2016 և 2018 թվականներին մեկը մյուսի հետևից Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում ինքնասպանություն գործեցին Արմավիրի մարզից զորակոչված երկու ժամկետային զինծառայողներ։
2016 թվականի հուլիսի 3-ին «ինքնասպանություն գործեց» Արսեն Մխիթարյանը, որը, սակայն, հարազատների պնդմամբ, սպանվել է․ զենքի վրա չկան մատնահետքեր, չկա գնդակը, որից մահն է վրա հասել, լուրեր են պտտվում, որ «Արսենին չեն թողել ծառայի», իսկ մահվան մեջ մեղավորները հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
այս գործի մասին մանրամասն՝ այստեղ
2018 թվականի մայիսի 6-ին էլ Լևոն Թորոսյանը «ինքնասպանություն գործեց»։ Ըստ ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ Թորոսյանին սպանել են՝ նախ ուժեղ հարված հասցնելով ամորձիների շրջանում, ինչի մասին վկայում է դատաբժշկական փորձաքննությունը, ապա կրակել են նրա վրա։ Արմունկների շրջանում քերծվածքներ կան, որոնք առաջացել են դին քարշ տալիս։ Ծնողները տեղեկություն ունեն, որ վերադասները «սամավոլկայի համար» որդուն ճնշել են։
գործի մանրամասներն՝ այստեղ
Արթուր Մխիթարյանը որդու դեպքից հետո հատկապես ուշադիր է «Մեհրաբ» զորմասում կատարվող դեպքերի հանդեպ։ Երբ նա ծանոթներից լսել է, որ իրենց մարզից Լևոն Թորոսյան անունով տղա է այնտեղ ծառայում և նրան ճնշում են, սիրտը վկայել է, ասել է․ «Էդ երեխային մի բան կանեն, ասացի՝ ծանոթացրե՛ք ինձ նրա ծնողների հետ, ասացի՝ էդ երեխուն կսպանեն, չեն թողնի ապրի, ես զգում եմ փորձից, ես փորձ ունեմ»։ Ամիսներ անց Մխիթարյանը լսել է Թորոսյանի ինքնասպանության լուրը։ Մխիթարյանն անձամբ գնացել է զինվորի ծնողների տուն և ասել՝ պայքարե՛ք, օգնել է գտնել փաստաբան, փորձագետ։
Ի՞նչ է Մեհրաբ զորամասը․ ինչո՞ւ են ծնողները այն համարում բիզնես-զորամաս, ինչու՞ են նշում, որ այնտեղ իշխում են «բերդի օրենքները․ կան գողեր նրանց էլ ենթարկվում են մնացածը»։ Ինչո՞ւ են տղաներին այնտեղ ճնշում, ինչո՞ւ են ծնողները փող ուղարկում։
Այս մասին Epress.am-ի տաղավարում զրուցել ենք Արսեն Մխիթարյանի հոր՝ Արթուր Մխիթարյանի և Լևոն Թորոսյանի մոր՝ Արմենուհի Պողոսյանի հետ։