հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Մահացած զինվորի գործը վերաբացվել է․ տուժող կողմը դա հեղափոխություն չի համարում

Մահացած զինվորի գործը վերաբացվել է․ տուժող կողմը դա հեղափոխություն չի համարում

Այսօր՝ հունվարի 11-ին, Վերաքննիչ դատարանը դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ հետաձգել է 2010 թվականին Լեռնային Ղարաբաղում ոչ մարտական պայմաններում մահացած զինվոր Վալերի Մուրադյանի գործով դատական նիստը։ Զինվորի մայրը՝ Նանա Մուրադյանը (լուսանկարում) պահանջել էր վերացնել Քննչական կոմիտեի 2015 թվականի դեկտեմբերի 7-ի և Զինվորական դատախազության 2016 թվականի փետրվարի 19-ի՝ իր որդու գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները։ Բացի դա, Մուրադյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի վարույթը կասեցնելն օրինաչափ է։

Այսօրվա նիստի մեկնարկին Նանա Մուրադյանը հայտնել է, որ երկուշաբթի ՀՀ դատախազությունից հեռախոսազանգով իրեն ասել են, որ գործը կրկին կվերաբացվի։ Դա հաշվի առնելով՝ դատավորը որոշում է կայացրել հաջորդ նիստը պայմանականորեն նշանակել հունվարի 23-ին, որպեսզի դատարան ներկայացվի գործի վերաբացման վերաբերյալ գրավոր որոշումը։

Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 7-ին առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ քննիչը և դատախազն իրավացիորեն են կասեցրել գործի քննությունը։ Մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին Նանա Մուրադյանը հանդիպել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որը, լսելով Մուրադյանի բողոքները, խոստացել է վերաբացել գործը, քանի որ՝ ըստ նրա էլ Վալերի Մուրադյանի գործով նախաքննությունն անցել է քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներով:

Նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Խաչատրյանը հաստատել է, որ գործը կասեցումից հանվել է գլխավոր դատախազի որոշումով։ Իր հերթին, Նանա Մուրադյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը կարծիք է հայտնել, որ գլխավոր դատախազի այս նոր որոշումն էլ ոչ մի հեղափոխական բան չի մտցնի գործի ընթացքի մեջ։

«Հաշվի առնելով այն, որ գործը քննվում է արդեն երկար տարիներ՝ կարծում եմ՝ ողջամիտ ժամկետները սպառվել են։ Չեմ կարող ասել, որ սա ինչ-որ հեղափոխական բան է, ամեն դեպքում պետք է սպասել։ Ավելի վաղ գործը մեկ անգամ էլ կասեցվել էր և հետագայում կասեցումից հանվել», – ասել է Ռևազյանը։ Նրա խոսքով՝ գործը վաղուց կփակեին, եթե չլիներ Նանա Մուրադյանի տարիների համառ պայքարը։

Մահացած զինծառայողի մայրը նույնպես մեծ հույսեր չի կապում գլխավոր դատախազի որոշման հետ։

«Ես գլխավոր դատախազին ասացի՝ միայն գործը կասեցումից հանելը ինձ համար դեռ գործի բացահայտում չէ։ Որովհետև այն ժամանակ, երբ Գևորգ Կոստանյանը նշանակվեց զինվորական դատախազ, կասեցումից հանեց գործը, վերսկսեց, բայց ոչ մի արդյունք», – նշել է Մուրադյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ ինքը հույս ուներ, որ Կոստանյանն «իր անունը բարձրացնելու համար» կարող էր այս գործն արդարացի լուծել։

Մուրադյանը համոզված է, որ Արթուր Դավթյանի այս որոշումը պատահական չէ, քանի որ ինքն անհերքելի ապացույցներ է ներկայացրել՝ ցույց տալով, որ որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել և հետո մարմինը կախել։

«Արթուր Դավթյանը տեսավ և համոզվեց, ասաց, այո՛, քննիչի կողմից լիքը բացթողումներ եմ տեսնում, միևնույն ժամանակ ես նրան ասացի՝ կարևոր իրեղեն ապացույցները ոչնչացված են․ չկան որդուս կոշիկները, չկա այն աթոռը, որի վրա ինքը իբր բարձրացել և կախվել է։ Ես հարցրի՝ կարա՞ք այդ ապացույցները վերականգնեք, ասաց՝ ոչ։ Այսինքն՝ մի քննիչի՝ Արման Ապրեսյանի պատճառով, ամբողջ գործը գնացել է փակուղի։ Հարց տրվեց, իսկ քննիչին դատ հասնու՞մ է, դատախազն ասաց՝ իհարկե հասնում է, մենք կուսումասիրենք», – նշել է Մուրադյանը։

Նա ընդգծել է, որ այդ նույն ապացույցներն ինքն այն ժամանակ ներկայացրել էր նաև առաջին ատյանի դատարանում, սակայն իր հայցը մերժվել էր։