Դեկտեմբերի 17-ին Թալինի նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը, սակայն երդմնակալությունը դեռ տեղի չի ունեցել․ ավագանու ընդդիմադիր հատվածը բողոքում է, ընտրությունը համարում ապօրինի։
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն Թալինում հավաքել էր շուրջ 46%՝ ավագանիում ստանալով 10 մանդատ, ինչը բավարար չէր իշխանությունը ստանալու համար, և իշխող կուսակցությանն անհրաժեշտ էր գնալ կոալիցիայի։ Ընդդիմությունը, ի դեմս «Զարթոնք», «Հայք» և «Մեր Համայնքը» կուսակցությունների, ընդհանուր ստացել էր 11 մանդատ և առաջադրել Թալինի ղեկավարի միասնական թեկնածու՝ Կարեն Գրիգորյանին։
Վերջինս, սակայն, ավագանու նիստի ընթացքում հրաժարվել էր իր թեկնածությունից, ինչից հետո ընդդիմությունը որպես համայնքապետի թեկնածու առաջադրել է Դավիթ Մանուկյանին։ Գրիգորյանն ի վերջո քվեարկել է իշխող ուժի թեկնածուի օգտին՝ ձայների նվազագույն առավելությամբ ապահովելով Տավրոս Սափեյանի հաղթանակը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ի՞նչու է ընդդիմության թեկնածուն անսպասելիորեն հրաժարվում թեկնածությունից և քվեարկում ՔՊ-ականի օգտին։
«Տավրոս, դու գիտես, որ քաղաքապետ չես ընտրվել, բայց ես ամբողջ ծանրությունը վերցնում եմ իմ վրա ու կատարում ընտրությունս», – ասում է Գրիգորյանը՝ ավագանու նիստին։
Ըստ համայնքում շրջանառվող տեղեկությունների, Կարեն Գրիգորյանը կամ արդեն գնացել է Հայաստանից կամ պատրաստվում է գնալ։
Գրիգորյանի բարեկամը՝ Ռուստամ Ստեփանյանը, հետախուզման մեջ է Ռուսաստանում։ Տեղացիները պատմում են, որ Գրիգորյանը հենց բարեկամի նկատմամբ ճնշումների պատճառով է փոխել որոշումը, քանի որ վերջինիս սպառնացել են արտահանձնել։
Ավելին, ըստ որոշ աղբյուրների, Գրիգորյանի հետախուզվող բարեկամին նիստի ողջ ընթացքում ոստիկանները Թալինի հրապարակում պահել են, որ ոչ մի տեղ չգնա։ Ուժայինները, ընդդիմադիրների պնդմամբ, շրջապատել են նաև համայնքապետարանը՝ ներս չթողնելով անգամ լրատվամիջոցներին։ Նիստին հնարավոր է եղել հետևել միայն համայնքապետարանի կայքի ուղիղ եթերի միջոցով։
Համայնքապետ ընտրված Տավրոս Սափեյանի հայրը երկրապահ է, ՀԱԿ-ի աջակից, մեծ հեղինակություն ունեցող ազատամարտիկ։ Սափեյանի ընտանիքն առհասարակ մեծ կապեր ունի այդ շրջանակների հետ։
Ընդդիմադիրներն հետագայում հրաժարվել են մասնակցել Սափեյանի երդման արարողությանը և պնդում են, որ նա չէր կարող ընտրված լինել, քանի որ ՔՊ-ն խմբակցություն չէր ձևավորել թեկնածու առաջադրելուց առաջ։