Օրեր առաջ Կառավարության շենքի դիմաց ցույց էին անում իրենց որդիներին խաղաղ պայմաններում կորցրած ծնողները և իրավապաշտպանները։ Նրանց կողմից ստեղծված «Զինվորին թիկունք» նախաձեռնությունը հանդիպում էր պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների/ինքնասպանությունների վերաբերյալ նրանց հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու նպատակով։
Ի պատասխան ակցիայի ընթացքում արված Հայտարարության, վարչապետի աշխատակազմը գրավոր նամակ է ուղղել ակցիայի մասնակիցներին, թե փետրվարի 17-ին ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվող օրակարգային հարցերի շրջանակները ներառել են նաև բողոքի ակցիայի մասնակիցների կողմից բարձրացված խնդիրները, ինչի կապակցությամբ վարչապետի կողմից տրվել են խիստ կազմակերպչական հանձնարարականներ, որին հետևում են ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ համապատասխան մարմիններում։
Նախաձեռնությունը արձագանքել է ստացված գրությանը․
«Արձանագրում ենք,
- որ մեր պահանջների վերաբերյալ պատշաճ արձագանք դեռևս չկա, սակայն կան որոշակի նախադրյալներ ներկայացված պահանջների լուծման հարցում,
- որ գործող իշխանությունները կատարել են քայլեր, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակը շտկելուն։
Փաստում ենք,
- որ ՀՀ Վարչապետի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի բացահայտման կապակցությամբ տրված հանձնարարականները ի կատար չեն ածվել պատկան մարմինների կողմից,
- որ անձամբ ՀՀ Վարչապետը հայտարարել է համակարգի դիմադրության մասին։
Հայտարարում ենք,
- որ պատրաստ ենք աջակցել իշխանություններին՝ կոտրելու համակարգի դիմադրությունը,
- պատրաստակամ ենք աջակցել բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի բացահայտման գործում։
Ելնելով վերոգրյալից, հաստատակամ ենք, որ հանդիպման վերաբերյալ մեր պահանջը մնում է օրակարգում։ Պահանջում ենք 27.02.2020 թ Կառավարության նիստից անմիջապես հետո ՀՀ Վարչապետի և ուժային/ իրավապահ կառույցների ղեկավարների հետ հանդիպում։»