Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի այսօրվի նիստին պետք է քննարկվեր ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների չբացահայտված քրեական գործերի հարցը։ Նիստին ներկա էին զոհված զինվորների ծնողները, որոնք տարիներ շարունակ պայքարում են իրենց երեխաների մահվան հանգամանքները բացահայտելու համար, և որպես «պատասխանող կողմ»՝ Քննչական կոմիտեի, Պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։ Նիստը, ըստ նախատեսվածի, դռնփակ էր․ «պրոտոկոլային» բացման խոսքից հետո նախագահող Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց լրագրողներին՝ հորդորելով սպասել միջանցքում․ «Նիստին կարող են հրապարակվել տեղեկություններ, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում»։
Նիստի մեկնարկից մոտ 40 րոպե անց քննարկումը վերածվեց գոռոցների։ Դահլիճը լքեց 2016 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած Արսեն Մխիթարյանի հայրը։ Արթուր Մխիթարյանը ասաց, որ քննիչները «ձեռ են առնում» ծնողներին և հորդորեց լրագրողներին չվախենալ և մտնել ներս․ «Նկարահանեք՝ ինչ ա կատարվում»։ Պատգամավորները համոզեցին նրան վերադառնալ դահլիճ։ Քիչ անց՝ Կենտրոն հեռուստաալիքի լրագրողի «մեզ կարելի է, մենք հանձնաժողովի հետ պայմանավորվածություն ունենք» պատճառաբանությամբ դահլիճ մտնելուց հետո, դռները բացվեցին նաև մյուսների համար։
Նիստը ընդհատվել էր։ Ծնողները պնդում էին, որ ՔԿ, ՊՆ և ՌՈ ներկայացուցիչները, որոնք, ըստ նրանց, անմիջական մասնակցություն ունեն իրենց երեխաների սպանության դեպքերի խեղաթյուրմանն ու կոծկմանը, հանձնաժողովի նիստին՝ «օգտվելով լրագրողների բացակայությունից», իրենց հարցերին անդրադառնալու փոխարեն կրկնում էին նույն այն վարկածները, որոնք վաղուց հերքվել են, քմծիծաղում, խուսափում առարկայական պատասխաններից։
Լրագրողների դահլիճ մտնելուց հետո ուժայինները հայտնեցին, որ մտադիր են լքել քննարկումը, քանի որ այն էմոցիոնալ է և ոչ կոնստրուկտիվ։ Առաջարկեցին ծնողներին շարունակել խոսակցությունը առանձին֊առանձին։ Ծնողները հրաժարվեցին․ «Բոլորիս երեխաների գործերը նույն ձեռագրով են կեղծվել» և պահանջեցին բաց, հանրային քննարկում, որի ընթացքում իրենք հնարավորություն կունենան ներկայացնելու այն բոլոր ապացույցները, որ ունեն ձեռքի տակ՝ թե սպանությունների, թե քննչական հանցագործությունների մասին։ Ծնողները խնդրեցին իրավապահներին չլքել նիստը։ Վերջիններս, ամեն դեպքում, գնացին․ «Ամեն ինչ կքննարկենք, բայց հետո»։
Մանրամասները՝ տեսանյությում։