Սեպտեմբերին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Արթուր Դավթյանը համաձայն է, որ 2010 թվականին Լեռնային Ղարաբաղում ոչ մարտական պայմաններում մահացած զինվոր Վալերի Մուրադյանի գործով նախաքննությունն անցել է բազմաթիվ խախտումներով: Epress.am֊ի հետ զրույցում զինվորի մայրը՝ Նանա Մուրադյանը նշել է, որ այդ մասին Դավթյանն իրեն ասել է երեկ կայացած հանդիպման ժամանակ: Գլխավոր դատախազը խոստացել է գործի քննությունը հանել կասեցումից և արդար դատաքննություն իրականացնել:
Հոկտեմբերի 7-ին առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ քննիչը և դատախազն իրավացիորեն են կասեցրել գործի քննությունը։
Մոտ 3 ժամ տևած հանդիպման ժամանակ զինվորի մայրը, իր խոսքով, դատախազին է ներկայացրել այն բոլոր խախտումները, որոնք արվել են գործով զբաղվող քննիչների և հատկապես քննիչ Արման Ապրեսյանի կողմից նախաքննության ընթացքում: Մուրադյանը մի քանի փաստարկ է բերել, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են, որ իր որդին ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես նշվում է պաշտոնական վարկածում, այլ նրան սպանել են:
Գործի մասին ավելի մանրամասն՝ այստեղ
«Այդ բոլոր հակասությունները, որ ներկայացրի, դատախազը ասաց՝ այո՛, էս չի արել քննիչը, էսինչը չի արել, ասաց, որ գործը կասեցումից կհանենք, չնայած որ դատարանը կասեցման որոշումը հաստատել է», – մեզ հետ զրույցում ասել է Մուրադյանը:
Վերջինս հիշել է, սակայն, որ մի քանի տարի առաջ, երբ ինքը և ոչ մարտական պայմաններում մահացած մյուս զինվորների ծնողները հանդիպել էին նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին, վերջինս նույնպես խոստացել էր հետևողականորեն բացահայտել զինվորների մահվան հանգամանքները, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չէր ձեռնարկել:
Դավթյանի հետ հանդիպման ժամանակ Մուրադյանը պահանջել է նաև քրեական պատասխանատվության ենթարկել այն բոլոր քննիչներին, որոնք որդու մահվան հանգամանքները բացահայտելուն խոչընդոտել են, սակայն գլխավոր դատախազն ասել է, որ նրանք նախկինում կարգապահական տույժի են ենթարկվել, իսկ հիմա նրանց քրեական պատասխանտվության ենթարկելու ապացույցներ չկան: