Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունն իրենով է արել երկրի բոլոր քաղաքական հարթակներն ու չունի լուրջ ընդդիմություն, ինչի արդյունքում հակասությունները տեղափոխվում են իշխող համակարգ։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին խոսել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով կառավարությունում ու մի շարք պետական կառույցներում վերջերս տեղի ունեցող վերափոխումները։
«Փորձ է արվում օլիգարխիան անջատել քաղաքականությունից։ Օլիգարխիան նախկինի պես շարունակելու է բիզնեսում իշխանությունը կիսել միմյանց միջև, բայց քաղաքականության մեջ հաղթում է այն ուղղությունը, որը ես կանվանեի բյուրոկրատական կամ չինովնիկական․ այսինքն՝ մարդիկ, ում Սերժ Սարգսյանն է բերում քաղաքականություն, ամենայն հավանականությամբ, չինովնիկական ուղղվածություն ունեն»,֊ ասել է Իսկանդարյանը։
Գործընթացը, ըստ քաղաքագետի, տեղի է ունենում հենց այս պահին, քանի որ նախագահի ձեռքերն այլևս կապված չեն. բոլոր ընտրություններն անցյալում են, հանրապետականներն «ինչ կա֊չկա իրենցով են արել», կատարվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, ինչի հետևանքով իշխանությունն ավելի անդեմ կլինի։
Իսկանդարյանը նշել է նաև, որ երկրում աճում է բյուջեն՝ ՀՆԱ֊ի աճի բացակայության պարագայում․ «Դա նշանակում է՝ գումարները դուրս են գալիս ստվերից։ 90֊ականներին [ստվերը] կազմում էր 70%, 80-ականներին՝ շուրջ 50%, իսկ այսօր ստվերային տնտեսությունը կազմում է 34%: Որոշ առավելություններ, որոնք գոյություն ունեին ստվերի գոտում ու հիմնված էին պայմանավորվածությունների վրա, ձեռք են բերում պաշտոնական բնույթ․ դրանք գրվում են թղթի վրա»։
Քաղաքագետն այս համատեքստում ընդգծել է մշակվող գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ու առևտրի որոշ տեսակների համար, ինչպես նաև՝ որոշ հեռահաղորդակցության ընկերությունների տրամադրվող առավելությունները։
«Կան միմյանց միջև մրցակցող մի քանի խմբեր։ Գործարարների խմբի շահերը հակասում են չինովնիկների խմբին, քանի որ իշխանական կարկանդակի բաժանումը տեղի է ունենում քաղաքականությունում։ Ամբողջ գործընթացը փորձ է անել այնպես, որպեսզի իշխանության փոխանցմանը Հանրապետական կուսակցությունը գա որպես միասնական օրգանիզմ, և փոխանցումը տեղի ունենա այն ձևերով, որոնք, ըստ երևույթին, փորձում է հաստատել նախագահը»,֊ պարզաբանել է Իսկանդարյանը։