Հունվարի 25-ին մարտական դիրքում ծնոտի շրջանում հրազենային վիրավորումից մահացած շարքային Շավարշ Գալստյանի հարազատները համոզված են, որ նա ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են։
Armtimes.com-ի հետ զրույցում Գալստյանի տատը պատմել է, որ մահվանից 3 օր առաջ խոսել է թոռան հետ և վերջինս ասել է, որ իրեն տեղափոխում են մեկ այլ դիրք։ Երիտասարդը չի նշել, սակայն, թե ինչու, միայն ասել է, որ «խառը պատմություն է» ու հեռախոսով չի կարող պատմել։
Ինքնասպանության վարկածն անհնար է համարում նաև զինվորի մորաքույրը։ Նա համոզված է, որ Գալստյանին սպանել են և հետո են զենքը նրա ձեռքերի մեջ դրել․ «Մեզ համար ամեն ինչով պարզ ա, որ էս ինքնասպանություն չի։ Էրեխու ձեռքերի մեջը կապտած ա ու կապած։ Երևում ա, որ երեխուն չարչարել են, ծեծել են ու հետո ձեռքերի մեջ են դրել հրացանը։ Դեմքն ամբողջովին ուռած ա…։ Իմ քրոջ միակ երեխեն էր, հիմա քուրս ո՞նց ա ապրելու։ Էսի անելու բա՞ն էր, որ արեցին։ Ես ուզում եմ արդար դատաստան։ Բոլորիցդ խնդրում եմ, որ մեղավորը պատժվի»,- կայքի հետ զրույցում ասել է մահացած զինվորի մորաքույրը։
Հարազատները պատմել են, որ Շավարշ Գալստյանը հոր մահից հետո 5 տարի առաջ մոր հետ Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան։
«Եկավ, իբր իրա հայրենի հողում ապրի։ Ըհն, եկավ, ծառայեց հայրենի հողում, երեք ամիս էր մնացել ծառայությանը, ահա ոնց բերեցին։ Ինքը շատ լավ գիտեր, որ իրա մայրը մենակ ա մնալու, ինքը ո՞նց կարար ինքնասպանություն գործեր, անգամ եթե դրդեին դրան։ Ինքը ինքնասպանություն չէր գործի, ելք կգտներ անպայման։ Ես չգիտեմ իրան ծեծել են, տանջել են թե ոնց են սպանել, բայց իրան հաստատ սպանել են»,- ասել է մորաքույրը։
Մորաքույրը նաև պատմել է, որ երբ գնացել են Գալստյանին տեսակցության, նկատել են, որ որ զինվորին շատ վատ պայմաններում են պահում․ «Ոտքերին սապոգներ չկար, լրիվ պատառոտված էր, ոտքերը վերքերի մեջ կորած, տակի մայկեն լրիվ պատառոտված։ Խի տենց զինվոր են պահում։ Ես մենակ մի բան եմ ցանկանում, որ Սերժը… էսքան զինվորների ծնողների անեծքները իրան հասնելու ա, ինքը թող չիմանա, թե անպատիժ ա մնալու։ Ինքը պատժվելու ա, որ էս էրեխեքին էս օրն ա քցել։ Հետո էլ ասում են՝ թուրքի գնդակից էր, մեր զինվորների 50 տոկոսը մահանում ա հենց իրանց գնդակներից»։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին՝ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Գալստյանի դին:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։