հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / «Ռազբորկա է եղել»․ տուժող կողմը երկու զինվորների սպանության վարկածին չի հավատում

«Ռազբորկա է եղել»․ տուժող կողմը երկու զինվորների սպանության վարկածին չի հավատում

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայողներ, շարքային Գրիգոր Ավետիսյանը և Սուրեն Արամյանը սպանվել են 2016 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Դեպքի ժամանակ Ավետիսյանն ու Արամյանը գտնվել են Հայաստանի արևելյան սահմանագծի մոտ, պաշտպանական երկրորդ գծում։ Ըստ քննության վարկածի՝ նրանց վրա կրակել է ծառայակից Դավիթ Դումիկյանը։ Գրիգոր Ավետիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, սակայն, այդ վարկածը արժանահավատ չի համարում։ Նա նշում է, որ կրկնակի սպանությունը Դումիկյանը չի գործել․ Մարտիրոսյանի կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմինը հանցավոր քննություն է տանում։

Համաձայն քննիչ Ա․Գևորգյանի, ապրիլի 6-ին Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժին «մեղայականով ներկայացել է» շարքային Դավիթ Դումիկյանը և հայտնել, որ «ինքն է սպանել համածառայակիցներ Գ․Ավետիսյանին և Ս․Արամյանին»։ Քննության վարկածի համաձայն, Դումիկյանը մտել է վրան, որտեղ գտնվել է Արամյանը, և անկանոն կրակելով՝ սպանել է նրան, իսկ Ավետիսյանին սպանել է վրանից դուրս․ պատճառն այն է եղել, որ ավելի վաղ Ավետիսյանն ու Արամյանը հայհոյել ու նվաստացրել էին իրեն: Դումիկյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության մեջ։

Գրիգոր Ավետիսյան

Epress.am-ի հետ զրույցում Ռուբեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ կան մի շարք հանգամանքներ, որոնք հերքում են այն վարկածը, թե սպանությունը կատարել է Դումիկյանը։

«Մենք ունենք փորձագիտական եզրակացություն, որով ապացուցվում է, որ Դավիթը չի կրակել, որովհետև նրա ձեռքի վրա չկան կրակոցի լրացուցիչ գործոններ՝ մուր, պղնձի մետաղացման հետքեր և այլն», – նշել է Մարտիրոսյանը:

Բացի դա, փորձագետն ընդգծել է, որ սպանվածներից Գրիգոր Ավետիսյանի հորը՝ Հերմոն Ավետիսյանին, Դումիկյանի հարազատներից տեղեկություններ են հասել, որ սպանության մեջ մեղադրվող շարքայինը հետագայում հրաժարվել է իր նախնական ցուցմունքից՝ նշելով, որ Ռազմական ոստիկանությունում իրեն ծեծելով այն ստիպել է գրել բարձրահասակ մի գնդապետ: Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց պաշտոնապես այդ մասին դեռևս ոչ մեկ չի հայտնել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ընդգծում է, որ քննություն իրականացնող մարմինն իրենց բանավոր փոխանցել է նաև, որ գործում նոր վարկած կա՝ «իբր, Ավետիսյանը սպանել է Արամյանին, իսկ հետո Դումիկյանը սպանել է Ավետիսյանին»: Փորձագետի խոսքով՝ «նման վարկածն անցնում է թե՛ օրենքի, թե՛ բարոյականության սահմանները», քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություններից զորակոչված երիտասարդները երկուսն էլ Արտաշատից են եղել, մոտ ընկերներ, երբեք միմյանց հետ խնդիրներ չեն ունեցել, ինչի մասին փաստում են նաև նրանց ծնողները։

Սուրեն Արամյան

Բազմաթիվ մութ հարցեր կան նաև դեպքի վայրում առգրավված զենքերի հետ կապված։ Մասնավորապես, Մարտիրոսյանի խոսքով՝ փորձաքննության ուղարկված 4 ինքնաձիգերի վրա չեն հայտնաբերվել «համեմատության համար պիտանի մատնահետքեր»։

Հերմոն Ավետիսյանը, իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ նշելով, որ ապրիլի 6-ին երեկոյան ինքը մեկնել է Վարդենիս՝ տեղեկանալով, որ որդու դիակն այնտեղ են բերում․ «Վարդենիսի հիվանդանոցի դիմաց նկատեցի «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա: Երբ «Նիվայի» վարորդը՝ ինձ անհայտ զինվորական համազգեստով անձը, բացեց իր ավտոմեքենայի բեռնախցիկը, նկատեցի, որ բեռանախցիկում կան ինքնաձիգներ։ Մոտեցա, բեռնախցիկում լցված էին թվով 5 ինքնաձիգներ՝ առանց փաթեթավորման, առանց կնիքի, բաց վիճակում։ Նկատեցի, որ դրանցից մեկի վրա առկա են հրազենային վնասվածքի հետքեր…։ Ես, հաշվի առնելով ստացածս այն տեղեկությունը, որ որդուս սպանել են մի քանի հրազենային կրակոցներով, իսկույն կռահեցի, որ դա հենց որդուս զենքն է և, վարկածս ստուգելու նպատակով, հարց տվեցի վերոհիշյալ անծանոթ սպային՝ մեքենայի տիրոջը․ արդյո՞ք դա որդուս՝ Գրիգորի զենքն է։ Վերջինիս իմ հարցը չզարմացրեց, նա միայն խուսափողական տոնով պատասխանեց, որ չգիտի»։

Հետագայում դատաձգաբանական-դատահետքաբանական փորձագիտական եզրակացության կից լուսանկարներում նա տեսել է ինքնաձիգը, որի վրա եղել են ճիշտ նույն վնասվածքները, որոնք ինքը տեսել էր «Նիվայի» ինքնաձիգերից մեկի վրա։ Բացի դա, Հերմոն Ավետիսյանը նշում է, որ փորձաքննության են ուղարկվել 4 ինքնաձիգեր, մինչդեռ «Նիվայում» ինքը 5-ն է տեսել։

«Ես համոզված եմ, որ կատարվել է հանցագործություն։ Նախաքննական մարմինն իրավունք չուներ այս ինքնաձիգները այս կերպ տեղափոխելու։ Համոզված եմ նաև, որ այս փաստի բացահայտումից հետո նշված ինքնաձիգները պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույցներ: Միջնորդում եմ հարուցել քրգործ, կատարել բազմակողմանի և խորացված քննություն, պարզել ինձ անհայտ «Նիվայի» տիրոջը, պարզել, թե ինչպե՞ս էին իրեղեն ապացույց հանդիսացող ինքնաձիգները հայտնվել իր մոտ, պարզել, թե ո՞ր համարի ինքնաձիգն էր, որ այդպես էլ չի ուղարկվել փորձագետներին», ֊ մասնավորապես, նշում է Ավետիսյանը:

Մարտիրոսյանն էլ, իր հերթին, ասել է, որ սպանությունից 9 ամիս անց քննիչը դեռևս իրենց չի տեղեկացրել, թե կոնկրետ որ զենքից են սպանվել երիտասարդները:

Փորձագետն իր համար կասկածելի ևս մեկ հանգամանք է նշում, որը վերաբերում են դեպքի պահին վիրավորում ստացած երկու զինծառայողների՝ Հակոբ Գևորգյանին և Արեգ Բաղդասարյանին: Վերջիններս ցուցմունքում նշել են, որ այն պահին, երբ Դումիկյանը մտել է վրան և սկսել է կրակել, իրենք քնած են եղել:

«Երկուսն էլ հրազենային վնասվածքները ստացել են ոտքի շրջանում: Էն, որ ասում են, կրակեց ոտքերին, հենց այդպես: Մեզ բացարձակապես համոզիչ չի թվում, թե նրանք վնասվածքները ստացել են քնած ժամանակ: Առաջինը՝ այն պատճառով, որ Հերմոն Ավետիսյանը տեղեկություն ունի իր որդու և Հակոբի նախկին կոնֆլիկտների վերաբերյալ: Երկրոդը՝ մենք ունենք հավաստի տեղեկություն, որ Հակոբը, մինչ դիրքեր բարձրանալը, ծեծի է ենթարկել կամ հարվածել է կապիտան Ռոման Հակոբյանին, որը մարտական հենակետում եղել է հենակետի ավագը։ Դրա համար Հակոբ Գևորգյանը մեկ ամիս կալանքի տակ է եղել», – նշել է Մարտիրոսյանը:

Վերջինս ենթադրում է, որ այդ օրը դեպքի վայրում մի խումբ անձանց մասնակցությամբ «ռազբորկա» է տեղի ունեցել, որն էլ ավարտվել է երիտասարդների սպանությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում.