հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / 7-րդ դեպքը բանակում․ ՀՀ զորամասերից մեկում զինծառայողի դի են հայտնաբերել

7-րդ դեպքը բանակում․ ՀՀ զորամասերից մեկում զինծառայողի դի են հայտնաբերել

Վերջին 10 օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, մահացել կամ վիրավորում են ստացել 7 զինծառայողներ։ Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հերթական դեպքը տեղի է ունեցել ՀՀ զորամասերից մեկում, վարկածն՝ ինքնասպանություն։

Հունվարի 25-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Գալստյանի դին: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Նշենք, որ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում հրազենային վիրավորում ստացած երկու զինծառայողներ Ալեքսեյ Ավանեսյանը և Գուրգեն Սարգսյանը։

Հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը նշել է, որ պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորում է ստացել 3 օր առաջ հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Հունվարի 24-ին նրան տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Կամավոր Խաչատրյանի խոսքով՝ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է և նրա ստորին վերջույթներից մեկը հեռացվել է:

Զինվորի վիրավորման մասին տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ի պաշտոնական կայքում չկա։

Ինչ վերաբերում է հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղում հրազենային վիրավորում ստացած 1997 թվականին ծնված, զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակին՝ նա նույնպես տեղափոխվել է Երևան։ Նրա վիճակը, Կամավոր Խաչատրյանի խոսքով, գնահատվում է ծայրահեղ ծանր, քանի որ գանգուղեղի հատվածում է վնասվածք ստացել և արհեստական շնչառական ապարատին է միացված:

Epress.am -ի հետ զրույցում Հորբատեղի համայնքապետ Գագիկ Սանդրոսյանը նշել է, որ Գուրգեն Սարգսյանի ընտանիքը ապրում է ծանր սոցիալական պայմաններում։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ Գուրգեն Սարգսյանը հրազենային վիրավորում է ստացել ծառայակցի կողմից։

Ըստ նախաքննության՝ հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ՝ մոռանալով ինքնաձիգից անջատել փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Սարգսյանին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում:

Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, ԼՂ Մարտունու զորամասերից մեկի ժամկետային զինծառայող դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Գարիկ Վարդանյանի մահվան մասին։ Հարազատների խոսքով՝ նա սպանվել է հակառակորդի կողմից։

Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Սարգսյանը (ծնված 1995թ.)։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ զինծառայողը վիրավորում է ստացել ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով։

Հունվարի18-ին, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել էր 1997 թվականին ծնված Անդրանիկ Մուսիկյանը, հայտնել է ԼՂ Պաշտպանության նախարարությունը։

Հունվարի 22-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող,1995թ. ծնված Կարեն Ուլուբաբյանը, հայտնել էր ԼՂ ՊՆ։