հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Մահացած զինվորների ծնողներին փողոցով քարշ տալը համաչափ ուժի կիրառում է, վստահ են ոստիկանությունում

Մահացած զինվորների ծնողներին փողոցով քարշ տալը համաչափ ուժի կիրառում է, վստահ են ոստիկանությունում

2015 թվականի փետրվարի 11-ին ոստիկանությունը ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողների նկատմամբ կիրառել է համաչափ, անհրաժեշտ ֆիզիկական ուժ։ Այս մասին այսօր Վարչական դատարանում «Գոհար Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության» գործով նիստի ժամանակ հայտարարել է Ոստիկանության ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը։

Նշված օրը ոստիկանները Նախագահականի նստավայրի դարպասների մոտ խաղաղ ակցիա անող ծնողներին ոտքերից ու ձեռքերից բռնած քարշ տալով տեղափոխել էին դիմացի մայթ: Բռնության հետևանքով Տիգրան Օհանջանյանի մոր ինքնազգացողությունը վատացել էր, ոստիկանների գործողություններից հետո վնասվել է կնոջ հագուստը, կոշիկները:

Ոստիկանության ներկայացուցիչը փորձել է հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ եղել հեռացնել ծնողներին նախագահականի դարպասների մոտից։ Ըստ Վարոսյանի՝ մի քանի ծնողների խաղաղ հավաքը կարող էր «սպառնալ Նախագահական նստավայրի աշխատողների աշխատանքին, բացի դրանից նրանց ձեռքերի պաստառները նույնպես խանգարող հանգամանք են եղել»։ Նշենք, որ պաստառների վրա պատկերված են եղել զոհված զինծառայողները։

Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշել է, որ առհասարակ ոստիկանությունը ոչ մի օրենքով չէր կարող արգելել այդտեղ անցկացնել խաղաղ հավաք․ «Այն, ինչ այսօր ներկայացնում էր ոստիկանության ներկայացուցիչը հիմնավոր չէր։ Իրականում օրենքը չի արգելում, պայման է դրված, որ կարող է արգելվի, եթե խանգարում է տվյալ հիմնարկի բնականոն գործունեությանը։ Բայց այդ արգելքի որոշումը վերապահված է միայն քաղաքապետարանին։ Ոստիկանությունը դրա հետ ընդհանրապես գործ չունի։ Դա ոստիկանության գործառույթը չէ»։

Փաստաբանն անդրադարձել է այն հանգամանքին, որ այդ ակցիայից առաջ ծնողներն ամեն հինգշաբթի նախագահականի դարպասների մոտ իրենց խաղաղ ակցիաներ կարողացել են անցկացնել, և այդ ժամանակ իրենց չեն արգելել դա անել։

«Օրենքն ասում է միանման հանգամանքներում միատեսակ պետք է լինի մոտեցումը։ Հակառակ դեպքում դա դիտվում է որպես կամայականություն», – նշել է փաստաբանը։

Փաստաբանն անդրադարձել է նաև ոստիկանության ներկայացուցչի այն մտքին, որ ոստիկանները ոչ թե արգելել են անցկացնել հավաքը, այլ ուղղակի մի փոքր այն կողմ են տեղափոխել։

«Եթե անձը կոնկրետ մի վայրում է նախատեսում իր հավաքը, դրա նպատակն այն է, որ լսելի լինի այն մարմնին, ում դեմ ուղղված է բողոքը, այլ վայր տեղափոխելը նվազեցնում է լսելի լինելու հանգամանքը», – նշել է փաստաբանը։

Դատարանի և փաստաբանի հարցերին, թե ինչպես է որոշվում այն տարածությունը, որտեղ կարելի է անցկացնել խաղաղ հավաք Վարոսյանը այդպես էլ հստակ չի կարողացել պատասխանել։

«Ինչպե՞ս է ոստիկանությունը որոշել այն ողջամիտ տարածությունը որտեղ կարելի է ակցիաներ անցկացնել։ Ոստիկանությունը մտել է կամայականությունների դաշտ», ֊ հայտարարել է Ռևազյանը։

Դատական նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում փաստաբանը նշել է, որ ծնողների նկատմամբ կոնկրետ խտրական վերաբերմունք է կիրառվել։ Ոստիկանները թույլ են տվել այլ քաղաքացիներին անցնել նախագահականի դարպասների կողքով, սակայն մայրերին արգելել են։

Ռևազյանը նշել է նաև, որ ոստիկանների նման գործողությունների դատապարտումը գուցե հետագայում կբացառի նման երևույթները։ Նա հիշել է, որ այդ դեպքից մի քանի ամիս անց՝ մայիսին, ոստիկանները նույնանման վարք են դրսևորել ծնողների նկատմամբ։

Գոհար Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ ինքը սպասելիք չունի դատական համակարգից։

Դատական նիստը հետաձգվել է մինչև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից դեպքի վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելը։ Այդ օրը ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման խմբի անդամները ժամանել էին ակցիայի վայր՝ արձանագրելով տեղի ունեցածը։

Փետրվարի 11-ի իրադարձությունների տեսանյութը․