Տարիներ առաջ եկեղեցիներում կարելի էր 5 դրամով մոմ գնել։ Վերջին 10 տարում Հայաստանում մոմի գինը 5-10֊ից աճել է մինչև 60 դրամ։ Այս թեմային անդրադառնալով՝ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը գրում է, որ պատճառը մոմի շուկայում Մայր Աթոռի մենաշնորհն է և մոմի վաճառքից եկամուտ ստանալու ցանկությունը։
«Մոմավաճառությունը Հայ առաքելական եկեղեցու եկամուտների աղբյուրներից մեկն է։ Մոմն արտադրվում է Մայր Աթոռը Գայանե վանքի մոտ գտնվող ձուլարանում, ապա ցրվում ողջ Հայաստանով մեկ։ Հավատացյալները սրբորեն հավատում են, որ եկեղեցու արտադրած մոմն ավելի լավն է, քանի որ «աղոթած» է, այսինքն՝ օրհնված։ Սա բիզնես֊առավելություն է տալիս Սուրբ Էջմիածնի եկեղեցիների մոտ մոմ վաճառող մրցակիցների՝ պապիկ֊տատիկների հանդեպ։ Դժվար է հաշվել, թե որ եկեղեցում տարեկան քանի մոմ է վաճառվում։ Մայր Աթոռը ոչ հրապարակային հաշվետվություններ է ներկայացնում, ոչ էլ կտրոն է տալիս վաճառված մոմերի համար ու հարկ վճարում։ Սակայն մոմի շուկայի դինամիկան միանգամայն հաշվելի է»,֊ գրում է թերթը։
Մոմերի թանկացման մասին Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը չի խոսել թերթի հետ։
«Նա մեզ պատասխանեց, որ մեքենայի ղեկին է, հետո կզանգահարի, և խաբեց, ինչը Գարեգին Բ֊ի խոսնակի դեպքում զարմանալի չէ։ Մեզ «փրկեց» «Գուգլ» որոնողական համակարգը, որտեղ գտանք Էջմիածնի պաշտոնական դիրքորոշումը․ «Մոմավառությունը բարեպաշտական սովորություն է։ Այն յուրաքանչյուր հայորդու նվիրատվությունն է եկեղեցուն։ Հարկ է նշել, որ մոմավառությունը, իր խորհրդաբանական կողմից բացի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի համար եկամտի աղբյուր է։ Ուստիև մոմի գնի թանկացումը չի բխում միայն տնտեսագիտական հաշվարկներից։ Մոմավառությունից գոյացած գումարով է, որ եկեղեցին հոգում է իր վարչական ծախսերը, իրականացնում տարբեր սոցիալական ծրագրեր, կազմակերպում եկեղեցիների պահպանությունը»»։
Ըստ թերթի՝ եկեղեցին ինչ գին ուզում դնում է մոմի վրա՝ ելնելով իր կարիքներից։ Հեղինակը հիշեցնում է, որ «մեր սրբազանները» առիթներ են ունեցել բողոքելու, որ մոմի վաճառքը պակասել է՝ արտագաղթի պատճառով։
«Անցյալ տարի աշխարհիկ իշխանության ներկայայցուցչի՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է խոսել արտագաղթի և գյուղերում տիրող սոցիալական վիճակի մասին, իսկ թեմի հաշվապահն այդ հանդիպման ժամանակ խոսել է բնակիչների անվճարունակության, մոմի վաճառքի նվազման, և արտերկրից եկող տրանսֆերտների պակասի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մասին, նշել, որ դա ազդել է թեմի բնականոն կենսագործունեության վրա»,֊ գրում է թերթը։
Ամբողջական հոդվածը` «Հրապարակի» այսօրվա համարում