Home / Հայաստան / Փաշինյանը` զոհված զինվորների ծնողներին․ Եթե ձեզ մոտ 0.1 տոկոս կասկած կա, ավելի լավ է չսկսենք

Փաշինյանը` զոհված զինվորների ծնողներին․ Եթե ձեզ մոտ 0.1 տոկոս կասկած կա, ավելի լավ է չսկսենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնք տարիներ շարունակ պայքարում են իրենց երեխաների մահվան հանգամանքները բացահայտելու համար։ Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մարտին։ Գրեթե ամեն շաբաթ կառավարության մոտ բողոքի ցույց անող ծնողներին վարչապետը խնդրի լուծման մի քանի տարբերակ էր առաջարկել՝ արձանագրելով, որ հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցած առաջին հանդիպումը արդյունք չի տվել։ Այն ժամանակ, հիշեցնենք, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ հանձնարարություն պետք է տրվեր իրավապահ մարմիններին՝ վերանայել զինվորների մահվան գործերը։

Վարչապետի առաջարկված բոլոր տարբերակները, որոնք կապված էին իրավապահ մարմինների հետ, ծնողները այս անգամ մերժել են․ նրանք վստահ են, որ տարիներ շարունակ քրեական գործերը կոծկած, ապացույցները վերացրած և խեղաթյուրած քննիչները ի զորու չեն վերանայել դրանք և արդար քննություն կատարել՝ անձնական շահագրգռվածության և նախկինում գործած հանցագործությունների պատճառով։ Ծնողները վստահ են, որ դրանով է, նախևառաջ, պայմանավորված վարչապետի նախորդ հանձնարարության անարդյունավետությունը և դրանով է պայմանավորված լինելու նաև հետագա վերանայումների ձևականությունը։

Վստահելով միայն վարչապետին՝ նրանք ակնկալում էին Փաշինյանի անձնական ներգրավվածությունը գործերի վերանայման գործընթացում։ Մարտին տեղի ունեցած հանդիպման ընթացքում միջանկյալ պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որն այլընտրանքային քննչական խմբի ձևավորում էր նախատեսում։ Փաշինյանն առաջարկել էր ստեղծել աշխատանքային երկու խումբ․ 3 իրավաբան ծնողների կողմից (իրավաբաններին ընտրում են ծնողները, նրանց վարձատրության հոգսը, ինչպես նշել էր Փաշինյանը, պետությունը պատրաստ է վերցնել իր վրա) և 3 իրավաբան վարչապետի կողմից։ Խմբերը հատ-հատ՝ պայմանական, այբբենական կամ ծնողների առաջարկած ցանկացած այլ հերթականությամբ, կուսումնասիրեն քրեական գործերի նյութերը։ Ուսումնասիրության արդյունքում կազմված զեկույցները կփոխանցվեն անձամբ վարչապետին, որն էլ դրանց հիման վրա կեզրակացնի՝ ինչ է տեղի ունեցել իրականում (սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար) կամ, եթե գործն այլևս հնարավոր չէ բացահայտել, կարձանագրի այդ անհնարինության պատճառները։ Եթե պարզվի, որ ապացույցներն իսկապես վերացվել են կամ նախաքննական գործողությունները այնպես են արվել, որ հնարավոր չլինի բացահայտել ճշմարտությունը, մեղավորների նկատմամբ իրավական գործընթաց կհարուցվի։

Վարչապետի այս առաջարկն ուներ նախապայման՝ անկախ վերջնական եզրակացության բովանդակությունից, ծնողները պետք է ընդունեն այն։ Եթե առաջին գործերի քննությունից հետո կրկին անհամաձայնություն կամ անվստահություն ձևավորվի, գործընթացը, նշել էր վարչապետը, կկասեցվի, համատեղ կփորձեն գտնել այլ՝ ավելի վստահելի և նախընտրելի լուծման տարբերակ։ Ծնողները համաձայնել էին։ Հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենար փակ ձևաչափով՝ արդեն առանց ուղիղ հեռարձակման և լրագրողների։ Համավարակի պատճառով այն հետաձգվել էր և տեղի ունեցավ այսօր։

Հանդիպման ավարտից հետո վարչապետի աշխատակազմը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը վերահրապարակում ենք՝ առանց կրճատումների․

— Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ:

«Հարգելի սգակիր ծնողներ, հարգելի գործընկերներ, մեր պայմանավորված հանդիպումը մոտ 2 ամիս ուշ է տեղի ունենում: Պատճառն այն է, որ մենք հույս ունեինք, որ համավարակը հաղթահարած կլինենք, այսինքն՝ չէինք ուզում, որ համավարակի պայմաններում հանդիպումը տեղի ունենա: Բայց քանի որ համավարակը ձգվում է, և հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ որոշեցինք, որ, այնուամենայնիվ, չսպասենք համավարակի հաղթահարմանը և սկսենք մեր պայմանավորված աշխատանքը:

Ես տեղյակ եմ, որ այս ընթացքում աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առել, որովհետև պայմանավորվել էինք, որ վստահելի խումբ պետք է ձևավորենք, որը, ըստ էության, պետք է տա այն հարցերի պատասխանը, որ հուզում է ոչ միայն ձեզ, այլև մեզ բոլորիս, մեր հանրությանը: Եվ պայմանավորվել ենք նաև, որ սա շատ կարևոր առանձնահատկություն է, որ մենք պետք է այնպես սկսենք պրոցեսը, որ արդյունքում ինչ պատասխան էլ ստացվի, բոլորս ի գիտություն ընդունենք այդ պատասխանը և առաջնորդվենք այդ պատասխանով: Դրա համար մեր պայմանավորվածությունն է, որ դուք պետք է ներկայացնեք ձեզ համար վստահելի փաստաբանական խումբ, իմ կողմից նույնպես պետք է ներկայացված լինեն, և այդ հարցերի պատասխանը պետք է ստանանք:

Որպեսզի մենք տեղապտույտի վիճակում չհայտնվենք, այս աշխատանքային խմբի համար շատ կարևոր է, որ մենք աշխատանքային խմբին մի պահ հնարավորություն տանք, որպեսզի նրանք կտրված գործեն մեր ունեցած կարծիքներից, համոզմունքներից, մեր մտածածից և ցանկությունից: Օրինակ, մեր հնարավոր ամենամեծ ռիսկերից մեկը ո՞րն է՝ եթե ինձ ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրենք պետք է նախաքննության վարկածը պաշտպանեն մինչև վերջ՝ անկախ փաստերից, և ծնողներին ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրենք, անկախ փաստերից, պետք է ծնողների առաջ քաշած վարկածը պաշտպանեն: Այսպես մենք խնդիրը ոչ միայն չենք լուծի, այլև կխորացնենք: Արդյունքում կստացվի, որ մենք այսքան աշխատեցինք ու արդյունքի չհասանք:

Ես հույս ունեմ, որ ձեր մեջ կա անբեկանելի համոզմունք, որ ինձ համար ճշմարտությունից ավելի բարձր արժեք այս իրավիճակում գոյություն չունի: Ես կրկին եմ ասում՝ եթե ձեզ մոտ թեկուզ 0.1 տոկոս կասկած կա սրա հետ կապված, ավելի լավ է մենք այս պրոցեսը չսկսենք: Չեմ ասում 5, 6, 7, 1, եթե ձեր մեջ նույնիսկ 0.1 տոկոս կասկած կա, որ այս պրոցեսում, ճշմարտությունից բացի, անձամբ ես ուրիշ շահ ունեմ, ուրեմն իմաստ չունի այս պրոցեսը սկսել: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշմարտություն, ես չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը, ճշմարտությունը, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է այսպես տրամադրվի», – ասել է վարչապետը:

Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը ներկայացրել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքը: Հեռավար քննարկումների շրջանակում մշակվել է խմբի գործունեության աշխատակարգը:

Ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կունենա զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացնի վարչապետին: Ընթացքի մեջ են խմբի կազմում իրավաբանների ներգրավման աշխատանքները, փոխհամաձայնեցվել է քրեական գործերի ուսումնասիրության հերթականությունը:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկները խմբի գործունեության սկզբունքների վերաբերյալ: Ծնողների առաջարկությամբ՝ որոշվել է խմբի կազմում որպես իրավաբան ընդգրկել զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանին: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային կարգով քննարկումները: