյանի։ Նրանք հավաքվել են մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ և քայլել դեպի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչություն։
«Ասյա Խաչատրյանն Արցախում խտրականության և բռնության է ենթարկվել ընդամենը կապույտ մազեր ունենալու և ծխելու համար: Կատարվածը չի կարող անպատիժ մնալ, քանի որ մի կողմից կոպտագույն կերպով խախտվել են մարդու իրավունքները, իսկ մյուս կողմից էլ՝ փորձ է արվել արհեստական տարանջատում մտցնել հայաստանցու և արցախցու միջև: Այս ակցիայի միջոցով մենք փորձելու ենք նաև շեշտադրել այն հանգամանքը, որ մենք Արցախի նկատմամբ ունենք համահավասար իրավունքներ, ինչպես արցախաբնակ հայերը, ուստի մեր պահանջն այն է, որ բոլոր հանցագործները անհապաղ կերպով պատժվեն», ֊ միջոցառման հրավերում ներկայացվում էր դրա կազմակերպման շարժառիթը և նպատակը։
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են հետևյալ գրություններով պաստառները․ «Հայկ Խանումյան, Բերձոր, Ասյա Խաչատրյան, ներքին կարգով լուծել չստացվեց, իսկ քանի՞սն չհանրայնացրեց», «Կանայք ընդդեմ ռեժիմի», «Կապույտ մազերն ընդդեմ ռազմականացման», «Կապույտ մազերն ընդդեմ ոստիկանության», «Ո՛չ ոստիկանապետությանը», «Դե եթե Բակո Սահակյանի դեմն առնել չի ստացվում, կարո՞ղ ա գոնե Ռուբեն Մելիքյանի հարցերը ներքին կարգով լուծենք», «Կոյուղաջուր goes to Ղարաբաղի ոստիկանապետություն»։
Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունից ակցիայի մասնակիցներին ընդառաջ ոչ ոք դուրս չի եկել։ Պատուհանից տեսանելի ձեռքն էր միայն սմարթֆոնով նկարահանում ակցիան։ Պարիսպների մոտ կանգնած քաղաքացիական հագուստով անձինք նույնպես նկարահանում էին ակցիայի մասնակիցներին։ Նրանք ակցիայի ավարտից րոպեներ անց հավաքել են ճաղավանդակներին փակցած պաստառները։