Զորացրված զինծառայողների զինգրքույկներում ապրիլյան պատերազմը չի նշվում, իսկ Մատաղիսի զորամասերից մեկում ծառայած զինվորներից մեկի զինգրքույկի այն տողում, որտեղ նշվում է, թե ինչ մարտական գործողությունների է մասնակցել զինծառայողը, գրառում եղել է, բայց հետո սպիտակ մարկերով ջնջվել է։ Այժմ զորացրված երիտասարդը ոչ մեկին չի կարող ապացուցել, որ ինքն ապրիլյան պատերազմի օրերին եղել է Մատաղիսում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ նմանատիպ խնդրով թերթի խմբագրություն են դիմել մի քանի զինծառայողներ։
Թերթի տեղեկություններով՝ ԼՂ պաշտպանության նախարարությունը ներքին հրաման է արձակել՝ զորացրվողների փաստաթղթերում ապրիլյան պատերազմի վերաբերյալ գրառում չանել, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չդնել, ոչ մի փաստաթուղթ չտրամադրել։
Օրինակ, դրա հետևանքով այն զինծառայողները, որոնք իրենց ուսումը զորացրվելուց հետո շարունակել են բուհական հաստատություններում՝ չեն կարողանում օգտվել ապրիլյան պատերազմին մասնակցածներին խոստացված արտոնությունից՝ ուսման վարձի համար 50 տոկոս զեղչից։
Թերթը նաև ընդգծում է, որ իրականում ապրիլյան պատերազմի մասնակիցներին հասնում է միայն լրացուցիչ 20 տոկոս զեղչ, քանի որ ըստ ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ ծառայածներին արդեն իսկ սահմանված է զեղչ՝ առնվազն 30 տոկոս։
Խնդրի առնչությամբ «Հրապարակը» կապ է հաստատել ԼՂ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ հրամանատարությունը տեղյակ է, որ մարդիկ բողոքում են, սակայն անձամբ ինքը չէ որոշում կայացնողը, և առաջարկել է հարցեր ունենալու դեպքում դիմել ԼՂ Պաշտպանության նախարարությանը։ Թերթի այն դիտարկմանը, որ զորացրվածները շատ այլ բողոքներ ունեն, սակայն վախենում են բարձրաձայնել, Հասրաթյանը նշել է․ «Դե, ուրեմն, վախկոտ մարդը տենց էլ պետք է ապրի»։
Սենոր Հասրաթյան
«Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած օրերին հայրենասիրական ալիքի վրա ընկած կառավարությունը մեծ-մեծ խոստումներ էր տալիս մարտական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայողներին, արտոնություններ էր սահմանում նրանց համար։ Բայց, ահա, գալիս է զորացրվելու ժամանակը և պետությունը դրժում է խոստումը», ֊ նշում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում