Home / Հայաստան / Մահացած զինվորի գործի վարույթը կասեցրել են․ մայրն այդ մասին իմացել է 2 ամիս անց

Մահացած զինվորի գործի վարույթը կասեցրել են․ մայրն այդ մասին իմացել է 2 ամիս անց

2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի գործի վարույթը կասեցվել է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին, սակայն այդ մասին Մուրադյանի հարազատներն իմացել են միայն օրեր առաջ՝ փետրվարի 1-ին:

Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման մասին իրենք իմացել են շատ պատահական, երբ փետրվարի 1-ին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը բանակում զոհված 5 զինծառայողների ծնողներին տրամադրել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրված իրենց որդիների մահվան հանգամանքների, հարուցված քրեական գործերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկանքները։

«Էդ տեղեկանքից եմ իմանում, որ գործի վարույթը կասեցրել են: Երկու ամիս ա անցել՝ ինչ կասեցրել են, բայց մինչև այսօր ես գրավոր ոչ մի ծանուցում չեմ ստացել», – ասել է Նանա Մուրադյանը:

Նա ասել է, որ իրենց փաստաբանը՝ Ռոբերտ Ռևազյանը, արդեն դիմում է գրել ՀՀ Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչու գործի կասեցման մասին որոշման գրավոր ծանուցումն իրենք մինչ օրս չեն ստացել: Մուրադյանը նաև նշել է, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել դատարան քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ:

«6 տարի բա ի՞նչ էին անում, որ հիմա որոշել են, որ մեղավոր չկա ու կասեցնում են: Ոչ մի նախաքննություն էլ չեն անում, գործը սեյֆի մեջ դրված ա: Նույն քննիչներն են կասեցրել Տիգրանի (խոսքը 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մասին է-խմբ.) գործը: Ոնց որ դաստա են անում միանգամից մի քանի գործ ու կասեցնում», ֊ ասել է Մուրդյանը:

Կինը պնդել է, որ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկանքում իր որդու մահվան հանգամանքների հետ կապված էական փաստեր չեն ներգրավվել: