հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Սևազգեստ մայրերի գործով ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունն անհետևանք են թողել

Սևազգեստ մայրերի գործով ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունն անհետևանք են թողել

Կառավարության ետնամուտքի դարպասների մոտ փետրվարի 9-ին ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նշանակված ծառայողական քննությունը թողնվել է անհետևանք։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

Մեր այն հարցին, թե ի՞նչ է ենթադրում «անհետևանք թողնել»-ը, արդյոք ծառայողական քննությունն ավարտվել և որոշվել է ոչ մի քայլի չդիմե՞լ, լրատվականի աշխատակիցը պատասխանել է․ «Ուղղակի ստուգել են, թողել են անհետևանք, ծառայողներին մեկ անգամ ևս զգուշացրել են՝ կոնֆլիկտային իրավիճակներում գործել առավելագույնս զուսպ և համարժեք»։

Մեզ հետ զրույցում 2010 թվականին մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, նշել է, որ ինքը գիտեր, որ ոչ մի բան ոստիկանությունում չեն անելու։

«Չէին էլ անի, ո՞ր մեկին է ձեռ տալիս, որ ծառայողական քննություն անեն։ Իսկ Երևանի ոստիկանապետը, որ խոստացել էր միջադեպի տեսանյութի մյուս մասը միասին դիտել, ստախոս է, ինքն իր խոստումները չի կատարում», -ասել է Ղազարյանը։

Վերջինս նշել է, որ այս հարցով դիմելու են ոստիկանապետ Վովա Գասպարյանին։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Կառավարության ետնամուտքի մոտ հավաքված ծնողները ցանկացել էին կանգնեցնել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին տեղափոխող մեքենան և նրա հետ հանդիպում պահանջել: Դարպասներին հարող մայթին կանգնած ծնողներին ոստիկանները փորձել էին հեռացնել տարածքից։ 2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի խոսքով, ոստիկաններից մեկը հրել է, թքել իր վրա և անվանել «բոմժ»: Դրանից հետո մայրերին ցանկացել են բերման ենթարկել: Դեպքի առթիվ Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն: Ծառայողական քննությանը զուգահեռ Երևանի ոստիկանապետն Սարգիս Մարտիրոսյանը ծնողներին հրավիրել էր դիտել տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որը ֆիքսել էր Կառավարության շենքը հսկող տեսախցիկը։ Ծնողները վստահ էին, որ տեսանյութը դիտելուց հետո պարզ կդառնար, որ ոստիկանները թքել են իրենց վրա և վիրավորել։ Սակայն դիտման ընթացքում պարզվել էր, որ տեսանյութը կիսատ է, և, բացի դա, բացակայում է ձայնը։ Ոստիկանապետը խոստացել էր մի քանի օրից նորից հրավիրել և դիտել տեսանյութի շարունակությունը, սակայն այդպես էլ չի հրավիրել։