Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի որամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանը հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի զինծառայողներից մեկի կողմից՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողը, վերցնելով ծառայակցին ամրակցված ինքնաձիգը, մասամբ հանել է փամփշտատուփը և կատարել լիցքավորման գործողություն, ապա կարծելով, որ ինքնաձիգի փամփշտանոց փամփուշտ չի մտել, սեղմել է ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող Ա.Սարգսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել», -նշված է Քննչականի հայտարարության մեջ։
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ձերբակալված զինծառայողի անունը չի նշվում։