Home / Տեսանյութեր / «Անհիմն հետապնդում»․ Հիվանդ զինվորին դատում են իր ոտքին կրակելու համար

«Անհիմն հետապնդում»․ Հիվանդ զինվորին դատում են իր ոտքին կրակելու համար

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի նախկին զինծառայող Սարգիս Սահակյանի մայրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված դիմում֊բողոքում խնդրում է աջակցել իր որդուն անհիմն քրեական հետապնդումից և կալանավորումից ազատելու հարցում։

Երիտասարդի մայրը՝ Ալվարդ Սահակյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ 2014 թվականի հունիսի 23-ին իր միակողմանի ծնողազուրկ որդուն Աշտարակից զորակոչել են Լեռնային Ղարաբաղ։ Սահակյանը, սակայն, ծառայության համար պիտանի է ճանաչվել սահմանափակումով, չնայած երիտասարդի հարազատներին զինկոմիսարիատում չեն ասել, թե ինչին է վերաբերում այդ սահմանափակումը։ Մոր խոսքով՝ իրենք ենթադրել են, թե դա կապված է որդու ուսի ամրակի խնդրի հետ․ Սահակյանի անրակը դեֆորմացված է եղել, և, օրինակ, նա դժվարությամբ է կրել զրահաբաճկոն։ Ծառայության ընթացքում նրա նկատմամբ սահմանափակումը գործնականում չի կիրառվել։

Ալվարդ Սահակյանը նշել է, որ ծառայության առաջին ամսին՝ ֆիզիկական պատրաստության ընթացքում, Սարգիսն ընկել է և վնասել աջ ծնկի հոդը։ Վնասվածքի պատճառով երկար ժամանակ բուժվել է զինվորական հոսպիտալում և, մոր խոսքով, առանց լիարժեք ապաքինման 2015-ի մայիսի 9-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից և տեղափոխել զորամաս։ 2 օր անց հրամանատարը նրան նշանակել է զինվորական հերթապահության։ Մոր խոսքով՝ հետագայում իր որդուն հերթապահության նշանակելու համար հրամանատարին և մի քանի սպաների նկատողություն է տրվել։

«Նշանակված մարտական դիրք չհասած՝ որդիս, լինելով ընկճված վիճակում և ոտքի ցավերից նյարդայնացած, առանց գիտակցելու ձեռքի հրազենով կրակել է ձախ ոտքին։ Վնասվածք ստանալուց հետո նա մի քանի կրակահերթ է արձակել, որպեսզի ծառայակիցները գտնեն իրեն և օգնություն ցույց տան։ Հետագայում այս հանգամանքը քննիչը դիտարկել է որպես ռազմամթերքի վատնում»,- երկու օր առաջ Կոստանյանին ուղարկված դիմում֊բողոքում գրել է Ալվարդ Սահակյանը։

3 օր անց դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) և 371 հոդվածի 2-րդ մասով (Զենքը կամ ռազմամթերքը յուրացնելը կամ վատնելը)։ Մայրն ընդգծում է, որ քրեական գործի հարուցումից հետո որդուն մեղադրանք չի առաջադրվել, և վերջինս բուժվել է նախ Մարտակերտի հոսպիտալում, ապա Երևանում՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Սահակյանը ՀՀ ՊՆ հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինվորական ծառայությանը ոչ պիտանի և զորացրվել է։

2016 թվականի հունվարի 13-ին Սարգիս Սահակյանը քննիչի կանչով ներկայացել է Մարտակերտի քննչական բաժին, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 363 հոդվածի 4-րդ (Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը կատարվել է զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով), 371 հոդվածի 2-րդ մասով և 268 հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։ Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Սարգիս Սահակյանին տեղափոխել են Շուշիի մեկուսարան։

268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանքն առաջադրվել է, քանի որ, ըստ քննության, Սահակյանի զինգրքույկի մեջ հիվանդանոցում հայտնաբերվել է 1 «սպազմալգոն» դեղահաբ և մեկ «տրամադոլ» դեղահաբ, որը հոգեմետ է համարվում։ Զինվորը, սակայն, պնդել է, որ ինքը երբեք նման դեղահաբ չի ունեցել։

Սահակյանի քույրը՝ Լիանա Սահակյանը, մեզ հետ զրույցում նշել է, որ ինքը հունվարի 29-ին 3 րոպեով տեսել է եղբորը, ում առողջական վիճակը ծանր է։ Լիանայի խոսքով՝ վնասվածքը ստանալուց հետո նա արդեն 4 վիրահատության է ենթարկվել և մինչև կալանավորվելն էլ հենակներով էր քայլում․ «Ինձ ասեց, որ վերքը թարախակալել ա, բայց նորմալ բժշկական օգնություն ցույց չեն տալիս։ Հիմա իրա կյանքին վտանգ ա սպառնում, ու մենք պայքարում ենք, որ խափանման միջոցը փոխվի՝ գրավի դիմաց ազատ արձակվի, որ գոնե նորմալ բուժում ստանա։ Չէ՞ որ ինքը ոչ մեկին չի վնասել, որ տենց դաժան են վարվում»։

Քույրը նաև ընդգծել է, որ եղբայրը չէր ցանկանում խուսափել ծառայությունից, քանի որ հատուկ ծառայության անցնելու համար էր Ռուսաստանից Հայաստան եկել, նպատակ ուներ զինվորական դառնալ։

Դատախազին ուղղված դիմում–բողոքում Սարգսի մայրը նշել է նաև, որ իր որդին նման քայլ կատարելու ժամանակ եղել է հոգեկան և հոգեբանական անհավասարակշիռ վիճակում։

Այդ մասին նշվել է նաև ռազմաբժշկական փորձաքննության մեջ, ըստ որի՝ Սարգիս Սահակյանը դեպքի պահին ունեցել է «դեպրեսիվ բնույթի հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում»՝ զուգակցված աուտոագրեսիվ վարքով և դեպրեսիվ աֆեկտով։

Ալվարդ Սահակյանը, դիմելով դատախազին, ընդգծում է, որ իր որդին այժմ գտնվում է ծանր հոգեբանական վիճակում՝ առողջական խնդիրների պատճառով։ Մայրը մտահոգություն է հայտնում, որ որդին կարող է դիմել չմտածված քայլի և մեկուսարանում վերջ դնել կյանքին։

Tekali Taxi