Ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողներին Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը խոստացել էր երկուշաբթի՝ փետրվարի 13-ին, հանդիպել և միասին դիտել փետրվարի 9-ին Կառավարության ետնամուտքի մոտ նրանց և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութի շարունակությունը։ Epress.am-ի հետ զրույցում 2010 թվականին մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, նշել է, որ իրենց երեկ հատուկ չեն կանչել տեսանյութը դիտելու, քանի որ «ոստիկանությանը ձեռ չէր տալիս»։
Փետրվարի 10-ին Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի և ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի նախաձեռնությամբ ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողները ոստիկանապետի աշխատասենյակում դիտել էին Կառավարության շենքը հսկող տեսախցիկների նկարած տեսանյութը։
Ծնողները վստահ էին, որ տեսանյութը դիտելուց հետո պարզ կդառնար, որ ոստիկանները թքել են իրենց վրա և վիրավորել։ Սակայն դիտման ընթացքում պարզվել էր, որ տեսանյութը կիսատ է, և, բացի դա, բացակայում է ձայնը։
«Եթե Նանա Մուրադյանի ( 2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մայրը-խմբ․) դեպքում քննարկվում էր այն հարցը թքե՞լ է, թե թքելով է խոսել ոստիկանը նրա հետ, ապա իմ դեպքում պարզ երևում է, որ ոստիկանը թքում է ինձ վրա։ Սակայն այդ մասը մեզ չցուցադրվեց»,- այսօր մեզ հետ զրույցում ասել է Իրինա Ղազարյանը։
Ոստիկանապետի սենյակում կինը պնդել էր, որ անպայման պետք է ցուցադրվեն նաև տեսանյութի մյուս հատվածները։ Մարտիրոսյանը սկզբում հրաժարվել էր՝ նշելով, որ դա կարևոր և էական չէ, հետո, այնուամենայնիվ, համաձայնել էր և խոստացել, երկուշաբթի հրավիրել Ղազարյանին։
Վերջինս նշում է՝ այն, որ այդ օրը ցուցադեցին միայն տեսանյութի մի հատվածը և այն, որ երկուշաբթի իրենց կրկին չհրավիրեցին, պատահական չէ։
«Ինքը ինձ հատուկ չի կանչել, քանի որ երևում է, որ ոստիկանը թքում է, իրենց ուրեմն ձեռ չի տալիս դա», – ասել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Կառավարության ետնամուտքի մոտ հավաքված ծնողները ցանկացել են կանգնեցնել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին տեղափոխող մեքենան և նրա հետ հանդիպում պահանջել: Դարպասներին հարող մայթին կանգնած ծնողներին ոստիկանները փորձել են հեռացնել տարածքից։ Նանա Մուրադյանի խոսքով՝ ոստիկաններից մեկը հրել է, թքել իր վրա և անվանել «բոմժ»: Դրանից հետո ցանկացել են իրենց բերման ենթարկել: Դեպքի առթիվ Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն: