հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Զինծառայողին զորացրել են մամուլում ահազանգելուց հետո

Զինծառայողին զորացրել են մամուլում ահազանգելուց հետո

Երևանի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող Ավետիք Իսահակյանը 16 օր ուշացումով զորացրվել, երբ նրա հայրը՝ Իշխան Իսահակյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ահազանգել է, որ որդին ավարտել է 2 տարվա ծառայությունը, սակայն հրամանատարները թույլ չեն տալիս վերադառնալ տուն։ Վերջինիս խոսքով՝ որդուն պահանջել են իր միջոցներով վերանորոգել իրեն կցված «ԶԻԼ»-ը:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշել էր, որ որևէ օրենքի խախտում չկա, որ զինծառայողի զորացրման ժամկետը երկարաձգվել է: Ինչ վերաբերում է մեքենայի վերանորոգման համար հրամանատարության կողմից պահանջած գումարին, նա նշել է, որ ոչ ոք զինծառայողին չի ստիպել իր միջոցներով վերանորոգել ՊՆ-ին պատկանող մեքենան։

«Չնայած որ նա նյութական պատասխանատվություն կրում է, բայց հարցն ընդամենը վերականգնման աշխատանքներին մասնակցելու մասին է: Եվ հետո որևէ ժամկետի խախտում չկա, մինչև մեկ ամիս իրավունք կա զինվորին պահելու, նման հրաման կա», – կայքի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ չնայած այդ ամենին՝ զինվորն արդեն իսկ խնդիրը լուծել և զորացրվել է:

Այդ տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է նաև զինծառայողի հայրը։