Home / Տեսանյութեր / 8.5 տարվա պայքար․ ծնողները բողոքում են զոհված որդու գործի վարույթի կասեցման դեմ

8.5 տարվա պայքար․ ծնողները բողոքում են զոհված որդու գործի վարույթի կասեցման դեմ

8.5 տարի է անցել զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվանից, սակայն, ինչպես պնդում են ոչ մարտական պայմաններում մահացած երիտասարդի ծնողները, մինչ օրս չի պարզվել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2007-ի օգոստոսի 30-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում: Օհանջանյանի ծնողները՝ Գոհար Սարգսյանը և Սուրեն Օհանջանյանը, 2016 թվականի հունվարի 25-ին դիմել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով իրենց որդու քրեական գործը քննող քննիչի և դատախազի՝ վարույթը կասեցնելու որոշումը։

Պաշտոնական վարկածը և գործի քննությունը

Ըստ պաշտոնական վարկածի՝ Կարճաղբյուրում գտնվող զորամասի կապի հանգույցի մոտ զինծառայող Տիգրան Օհանջանյանը, հպվելով ռադիոռելային կայանի պահող ձգալարին, էլեկտրահարվել է և տեղում մահացել: Հարուցված քրեական գործի շրջանակներում մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ են մեղադրվել կրտսեր սերժանտ Կարեն Թովմասյանն և կապիտան Ռուստամ Ասատրյանը, որոնք ապացույցներ չլինելու պատճառաբանությամբ արդարացվել են։ Դատարանը նաև հավաստի է համարել Օհանջանյանի հոսանքահարվելուց մահվան վարկածը, և 2010 թվականին գործը փակվել է:

Տիգրան Օհանջանյանի ծնողների բողոքի արդյունքում նախաքննությունը վերսկսվել է, և որոշում է կայացվել կրկին դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն անցկացնել: 2011 թվականի ապրիլից քրեական գործը հետ է ուղարկվել Զինվորական դատախազություն` նոր անձի նկատմամբ նոր քննություն սկսելու: Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում է ընդունվել: Ըստ որոշման՝ քրեական գործի նախաքննության արդյունքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն չի հայտնաբերվել դեպքի օրը զորամասում շահագործված կայանը, չի պարզվել թե կոնկրետ ինչ եղանակով և ում մեղքով են կայանի ալեհավաքը պահող ձգալարերը ընկել լարման տակ, ինչպես նաև չի պարզվել, թե Օհանջանյանը ինչպիսի հանգամանքներում է հպվել ալեհավաքը պահող ձգալարին, այսինքն չի պարզվել այն անձը /անձինք/, ով պետք է ներգրավի գործում:

Ինչի հետ համաձայն չեն ծնողները

«Ինչպե՞ս կարող էր կորել կայանը»։ Սա մեկն է բազմաթիվ այն հարցադրումներից, որոնք մահացած զինվորի ծնողները բարձրացրել են բոլոր հնարավոր պատասխանատու ատյաններում՝ դատախազությունում, դատարանում, այս տարիների ընթացքում անցկացված բազմաթիվ բողոքի ակցիաների ժամանակ։ Հստակ պատասխան, սակայն, չկա։

Ըստ Օհանջանյանի ծնողների՝ գործում առկա են բազմաթիվ անճշտություններ, անհամապատասխանություններ, իսկ քննությունը կատարվել է օրենքի բազմաթիվ խախտումներով։

Մասնավորապես, Epress.am-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանն ասել է, որ իր որդին, ենթադրաբար, մահացել է նախաքննական մարմնի նշած ժամանակից 2.5 ժամ ավելի շուտ: Հոր համաձայն, քննիչի արձանագրություններում մի քանի տեղ ժամը ջնջված է, վրայից նոր ժամ գրված:

Տիգրան Օհանջանյանն ունեցել է մարմնական վնասվածքներ, որոնք չեն նկարագրվել դատաբժիշկ Վիգեն Ադամյանի կողմից: Հանգուցյալի՝ մինչ դիահերձումը արված լուսնկարներից ակնհայտ երևում են աչքի, գլխի, ծնոտի հատվածներում առկա վնասվածքները, ձեռքի ափի կապտուկները:

tigranohanjanyanhand

Քննությունը չի գտել Օհանջանյանին պատկանող հագուստները։ Ծնողների բողոքում նշվում է, որ քննության նյութերում գրված է, թե Օհանջանյանի վերնազգեստը պատառոտված է եղել, սակայն դեպքից երկու ամիս անց փորձաքննության են ուղարկել բոլորովին այլ, նոր հագուստ:

Քրեական գործում նշված է, որ Տիգրան Օհանջանյանը հպվել է ձգալարին։ Քննիչը Սուրեն Օհանջանյանի հետ զրույցում, սակայն, խոստովանել է, որ այդ ձգալարը դեպքի վայրից չի առգրավվել, այլ պահեստից նման մի ձգալար է վերցրել և ուղարկել փորձաքննության։

Ըստ քննության՝ դեպքի վայրից վերցված ձգաձողի վրա եղել են Օհանջանյանի մաշկի մնացորդների և արյան հետքեր։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքում, սակայն, մաշկի մնացորդներ ու արյան հետքեր չեն հայտաբերվել։

Ում են կասկածում ծնողները

Սուրեն Օհանջանյանն ասում է, որ իրականում իր որդին մահացած վիճակում ընկած է եղել այն ժամանակ ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ներկայում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահների սենյակից 5 մետր հեռավորության վրա: Այդ անձանց այդպես էլ չեն հարցաքննել։

«Էս գործի գլխին կանգնած է Հայկազ Բաղմանյանը: Նա էլ Սերժի աջ թևն ա», – մեզ հետ զրույցում ասել է Օհանջանյանը: Նա ընդգծում է, որ վերջին տարիների ընթացքում նա բազմիցս հանրայնորեն բարձրաձայնել է Բաղմանյանի անունը, սակայն հնչեցրած մեղադրանքներին գեներալը երբեք չի արձագանքել։

Գոհար Սարգսյանը չի կասկածում, որ իր որդուն սպանել են։ Նա ընդգծում է, որ ակնհայտ խախտումներով քննված գործի վարույթի կասեցումը հուշում է, որ որդուն սպանել են։ Նա պատմել է, որ դեռևս 2008 թվականին երեք անհայտ անձինք ահաբեկել են ամուսնուն. փողոցում հետապնդել են մեքենայով, իսկ երբ Սուրեն Օհանջանյանը կանգնել է, մեքենայից դուրս եկած երիտասարդներից մեկն ասել է․ «Մի՛ բողոքի ձյաձ, եթե բողոքես, ընտանիքդ կվերացնենք»:

Տարիներ շարունակ իրենց որդու գործով արդար վճռի կայացման համար պայքարող ծնողները, սակայն, չեն պատրաստվում հանձնվել։ Նրանք փորձում են սպառել երկրի ներսում առկա բոլոր ատյանները, որից հետո սպասեն գործի քննությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Շահանե Խաչատրյան

Tekali Taxi