Սևազգեստ մայրերն իրենց՝ Բաղրամյան պողոտայով քարշ տվող ոստիկաններին կներեն միայն այն դեպքում, եթե նրանք ՀՀ ոստիկանապետի, Երևանի ոստիկանապետի կնոջը և մորը քարշ տալով մի մայթից մյուսը տեղափոխեն։ Այս մասին «Գոհար Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության» գործով նիստի ավարտից հետո հայտարարել է 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։
2015 թվականի փետրվարի 11-ին ոստիկանները ՀՀ նախագահի նստավայրի դարպասների մոտ խաղաղ ակցիա անող ծնողներին ոտքերից ու ձեռքերից բռնած քարշ տալով տեղափոխել էին դիմացի մայթ: Բռնության հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել էր, ոստիկանների գործողություններից հետո վնասվել էր կնոջ հագուստը, կոշիկները:
Այդ օրը բռնության էի ենթարկվել նաև ակցիայի մասնակից, ոչ մարտական պայմաններում մահացած մյուս զինծառայողների ծնողները․ Սարգսյանի ամուսինը՝ Սուրեն Օհանջանյանը, 2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նույն թվականին մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, 2001 թվականին մահացած Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը և 2013 թվականին մահացած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։
Ի սկզբանե Վարչական դատարան ծնողները խմբային հայց էին ներկայացրել, որը մերժվել էր և վարույթ չէր ընդունվել՝ այն պատճառաբանությամբ, որ անհատական հայցեր պետք է լինեն։ Այդ ժամանակ ոստիկանական բռնությունների դեմ դիմել էր միայն Գոհար Սարգսյանը, սակայն ծնողների խոսքով՝ այս դատական գործի ավարտից հետո բոլորն էլ հայցով մտնելու են դատարան։
Այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից դեպքի վերաբերյալ փաստաթուղթը։ Այդ օրը ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման խմբի անդամները ժամանել էին ակցիայի վայր՝ արձանագրելով տեղի ունեցածը։
Համաձայն ՄԻՊ-ի՝ ոստիկանության ծառայողի կողմից խախտվել են էթիկայի կանոնները, քաղաքացիների նկատմամբ զսպվածություն չի դրսևորվել, եղել է անհարգալից վերաբերմունք։ Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն արձանագրել էր նաև, որ վերը նշված դեպքից առաջ նույն անձինք նպանատիպ ակցիաներ են անցկացրել և դրանք չեն խոչընդոտվել։ Փաստորեն ոստիկանությունը, ըստ ՄԻՊ-ի, դրսևորել է կամայականություն։
Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշել է, որ ոստիկանությանը հավաք արգելելու լիազորություն տրված չէ, ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այն պարունակում է բռնության և ատելության կոչեր։
Ոստիկանության ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը, ինչպես նախորդ դատական նիստերին, այս անգամ էլ կարճ ներկայացրել է ոստիկանության դիրքորոշումը․ ըստ նրա, այդ օրը ոստիկանների կողմից կիրառվել է համաչափ, անհրաժեշտ ֆիզիկական ուժ, իսկ այդ օրվա «փաստական հանգամանքները միատեսական չեն եղել մյուս օրերի փաստական հանգամանքներին»։ Վերջինս նաև լրագրողներից պահանջել է նիստը չտեսանկարահանել «ավելորդ լարվածություն չստեղծելու համար»։ Չնայած դրան, դատարանը որոշում է ընդունել թույլ տալ նկարահանել դատական նիստը, սակայն չնկարահանել ոստիկանության ներկայացուցչին։
Փետրվարի 11-ի իրադարձությունների տեսանյութը․