Բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ծնողներն այսօր Ազգային Ժողովի մոտ էին եկել՝ հանդիպելու ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին։ Ինչևէ, սևազգեստ մայրերը Դավթյանին, ում նշանակման համար ԱԺ֊ն քվեարկում է այսօր, չկարողացան տեսնել։ Ծնողների կարծիքով՝ նա այլ մուտքով էր ԱԺ մտել։
Դեմիրճյանի փողոցի մուտքից խորհրդարանի շենք մտնող ՀՀԿ֊ական պատգամավորները հիմնականում չէին բարևում որդիների նկարները ձեռքներին ԱԺ դռան մոտ կանգնած մայրերին։
2007֊ին մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, հարց է ուղղել իրենց կողքով անտարբեր անցնող ՀՀԿ֊ական Սամվել Նիկոյանին․ «Գոնե հարցնեիք՝ ինչո՞ւ ենք կանգնած»։
Նիկոյանը պատասխանել է, թե սևազգեստ մայրերի հետ շատ է հանդիպել և մուտքից ներս մտել։
Սարգսյանը լրագրողներին հիշեցրել է, որ Սամվել Նիկոյանի՝ ԱԺ նախագահ լինելու օրոք իրենք պահանջում էին որդիների սպանությունների բացահայտման համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն այդ պահանջը չէր բավարարվել։
Մայրերը նկատել են, որ իշխող կուսակցությունից իրենց բարևում են «օլիգարխ պատգամավորները», օրինակ, Սամվել Ալեքսանյանը։
«էդ մարդը վախենալու բան չունի։ «Սիթին» ա [իրենը] («Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է Ալեքսանյանի ընտանիքին֊խմբ․), էն էլ աշխատում ա», ֊ ասել է 2010 թվականին մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։
Բողոքող կանայք նշել են, որ չեն շտապում թերահավատությամբ լցվել նոր գլխավոր դատախազ Դավթյանի հանդեպ (վերջինիս ընտրվելն այդ պաշտոնում ֆորմալ հարց է, քանի որ նրան սատարում է իշխող ՀՀԿ֊ն ֊ խմբ․), ցանկանում են նրան էլ հանդիպել, ներկայացնել իրենց որդիների գործերը վերաբացելու պահանջի հիմքերը։
«Նորանշանակ դատախազին ստիպելու ենք, եթե ինքը չցանկանա էլ, որ ընդունի մեզ»,֊ ասել է Գոհար Սարգսյանը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ կհիշեցնի նոր Գլխավոր դատախազին Ազգային ժողովում տված իր անելիքների մասին խոստումները։
Ըստ բողոքող մայրերի՝ չինովնիկները փոխում են իրենց պաշտոնները, հրաժարականներ են տալիս, սակայն իրենց որդիների գործերը մնում են չբացահայտված։
«Բոլորը ձեռքերը լվանում են ու փախնում։ Ո՞վ է պատասխան տալու էս հարցերին։ Իրենց ժամանակով երեխեքին սպանեցին, գլուխները կերան, գումարները լափեցին, հիմա ձեռքերը լվանում են։ Ու այսպես շարունակ՝ վարչապետներ են փոխվում, դատախազներ են փոխվում։ Բա մինչև ե՞րբ մեր երեխեքին սպանողները չպիտի պատժվեն։ Թող պատժեն, որ էս սպանդը բանակում կանգնի»,֊ ասել է 2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։
Սպանված զինծառայողների ծնողները որոշել են սպասել ԱԺ հաջորդ քառօրյային, երբ պատգամավորներն այլևս զբաղված չեն լինի նոր վարչապետով և նոր գլխավոր դատախազով, ու հնարավորություն կլինի կրկին քննարկումներ սկսել իրենց որդիների գործերով զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու շուրջ։