Անհայտ անձինք գնդակոծել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի ավտոմեքենան։
«Հարձակման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պաշտոնյայի վարորդը», – հաղորդել է Ուկրաինայի ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Կիևի մերձակայքում։ Մեքենայի ուղղությամբ ընդհանուր առմամբ 10 կրակոց է արձակվել։
Ուկրաինայի ղեկավարը, ով այդ պահին Նյու Յորքում մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային, հայտարարել է, որ իր ելույթից հետո անմիջապես կվերադառնա Կիև։
«Ինձ անտառից, ընկերոջս մեքենայի վրա կրակելով ողջույններ հղելը թուլություն է։ Իսկ այ պատասխանը կլինի ուժեղ», – հայտարարել է Զելենսկին։
Վերջինիս գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակն էլ նշել է՝
«Նախագահի առաջին օգնականի մեքենայի գնդակոծումը մենք կապում ենք այն ագրեսիվ արշավի հետ, որ իրականացվում է վերջին շրջանում։ Դրա նպատակն է հակազդել օլիգարխների ազդեցությունը նվազեցնելու՝ նախագահի ակտիվ քաղաքականությանը»։
Զելենսկին՝ ընդդեմ օլիգարխների
Դեռևս այս տարվա հունիսին նախագահի կողմից Ուկրաինայի Գերագույն Ռադա ուղարկվեց, իսկ հուլիսի 1-ին առաջին ընթարցմամբ ընդունվեց «օլիգարխների մասին» օրենքի նախագիծը, որով թե սահմանվում է «օլիգարխ» հասկացությունը, թե սահմանափակվում այդ հասկացության տակ ընկնող մարդկանց գործունեությունը։ Այժմ օրենքը պետք է ընդունվի երկրորդ ընթերցմամբ։
Ըստ Զելենսկու առաջադրած օրենքի՝ «օլիգարխ» համարվելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ 4 կատեգորիաներից առնվազն 3-ին․ մասնակցել քաղաքական կյանքին, զգալի ազդեցություն ունենալ ԶԼՄ-ների վրա, մենաշնորհ ունեցող ընկերության սեփականատեր լինել և ունենալ ապրուստի մինիմալ զամբյուղի առնվազն միլիոնապատիկ արժեքով ակտիվներ (մոտ 83 մլն դոլար)։
Նոր օրենքով՝ հիշյալ կատեգորիաներին համապատասխանող բիզնեսմենները պիտի հատուկ մատյանում։ Դրա համար պատասխանատու է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը։ Ցուցակագրվածներին ու նրանց առնչվող ընկերություններին չի կարելի մասնակից լինել խոշոր մասնավորեցումների, ինչպես նաև ուղիղ կամ միջնորդավորված կերպով ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին։
Պաշտոնյաների և քաղգործիչների հետ որևէ կոնտակտի մեջ մտնելիս օլիգարխները պարտավոր են նախ՝ տեղեկացնել գործչին իրենց նոր կարգավիճակի մասին , և երկրորդ՝ հիշյալ խորհրդին հայտարարագիր ներկայացնի հանդիպման և դրա մանրամասների(քաղգործչի անունը, զրույցի տեղը, ժամը, հակիրճ բովանդակությունը) վերաբերյալ։ Օնլայն զրույցները ևս անցնում են այս օրենքով, փոխարենը՝ հայտարարագիր անհրաժեշտ չէ ուղիղ հեռարձակվող և դատական նիստերի ընթացքում տեղի ունեցած զրույցների համար։ Ցուցակագրվածները նաև ստիպված են ամենամյա հայտարարագիր ներկայացնել իրենց եկամուտների և ակտիվների մասին։
Օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո Զելենսկուն քննադատեցին բոլոր կողմերից։ Նախագահը, սակայն, մտադիր է մինչև անգամ համապետական հանրաքվե անցկացնել, եթե Ռադայում օրենքը չընդունվի։
Օրինագծի ամենամեծ քննադատներից է, իհարկե, Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով այժմ համարվում է նաև երկրի ամենաազդեցիկ և ամենահարուստ մարդկանցից մեկը։
«Ակնհայտորեն, Զելենսկու տեսանկյունից՝ օլիգարխ են հանդիսանում բոլոր նրանք, ովքեր անձնապես իրեն դուր չեն գալիս, և, բնականաբար, Պորոշենկոն այդ ցուցակում առաջին տեղում », – հայտարարել է նախկին նախագահի «Եվրոպական Համերաշխություն» կուսակցությունը։
Օրինագծի հետ կապված դժգոհություններ կային նաև հենց Զելենսկու ճամբարից։ Գերագույն Ռադայի խոսնակ, Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դմիտրի Ռազումկովը դեռևս հունիսին հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գուցե լավագույն մարմինը չէ այս օրենքի իրագործման կարգավորումն ապահովելու համար, քանի որ այդ մարմնում շատ են պրոիշխանական գործիչները։
Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո Ռադային է ներկայացվել օրինագծի 1271 փոփոխություն։ Օրենսդիրի՝ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը հաստատել է դրանցից միայն 10-ը։ Երկրորդ ընթերցման օրը դեռ հայտնի չէ։
Զելենսկին, հիշեցնենք, դեռևս 2019-ին, իր երդմնակալությունից հետո նա, ի թիվս այլի, առաջարկել էր Ռադային չեղարկել դրա անդամների անձեռնմխելիությունը, ինչպես նաև ապօրինի հարստացման մասին օրինագիծ էր առաջադրել, որուվ ներմուծվում էր անհայտ ծագման կարողությունների քաղաքացիական բռնագրավման նոր մեխանիզմ։