Աշխարհի քաղաքացի Ասյան, Արցախի կարգավիճակը և Հայաստանի քաղաքացիների կարգավիճակը Արցախում
Ազգություններ չճանաչող ու ստանդարտներից դուրս Ասյա Խաչատրյանն, իր կամքից անկախ, 30 տարվա Սուտը հանել է ջրի երես:
Խորհրդանշական է, որ ողջ իրավական կեղծ կծիկը պայմանականություններից վեր գտնվող կապույտ մազերով աղջիկն է բացահայտել:
Ցանկացած հասարակություն ձևավորվում է ինչ-որ պայմանավորվածության ու դրանից բխող իրավական հարաբերությունների հիման վրա:
Արցախի հարցի հիմքում դրվել է մի Մեծ Սուտ. Սովետական Հայաստանի պառլամենտը Ղարաբաղը ճանաչել է Հայաստանի մաս, նույնը արել է Ղարաբաղի ինքնավար մարզի լեգիտիմ օրենսդիր մարմինը և Արցախի ժողովուրդը, ստանալով Հայաստանի քաղաքացիություն, ընտրել է Հայաստանի պառլամենտի իր պատգամավորներին: Այստեղ ամեն ինչ պարզ էր, և այս պարագայում Հայաստանի զինվորները օրինական կերպով կծառայեին Ստեփանակերտում, իսկ Ասյան երբ ու որտեղ ուզեր կծխեր ու պաշտպանված կլիներ օրենքով:
Աշխարհն էլ Սովետական Միության փլուզումից հետո, ուզած-չուզած, պետք է լուծում գտներ ու ստիպված էր ճանաչել Հայաստանի անկախությունը` Արցախն էլ մեջը, իսկ եթե չճանաչեր, ապա Սովետական Միության փլուզումն էլ չպետք է ճանաչեր, դա արդեն իր պրոբլեմն էր:
Ասյայի արցախյան արկածները սկսվել են Հայաստանում, երբ առանց միացման որոշումը օրինական կերպով բեկանելու, անօրինական կերպով Հայաստանի պառլամենտն առանց Արցախի անկախացավ ու միջազգային հարթակներում Արցախը պաշտոնապես ճանաչվեց Ադրբեջանի մաս: Այդ որոշման փաստաթղթերը կան, և դա առանձին քննարկման թեմա է: Հայաստանի քաղաքական մտքի բոզությունը (բարոյական օրենքներից զրկությունը) հենց այդտեղից է սկսվել:
Արդյունքում ունենք Հայաստանից մերժված Արցախ (ու պատանդ արցախցիներ), որը Հայաստանի համար պատուհաս ու իրավական առումով սև խոռոչ է դարձել, որին օգտագործում են անօրինական «ընտրությունների» ժամանակ որպես գաղափարական ու ֆիզիկական առումներով մահակ` Հայաստանի գլխին:
Հայաստանի Հանրապետության ծնունդն ապօրինի է եղել` խաբել են ժողովրդին և, ինչպես ցանկացած բաստարդի, ծննդյան գաղտնիքը միշտ հետապնդելու է իրեն:
Ասյան այդ Մեծ Ստին է կպել ու դեմ դիմաց հայտնվել օրենքից դուրս Արցախի, Արցախում օրենքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների կարգավիճակի հետ:
Իր սիգարետը, մազերի գույնը Ստեփանակերտի ոստիկաններին զգոնությունից զրկել ու սադրել է նրանց բնազդներին և այդ Մեծ Ստի բացահայտման դրդիչի դեր կատարել:
Ստեփան Դանիելյան
աղբյուր՝ Ֆեյսբուքի էջ