Home / Ազգային ժողով / Հայաստանի քաղաքական մտքի մանկամտությունը

Հայաստանի քաղաքական մտքի մանկամտությունը

1920-ական թվականներին, երբ բոլշևիկները քեմալականների հետ բանակցում էին Հարավային Կովկասի նոր սահմանների շուրջ, հիմնական բանակցողներից մեկը` Օրջոնիկիձեն, իր նամակներից մեկում նշել էր, որ հայերը չունեն ստրատեգիական մտածողություն: Խոսքը նոր սահմանների շուրջ ընթացող բանակցություններում հայերի հնարավոր դիրքորոշման մասին էր:

Ստրատեգիական մտածողության մասին տարբեր տեսություններում ամենաշատ օգտագործվող ցիտատը կանադացի հոքեյիստ Ուեյն Գրետցկու խոսքերն են. «Ես սլանում  եմ այնտեղ, որտեղ մի ակնթարթ հետո կլինի տափօղակը, այլ ոչ թե այնտեղ, որտեղ այն գտնվում է տվյալ պահին»:

Եթե հետևենք այսօրվա հայկական մամուլին ու սոցիալական ցանցերին, ապա հին բոլշևիկի տեսակետը կարծես թե դեռ ակտուալ է:

2017 թվականի քաղաքական կյանքի հիմնական խնդիրը Հայաստանի քաղաքական ու հանրային դերակատարների մտածողությունն է, որը չի կարողանում ձևակերպել հանրության կողմից ընկալելի օրակարգ: Քաղաքական օրակարգը պետք է համապատասխանի իրականությանը` հիմնված օբյեկտիվ գնահատականների վրա, և առաջ քաշի իրական փոփոխությունների հասնելու «ճանապարհային քարտեզ»:

Որո՞նք են այսօրվա հանրային կյանքի հիմնական խնդիրները և որքանո՞վ են այսօրվա քաղաքական դերակատարների առաջարկները համահունչ իրական խնդիրներին:

Երկրորդ հարցադրման պատասխանը կարող ենք գտնել «Կովկասյան բարոմետր» կազմակերպության 2017-ի վերջին հրապարակված վիճակագրական հարցախույզի արդյունքներում: Մասնավորապես, ըստ հարցախույզի, հանրության կողմից ամենաանվստահելի ինստիտուտը կուսակցություններն են` ընդդիմադիր, թե իշխող: Կուսակցություններին բացարձակապես չեն վստահում հարցման մասնակիցների 37%, ավելի շուտ չեն վստահում` 26% , լիովին վստահում են` 4%, մասամբ` 7 %:

Հաշվի առնելով այն, որ սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման մոդելն է գործելու (2018-ի ապրիլից) և այլևս նախագահական ընտրություններ չեն լինելու, կարող ենք եզրակացնել, որ ըստ սահմանադրության իշխանության հավակնող միակ կառույցների` կուսակացությունների հանդեպ կա խորքային հանրային անվստահություն, ինչից հետևում է, որ առհասարակ անվստահություն կա պետության և Հայաստանի ապագայի հանդեպ:

2017-ի հիմնական խնդիրները պայմանավորված էին 2016-ի իրադարձություններով` ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռերի» գործողություններ, ինչպես նաև ավանդական արտագաղթ, տնտեսական ճգնաժամ ու սոցիալական խնդիրներ: Իսկ հիմնական գերխնդիրները մնում են նույնը` ընտրությունների լեգիտիմություն, տնտեսության ու իշխանության սերտաճում, հանրության կողմից խոշոր սեփականատերերի ունեցվածքի անօրինական լինելու մասին հանրային ընկալում:

Ըստ տրամաբանության՝ քաղաքական կյանքի հիմնական դիսկուրսը պետք է կառուցվեր այդ խնդիրների վրա, սակայն եթե հետևենք իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ծրագրերին, հրապարակային հռետորաբանությանը, խորհրդարանական ելույթներին, ապա կտեսնենք, որ այդ թեզերը բացակայում են:

Խորհրդարանի համակարգային ընդդիմության հիմնական օրակարգային թեմաներն են.

փողոցների անվանափոխությունները,

ԵԱՏՄ-ից դուրս գալու անպտուղ օրենսդրական առաջարկությունը,

պետական պաշտոնների համար ֆորմալ թեկնածությունների առաջադրումը, որոնցով լեգիտիմացվում է գործող համակարգը,

անձնավորված անպտուղ բոցաշունչ քննադատությունները:

Արտախորհրդարանական ընդդիմության հիմնական օրակարգը Ռուսաստանի և Պուտինի ռեժիմի դեմ պայքարն է, որը ոչ թե մերժում, այլ հաստատում է Հայաստանի գաղութացված լինելը: «Գաղութացված» լինելը, առաջին հերթին, հոգեբանական վիճակ է: Պայքարել ոչ թե սեփական երկրում փոփոխություններիւ համար, այլ այդ փոփոխությունների միակ հնարավորությունը տեսնել Ռուսաստանում իշխանափոխություն կազմակերպելու մեջ, հոգեբանական ինքնագաղութացման մեջ է դնում հանրությանը` ցանկացած լուծում, որը քո հնարավորություններից դուրս է, տանում է փակուղի:

Դրսում լուծումներ որոնելու օրինակներից է նաև ԵՄ-ի հետ կնքված համապարփակ համաձայնագրի շուրջ առաջացած ոգևորությունը:

«ԵՄ-ն կստիպի պայքարել կոռուպցիայի դեմ» ռոմանտիկ սպասումները հանրային մտածողության մանկամտության դրսևորումներից են:

«Միայն Արևմուտքի օգնությամբ է հնարավոր փոփոխությունների հասնել» կարգախոսը փակուղի է քաղաքական կյանքի համար:

Ինֆանտիլիզմը, կամ մանկամտությունը կենցաղի և կյանքի տարբեր ոլորտներում ունեցած պարզունակ մոտեցումներ են, որի հետևանքով անհնարին է լինում ընդունել ռացիոնալ որոշումներ: Քաղաքական մանկամտությունն այն է, երբ քաղաքական կառույցներն ի վիճակի չեն կատարել այն գործառույթները, որոնք նրանցից սպասում է հասարակությունը:

2017 թվականը կարելի է համարել ոչ միայն կառավարման մոդելի փոփոխության տարի, այլև հետխորհրդային շրջանից հետո ձևավորված քաղաքական համակարգի ավարտը: Հին կարգախոսները` «իշխանափոխություն», «ամոթ-ամոթ», «մենք ենք տերը մեր երկրի» արդեն կորցրել են իրենց մոգական ազդեցությունը: Իշխանության համար պայքարն այլևս ընթանում է ոչ թե «փողոցի» և «պալատի» միջև, այլև տեղափոխվում է «ներպալատային» ինտրիգների դաշտը, իսկ պայքարի հիմնական թիրախը երկրի ռեսուրսներն են, մենաշնորհներն ու սեփականության վերաբաշխումը։

«Փողոցը» ներկայացված չէ խորհրդարանում, թեկուզ խորհրդանշական կերպով: Ավելին, «փողոցը» քաղաքականապես կազմակերպված չէ, չունի օրակարգ և ընդունված առաջնորդներ: Առհասարակ «փողոցում» լինելն այլևս պատվաբեր չէ, առավել ևս, որ հին կարգախոսները վարկաբեկվել են, իսկ փողոցի համար ընդունելի «ձախ» հայացքներ քաղաքական դաշտում գոյություն չունեն:

Սակայն «պալատում» ընթացող պայքարի լարվածության դեպքում կողմերը փորձելու են դիմել հանրությանը, որը պատրաստ չէ իր օրակարգով ազդել իրավիճակի վրա:

Ստեփան Դանիելյան