Home / Հայաստան / Ստեփանակերտում ծեծի են ենթարկել պատգամավոր Հայկ Խանումյանին․ civilnet.am

Ստեփանակերտում ծեծի են ենթարկել պատգամավոր Հայկ Խանումյանին․ civilnet.am

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելով տարել են Ստեփանակերտի կենտրոնից, հաղորդում է civilnet.am լրագրող Դերենիկ Մալխասյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ առավոտյան «Արմենիա» հյուրանոցի սրճարանում ինքը պայմանավորված է եղել հանդիպել Հայկ Խանումյանի հետ՝ հարցազրույցի համար: Երբ Խանումյանը մոտեցել է, զինվորական համազգեստով մի քանի հոգի նրան խփելով նստեցրել են ավտոմեքենա և տարել: Դերենիկ Մալխասյանը փորձել է հեռախոսով նկարել՝ ինչ է կատարվում, նրա հեռախոսը առգրավել են:

«Ազգային վերածնունդ» կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Խանումյանին ծեծված վիճակում տաքսիով բերել են իրենց տան մոտ:

Ներկայում նա Ստեփանակերտի հիվանդանոցում է: Խանումյանի կինը` Դիանա Մովսիսյանը, փոխանցել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ. վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։

Հայկ Խանումյանը հանդես է գալիս ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու նախաձեռնությամբ: Սամվել Բաբայանը Լեռնային Ղարաբաղ է վերադարձել երեկ։