Home / Հայաստան / Վարչապետի հետ հանդիպումից հետո զոհված զինվորների ծնողները սպասում են փոփոխությունների

Վարչապետի հետ հանդիպումից հետո զոհված զինվորների ծնողները սպասում են փոփոխությունների

Տարբեր տարիներին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները գալիք 2 շաբաթվա ընթացքում բողոքի ակցիա չեն անի Կառավարության դիմաց՝ սպասելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Հուլիսի 2-ին նրանք հանդիպել են վարչապետին, որը խոստացել է պատկան մարմիններին հանձնարարություն տալ, որ մահվան գործով քրեական գործերը վերանայվեն։

Տարիներ շարունակ ծնողները պնդում են, որ իրենց որդիները սպանվել են։ Հանդիպման մասնակից, 2010 թվականին մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ինչքան էլ նախորդ իշխանությունների օրոք փորձած լինեն ոչնչացնել սպանության հետքերը, իրենք ունեն փաստեր և համապատասխան փաստաթղթեր։

«Փաշինյանը մեզ լսեց, չնայած ասաց՝ պետք էլ չի լսեմ, ես ամեն ինչին հետևում եմ, տեղյակ եմ ձեր մտահոգություններին», – պատմել է Ղազարյանը։

Անդրադառնալով հանդիպմանը՝ վարչապետի պաշտոնական կայքում նշվում է, որ ներկայացված բոլոր գործերը Փաշինյանը կպահի ուշադրության կենտրոնում․ «Բնականաբար, մենք և անձամբ ես շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան՝ լուծվեն: Այսինքն, ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով և փորձենք արդյունքներ ունենալ»։

Tekali Taxi