հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Սևազգեստ մայրերին փողոցով քարշ տալը դատապարտելի չէ, վճռեց դատարանը

Սևազգեստ մայրերին փողոցով քարշ տալը դատապարտելի չէ, վճռեց դատարանը

Վարչական դատարանը դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ այսօր  մերժել է «Գոհար Սարգսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության» հայցը, որով 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը պահանջում էր ոստիկանների՝ 2015 թվականի փետրվարի 11-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել։

Վճռի ընթերցումից հետո դահլիճում ներկա գտնվող սևազգեստ մայրերը վանկարկել են «ամո՛թ դատավորին» և ասել, որ դատավորը պատվեր է կատարում։

Նշենք, որ 2015 թվականի փետրվարի 11-ին ոստիկանները ՀՀ նախագահի նստավայրի դարպասների մոտ խաղաղ ակցիա անող ծնողներին ոտքերից ու ձեռքերից բռնած քարշ տալով տեղափոխել էին դիմացի մայթ: Բռնության հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել էր, ոստիկանների գործողություններից հետո վնասվել էին կնոջ հագուստը, կոշիկները:

Փետրվարի 11-ի իրադարձությունների տեսանյութը․

Դատական նիստի ավարտից հետո Սարգսյանի իրավունքների պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ այս վճիռը իր համար և՛ սպասելի էր, և՛ անսպասելի։

«Այո՛, սպասելի էր, որովհետև մենք չունենք անկախ կայացած դատական համակարգ։ Մյուս կողմից անսպասելի էր, քանի որ դատական քննությունը կարծես այն փուլում էր, որ հակափաստարկ չկար մեր ներկայացրածներին․․․ Վստահ եմ, որ դատարանը ինքնուրույն վճիռ չի կայացրել։ Կա՛մ ճնշում է եղել, կա՛մ վախեցրել են», – Ռևազյանի խոսքով՝ հայցը չմերժելու մյուս պատճառը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած գրությունն էր, որտեղ նշվում էր, որ դեպքի օրը մայրերի նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ են կատարվել։ Դեպքի օրը ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման խմբի անդամները ժամանել էին ակցիայի վայր՝ արձանագրելով տեղի ունեցածը։

Ռևազյանը նշել է, որ ինքը և իր պաշտպանյալը չեն բավարարվելու այս որոշումով և սպառելու են ներպետական բոլոր ատյանները։

Այսօր մինչև դատական նիստի մեկնարկը սևազգեստ մայրերը իրենց մահացած որդիների լուսանկարները ձեռքներին մոտ մեկ ժամ կանգնել են ՀՀ նախագահի նստավայրի դարպասների մոտ։ Ոստիկաններից ոչ մեկը չի մոտեցել մայրերին և պահանջել նրանց լքել տարածքը, ինչպես վարվել էին 2015֊ին փետրվարին։

Մեր այն հարցին, արդյոք ինչու են նախորդ անգամ ծնողների հանդեպ ուժ կիրառելով հեռացրել Նախագահականի դարպասների մոտից, իսկ այս դեպքում թույլ են տվել կանգնել՝ ոստիկանության կապիտան Նաջարյանն ասել է, որ այսօր մայրերը «նորմալ են կանգնել»։

«Կոնկրետ էս պահի դրությամբ իրենք կանգնած են նորմալ, մենք էլ իրանց հետ կանգնած ենք, ոչ մի խնդիր չենք տեսնում, ոչ էլ ստեղծում ենք, ոչ էլ իրենք։ Էն ժամանակ ինչ է եղել, ես չեմ կարող ասել», – ասել է Նաջարյանը։ Վերջինիս հետ զրույցին միջամտել է Արաբկիրի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Բաբելյանը, որը հույս է հայտնել, որ դատարանն այսօր ճիշտ վճիռ կկայացնի։

«Մեր պետության մեջ վերջնական վճիռը դատարանն է որոշում, սպասենք դատարանի վերջնական վճռին, և իմանանք՝ ով էր սխալ։ Եթե սխալ մարդ կար, իր պատիժը կկրի», – ասել է Բաբելյանը։

Դատական նիստից հետո մեզ հետ զրույցում Ռևազյանը նշել է, որ ոստիկանների այդ խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, թե կամայականություն է, որ մի անգամ թույլ են տալիս կանգնել Նախագահականի դարպասների մոտ, մի անգամ թույլ չեն տալիս։

Ռևազյանը նշել է, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ խաղաղ հավաքներ են արել պետական տաբեր կառույցների մոտ և միջադեպեր են եղել ոստիկանների հետ«Կա՛մ մենք ենք հայց ներկայացրել ոստիկանների գործողությունների դեմ, կա՛մ ոստիկանությունն է հայց ներկայացրել քաղաքացիների դեմ, բոլոր գործերով էլ ոստիկանությունը պարտվողի դերում է եղել։ Բացի մի գործից, որ կապված է եղել էլի Բաղրամյան 26-ի հետ։ Մի քանի երիտասարդ կանգնած են եղել ոչ թե Նախագահականի, այլ անգամ դիմացի մայթին և նրանց ձերբակալել են, տարել ոստիկանություն, իբրև ապօրինի հավաք են արել»։

Ռևազյանի համոզմամբ՝ եթե այդ դեպքը տեղի ունենար ոչ թե Նախագահականի դիմաց, այլ մի ուրիշ պետական կառույցի մոտ, ապա դատարանը այլ որոշում կկայացներ։

«Էականը մի հանգամանք էր․ միջադեպը Բաղրամյան 26-ի մոտ էր», ֊ անդադառնալով երիտասարդների ձերբակալման դեպքին՝ ասել է փաստաբանը։