Home / Բանտ / Ինքնավնասում կատարած դատապարտյալներին տեղափոխեցին «խոզաբուն հիշեցնող խուց»․ «Ա1+»

Ինքնավնասում կատարած դատապարտյալներին տեղափոխեցին «խոզաբուն հիշեցնող խուց»․ «Ա1+»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցերում պահվող, օրեր առաջ ինքնավնասում կատարած դատապարտյալներն այսօր տեղափոխվել են հինգերորդ հարկի խուց։ Չնայած Արդարադատության նախարարության հավաստիացումներին, որ դատապարտյալները իրենց կամքով են տեղափոխվել այնտեղ, վերջիններիս հարազատները պնդում են, թե դատապարտյալները որոշումն ընդունել են ստիպված։ Այս մասին գրում «Ա1+»֊ը։

Կայքի հետ զրույցում դատապարտյալներից մեկի հարազատը նշել է, որ այս «իրենց խցից դեպի խոզի բուն հիշեցնող խուց» տեղափոխման ժամանակ դատապարտյալների նկատմամբ ուժ չի կիրառվել․ «Նրանց մարմնի վրա այլևս որևէ անվնաս տեղ չի մնացել և անօգուտ են համարել շարունակել իրենց իրավունքների համար պայքարել, օրենքն իրենց չի պաշտպանում։ Կալանավորները կարծում են, որ այդպիսով իրենց ընտանիքներին են վնասում, և ստիպված համաձայնվել են տեղափոխման հրահանգին»։

Դատապարտյալի հարազատը կայքի հետ զրույցում արտահայտել է նաև հենց դատապարտյալների դժգոհությունը իշխանությունների և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների վերաբերյալ․ «Իրենք անտեսված են բոլորի կողմից՝ և՛ Արդարադատության նախարարության, և՛ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, և՛ Քրեակատարողական վարչության կողմից։ Գոնե իրենց այցելեն՝ հարցնեն ինչ խնդիրներ ունեն, րոպեն մեկ ասում են՝ հետաքրքրվել ենք, դատապարտյալները լավ են»։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցերից մեկում պահվող դատապարտյալներն ինքնավնասում էին կատարել: Վերջիններս, իրենց պնդմամբ, այդ քայլին էին դիմել, քանի որ ՔԿՀ-ի աշխատակիցները, մահակներով զինված, ցանկացել էին մուտք գործել խուց և բռնի ուժով նրանց տեղափոխել 5-րդ հարկի խցերից մեկը։ 5-րդ հարկի խցերը նախատեսված են ցմահ դատապարտյալների համար և, կալանավորների խոսքով, գտնվում են ծայրահեղ անբարվոք վիճակում։

Tekali Taxi