Այսօր՝ Բանակի օրվա նախօրեին, ՀՀ նախագահի նստավայրի դարպասների մոտ հավաքվել էին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողները։ Մայրերը նշում են, որ Բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր ամեն տարվա նման մեդալներ է հանձնելու տարբեր զինծառայողների։ Ծնողներն ասում են՝ հավաքվել են հիշեցնելու սպանված և իշխանությունների կողմից մոռացության մատնված իրենց որդիների մասին։
«Բանակի օրն է, մենք էլ ունենք տղաներ, ինչո՞ւ բոլոր զինվորներին պետք է հիշեն, իսկ մեր տղաներին՝ ոչ։ Ես էլ եմ ուզում՝ բանակի օրը մեր տղաներին հիշեն, ինչի՞ է ջոկողություն լինում», – ասել է 2010 թվականին Լեռնային Ղարաբաղում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։
Նախագահականի դարպասների մոտ կանգնած ծնողներին ոստիկանները ստիպել են հեռանալ՝ պատճառաբանելով, որ խաթարում են նախագահականի աշխատակիցների բնականոն աշխատանքը։ Այնուամենայնիվ, ծնողներն իրենց որդիների նկարները ձեռքներին՝ մոտ երկու ժամ կանգնած են մնացել Բաղրամյան 26-ի մայթին։
Մահացած զինվորների ծնողներն անդրադարձել են Պաշտպանության նախկին և ներկա նախարարների վերաբերմունքին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած կամ սպանված զինվորների նկատմամբ։
«Սերյան Օհանյանը հիմա ընդդիմադիր է խաղում»,- ասել են ծնողները՝ հիշեցնելով, որ հենց նրա պաշտոնավարման ընթացքում են բանակում զինվորների մահացության շատ դեպքեր եղել, որոնք այդպես էլ չեն բացահայտվել։
Ինչ վերաբերում է ներկայիս ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, ծնողները նշել են, որ ամիսներ առաջ հանդիպելու մասին դիմում են ներկայացրել նրան, սակայն ՊՆ-ից հեռախոսազանգի միջոցով ծնողներին ուղղորդել են դիմել դատախազություն՝ պատճառաբանելով, որ քրեական գործերը ՊՆ-ին չեն վերաբերում։
2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ասել է, որ, չնայած դատախազությունը վերաբացել է իր որդու սպանության գործը, սակայն ինքը իրավապահներից ոչ մի սպասելիք չունի։
«Սա արդեն 2-րդ շրջանն է գնում, որ կասեցումից հանում են գործը։ Միտումը այն է, որ ժամանակ են վատնում, դիտավորյալ տարիներ են պտտեցնում, որ գործը չհասնի ՄԻԵԴ», – ասել է Մուրադյանը։