Ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողները երեկ՝ փետրվարի 10-ի երեկոյան, հանդիպել են Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին և ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանին: Նրանք ծնողներին հրավիրել էին դիտել փետրվարի 9-ին Կառավարության ետնամուտքի մոտ սևազգեստ մայրերի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որը ֆիքսել էր Կառավարության շենքը հսկող տեսախցիկը, և «ընկերական» զրուցել: Վերջում Մարտիրոսյանն ասել է, որ ցանկանում է գրկել որդեկորույս մայրերին: Մոտ երկու ժամ տևած հանդիպմանը ներկա է եղել նաև Epress.am-ի լրագրողը:
Փետրվարի 9-ին Կառավարության ետնամուտքի մոտ հավաքված ծնողները ցանկացել են կանգնեցնել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին տեղափոխող մեքենան և նրա հետ հանդիպում պահանջել: Դարպասներին հարող մայթին կանգնած ծնողներին ոստիկանները փորձել են հեռացնել տարածքից: 2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի խոսքով, ոստիկաններից մեկը հրել է, թքել իր վրա և անվանել «բոմժ»: Դրանից հետո ցանկացել են իրենց բերման ենթարկել: Դեպքի առթիվ Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն:
Ծառայողական քննությանը զուգահեռ Երևանի ոստիկանապետն իր նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպել ծնողների հետ: Մարտիրոսյանին դուր չի եկել զրույցին լրագրողի ներկայության փաստը, քանի որ որդեկորույս մայրերի հետ, իր խոսքով, մտերմական զրույց էր ակնկալում, սակայն ծնողների պնդումներից հետո, նա, այնուամենայնիվ, համաձայնել է:
«Եթե չլինեին զինվորների մայրեր, սա լրիվ ուրիշ բան կստանար, նրանց բերման կենթարկեին, ես, իմանալով՝ ում հետ է կոնֆլիկտը, ասել եմ՝ դադարեցնել», – զրույցի սկզբում վստահեցրել է Մարտիրոսյանը և հավելել, որ ոստիկաններն իրենց մեղավոր են զգում. «…սենց բան չպիտի լիներ, շատ-շատ եմ ցավում»:
Ոստիկանապետի ափսոսանքը հիմնականում վերաբերվել է նրան, որ իրենք սխալվել ու Կառավարության մոտ ծառայության են նշանակել «խամ» ոստիկանի։
«Եթե ձեզ ճանաչեր, տենց բան չէր լինի… Հատկապես ձեր նկատմամբ յուրահատուկ հարգանք կա, մենք մեր ենթականերին միշտ ասում ենք՝ էս կանանց նկատմամբ յուրահատուկ բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերեք», – ասել է Մարտիրոսյանը:
Իր հերթին, Մերուժան Հակոբյանն էլ հավաստիացրել է, որ այսուհետ կկարգադրվի այնպիսի ոստիկանների նշանակել ծառայության, որ ճանաչեն և բարեհամբույր վերաբերվեն ծնողներին: Այնուամենայնիվ, Հակոբյանը խնդրել է սևազգեստ մայրերին ակցիաների ժամանակ ենթարկվել ոստիկանների պահանջներին և չկանգնել ոստիկանների կողմից արգելված տեղերում:
«Մենք կարող ենք հեռացնենք, պախարակենք, խայտառակենք ոստիկանին, ու ցույց տանք հասարակությանը՝ էս ինչ լավն ենք, բայց մենք շոումեն չենք… եթե բռնեմ, ամեն անգամ շոու անեմ, ոստիկան հանեմ, ոստիկանությունում ոստիկան չի մնա, ես էլ չեմ աշխատի. մեկին դիտողություն անեմ, ինձ էլ ռադ կանեն: Դուք էլ մեզ, հարազատ, ընդառաջեք», – Մուրադյանին դիմելով՝ ասել է Հակոբյանը:
Ծնողներից Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը խոսակցության սկզբում համոզված էին, որ Կառավարության շենքի տեսանկարահանող սարքի արձանագրածը կհաստատի իրենց խոսքերն առ այն, որ իրենց վրա թքել են և վիրավորել:
Տեսանյութը դիտելիս՝ պարզվեց, որ այն ամբողջական չէ և բացակայում է ձայնը: Բացի դրանից, Կառավարության ետնամուտքի դարպասներից վերև տեղադրված տեսախցիկը ոստիկաններին թիկունքից է պատկերել, և պարզ չեն երևում նրանց գործողությունները:
Այնուամենայնիվ, տեսանյութում հստակ երևում է, որ Նանա Մուրադյանը կանգնած է եղել ոչ երթևեկելի գոտում՝ դարպասներին հարակից մայթին: Մի քանի ոստիկաններ մոտենում են և, ըստ ամենայնի, պահանջում Մուրադյանին հեռու կանգնել: Հետո որդեկորույս մորն է մոտենում մեկ այլ ոստիկան և սկսում զրուցել նրա հետ:
Նանա Մուրադյանը պնդում է, որ ոստիկանը միանգամից սկսել է իր հետ ագրեսիվ խոսել, վիրավորել և խոսելու ընթացքում «թուք է շպրտել երեսիս»: Միայն դրանից հետո ինքը ոստիկանին ձեռքով հրել է և պահանջել, որ թքելով չխոսի: Թքելու մասին իր դիտողությունից հետո, Մուրադյանի հավաստմամբ, ոստիկանը դիավորյալ ավելի ուժեղ է սկսել թուք շպրտել իր վրա և իր ձեռքերը ոլորելով հրել է:
Ոստիկանության չինովնիկները փորձում էին պարզել՝ ոստիկանը թքե՞լ է կանանց վրա, թե ուղղակի թքելով է խոսել նրանց հետ՝ «քանի որ դրանք տարբեր բաներ են»: Միջադեպի օրը, Մարտիրոսյանի խոսքով, իր սենյակում հարցաքննել է դեպքի վայրում գտնվող ոստիկաններին և նրանք ժխտել են թքելու հանգամանքը: Մարտիրոսյանը հավաստել է, որ իր ենթակաները եթե արած լինեին՝ «պարտադիր, օբյեկտիվորեն կասեին»: Իսկ եթե իրականում թքած լինեին, ապա «ես դրանց վզները տղամարդավարի կկտրեի»:
Երևանի ոստիկանապետը նախ այն կարծիքն է հայտնել, որ գուցե այդ ոստիկանի բերանից շատ թուք է արտադրվել, և դրա համար է թուք թռել Նանա Մուրադյանի վրա: Վերջինս սակայն ժխտել է՝ ասելով, որ եթե անգամ այդպես է եղել, իր դիտողությունից հետո դիտավորյալ «ավելի է թուքը շատացնելով թքել»: Այնուամենայնիվ, Մարտիրոսյանը նշել է, որ ծառայողական քննություն է ընթանում և «ամեն ինչ կպարզվի»:
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները դիտում էին տեսանյութը և մեկնաբանում իրենց ենթակաների պահվածքը. «Նրանք [ոստիկանները] կատարել են իրենց պարտականությունները: Ամեն ինչ սկսում է նրանից, որ դուք իրանց պահանջները չեք կատարել… Նայեք, ասում է՝ անցեք այնտեղ, հանգիստ մոտեցավ, հանգիստ ասում է»: Եվ դիմելով Նանա Մուրադյանին՝ Մարտիրոսյանը շարունակում է․ «Դու հրեցիր իրան առաջինը, դու հրեցիր իրան»: Չնայած նրան, որ Նանա Մուրադյանը պնդում է, որ ինքը այն ժամանակ է հրել ոստիկանին, երբ նա իր վրա թքել է: Մարտիրսյանը շարունակել է՝ «նայե՛ք, նայե՛ք, դու ես, նայի՛՝ խփում ես»:
Մարտիրոսյանն ասել է, որ Նանա Մուրադյանը սխալ է արել, որ չի ենթարկվել ոստիկանի պահանջին, սակայն, այնուամենայնիվ, ծնողները պետք է ֆիքսեն՝ «մեր կողմից շատ հարգված եք»:
Նանա Մուրադյանը պնդել է, որ կանգնած է եղել թույլատրված տեղում, երթևեկությանը բացարձակ չի խանգարել ու ոստիկանների պահանջն անհասկանալի է եղել։ Նա ընդգծել է, որ իրենց ակցիայից հետո ինքը տեսել է, թե ինչպես են մեկ այլ ակցիայի մասնակիցները կանգնել նույն տեղում և ոստիկանները նրանց չեն արգելել։
Զրույցի վերջում Իրինա Ղազարյանը պահանջել է անպայման իրենց ցույց տալ նաև տեսանյութը, որտեղ երևում է, որ ոստիկանը թքել է նաև իր վրա: Մարտիրոսյանը խոստացել է երկուշաբթի օրը ընդունել Ղազարյանին և ցույց տալ տեսանյութը: Բացի դա, սևազգեստ մայրերը նշել են, որ իրենք պահանջում են համակարգից հանել կարգազանց ոստիկաններին։
Նշենք, որ նախկինում ոստիկանները մի քանի անգամ բռնություն են կիրառել սևազգեստ մայրերի նկատմամբ։ Առավել մանրամասն՝
Ոստիկանները հարվածում ու սադրում էին սևազգեստ մայրերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանները բռնություն կիրառեցին զոհված զինվորների ծնողների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)