Firebird-ում թաքուն զոհ կա
Հրազդանում արհեստական բանականության դատակենտրոնի շինհրապարակում մահացել է շինարարներից մեկը։ Ըստ նախնական տվյալների՝ աշխատակիցը ընկել է վերամբարձ կռունկի դիտաշտարակից:
Թեև շինարարը մահացել է շուրջ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին, դեպքի մասին տեղեկությունները մեդիայում հայտնվել են հոկտեմբերի 19-ին: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, որը պետք է հսկի գործարաններում աշխատանքային պայմանները, Epress.am-ին հայտնել են, որ դեպքի մասին իմացել են լրատվամիջոցներից և հարուցել են վարույթ։ Տեսչականից հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն Epress.am-ին ասել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «աշխատանքի անվտանգության ապահովման պահանջները խախտելու» հատկանիշներով (ՔՕ 355-րդ հոդվածի 2-րդ մաս): Գործով մեղադրյալ չկա։
ՔԿ-ն չի հրապարակել մահացած աշխատակցի անունը և թե ինչ պայմանագրով էր նա աշխատում տարածքում։ Ըստ Shamshyan.com-ի, մահացածը Շիրակի մարզի 62-ամյա բնակիչ Աշոտ Ա․-ն է․ նա ոչ թե Firebird-ի աշխատող է եղել, այլ «կապալառու ընկերության»։ Ընկերության անունը չի նշվել։
Վերջերս Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերության շինհրապարակում երեք բանվոր էր զոհվել վերամբարձ կռունկի անկման պատճառով։ Նույն շինհրապարակում ևս մեկ աշխատող էր զոհվել հուլիսին։ Էլիտար թաղամասը կառուցապատող ընկերությունը հայտարարել էր, թե ոչ մի կապ չունի զոհերի հետ, քանի որ շինաշխատանքները կազմակերպում է կապալառու տասնյակ ընկերությունների հետ պայմանագիր կապելով, հետևաբար պատասխանատվություն չի կրում շինարարության մեջ ընդգրկված աշխատողների անվտանգության համար։
Միայն 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի շինհրապարակներում արձանագրվել է 142 պատահար։ 2023-2025 թվականներին աշխատանքային պատահարների թիվն ավելի քան կրկնապատկվել է։
Վերջին 3.5 տարում շինանվտանգության կանոնների խախտման հետևանքով առնվազն 80 մարդ է մահացել։
Նման դեպքերում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցում 355-րդ հոդվածով։ Գործերի մեծ մասը չի էլ հասնում դատարան։
Firebird ընկերությունը «ԱԲ գործարանը» բացել է հունիսին՝ շրջանցելով նույնիսկ անհրաժեշտ թույլտվություններ ստանալու ընթացակարգերը։ Այն չի ներկայացրել բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում և ռիսկերի կառավարման պլան ոչ պետական կառույցներին, ոչ ազդակիր համայնքին՝ Հրազդանին։
Միայն պաշտոնական բացումից հետո, երբ հանրային մտահոգություններ եղան, թե դատակենտրոնը վատ կազդի Հայաստանի ջրային ռեսուրսների վրա, ընկերության տնօրինությունը ստիպված մի քանի հարցազրույց տվեց։ Մասնագիտական հանրությունը ահազանգում էր նաև, որ արհեստական բանականության կենտրոնները շատ էներգիա են խլում և կարող են խաթարել էներգամատակարարումը հարակից բնակավայրերում։ Այդ մասով գնահատում ևս չի արվել, թեպետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս խոստովանել է, որ արհեստական բանականության կենտրոնները կարող են Հայաստանը դարձնել «էներգիայի դեֆիցիտ ունեցող երկիր»:
Firebird-ը խիստ փակ է գործում նաև տեղում՝ Հրազդան և Ջրառատ բնակավայրերում։ Ընկերությունը ցանկապատել է մի քանի հեկտար տարածք, չնայած այդ տարածքի միայն մեկ երրորդի վրա կան կառույցներ։ Այն կարծես անվտանգային օբյեկտ լինի, ոչ թե արդատրական։ Ցանկապատերի մոտ՝ յուրաքանչյուր 500-1000 մետրը մեկ, հսկիչներով դիտակետեր են։ Ցանկապատին փակցված ցուցանակները զգուշացնում են՝ տարածքը տեսալուսանկարելն արգելված է։ Նույն ցանկապատը պատված է տեսանկարահանող սարքերով, որոնք նկարում են անցորդներին։