Զոհված զինվորին եկեղեցում հուղարկավորյան արգելքի, իսկ հետագայում դրա թույլտվության հետ կապված տարբեր տեսակետներ հնչեցին: Իմ կարծիքով, սկզբունքային հարցադրումներ չարվեցին:
Հիմա ըստ էության: Եթե Հայ եկեղեցին իրեն հայտարարեր սովորական կրոնական համայնք, ապա Աջապահյանի որոշումը հնարավոր կլիներ համարել տրամաբանական. արարողությունների ծառայություն մատուցվում են միայն եկեղեցու հետևորդներին: Հետևորդը նա է, ով կնքվել է կոնկրետ այդ եկեղեցում:
Սակայն Հայ եկեղեցին իրեն չի դիրքավորվում որպես սովորական կրոնական համայնք, այլ իրեն հայտարարում է «ազգային եկեղեցի» և փորձում է ներկայանալ որպես «պետական եկեղեցի» ու պետությունից ստանալ հատուկ արտոնություններ, առանց հիմնավորելու, կամ սահմանելու, թե ինչ է հասկանում «ազգային եկեղեցի» ասելով: Որն է դրա դավանաբանական և աստվածաբանական հիմնավորումները ու ստանալով արտոնություններ, ինքն ինչ պարտավորություններ ունի «հայ ժողովրդի» առջև, անկախ կրոնական պատկանելությունից ու ինչ պարտավորություններ ունի «հայ ժողովրդի» չմկրտված անհատների առջև, հաշվի առնելով այն, որ եկեղեցին շեշադրումը դնում է էթնիկ, այլ ոչ թե կրոնական պատկանելության վրա:
Ավելին, ՀՀ սահմանադրության մեջ իր առաջարկով ներառվել է հետևյալ սահմանումը. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:
Այստեղից առաջանում են հարցեր: Ի՞նչ ենք հասկանում ասելով «հայ ժողովուրդ» և ի՞նչ կապ ունի այստեղ եկեղեցին: Արդյո՞ք «հայ ժողովուրդը» միայն Հայ եկեղեցու հետևորդներն են (միլեթի), թե՞ ամեն ինչ ավելի խճճված է: Եթե ոչ, ապա ի՞նչ «հատուկ առաքելության» մասին է խոսքը և եկեղեցին ի՞նչ գործ ունի այլ հայացքներ ու դավանաբանություն ունեցող անձանց հետ:
Եթե եկեղեցին հատուկ առաքելություն ունի էթնիկ հայերի կյանքում, առանց նրանց համոզմունքները հաշվի առնելու, ապա ո՞րն է այդ առաքելությունը և ի՞նչ դավանաբանական ու աստվածաբանական հիմնավորումների վրա է հիմնված այդ հավակնությունը, և ի՞նչ պարտավորություններ ունի:
Այստեղից է արդեն առաջանում զոհված զինվորի ըստ եկեղեցական արարողակարգի թաղման ծիսակարգի հարցը: Եթե եկեղեցին «ազգային» է, ապա ենթադրվում է, որ նրա պարտավորությունները դուրս են գալիս կրոնական համայնքի շրջանակներից՝ այստեղից բխող հետևանքներով:
Հույս ունենանք, որ եկեղեցին այս հարցերի պատասխանը կտա:
Ստեփան Դանիելյան
սկզբնաղբյուր՝ հեղինակի ֆեյսբուքյան էջ