Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթները կվերագործարկվեն փետրվարից, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը:
Փետրվարի 2-ին ժամը 19:50-ին հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից առաջին չվերթը կիրականացնի դեպի Ստամբուլի հիմնական միջազգային օդանավակայան, որը գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում:
Թուրքական Pegasus ավիաընկերությունն, իր հերթին, Ստամբուլի ասիական մասում գտնվող «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից չվերթ կիրականացնի դեպի Երևան: Երկու ավիաընկերություններն էլ նախատեսում են շաբաթական երեք թռիչք իրականացնել այս երթուղով:
Թռիչքների մի ուղղության գները, ըստ ավիափոխադրողների կայքերի, տատանվում են հիմնականում 39-65 եվրոյի շրջանակներում։
Հիշեցնենք՝ դեռևս դեկտեմբերի 13-ին Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում հայտարարել էր Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթների վերագործարկման մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակներում երկու կողմերը հատուկ բանագնացներ կնշանակեն։ Թուրքիայի կողմից նշանակվել էր մի քանի երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանից՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Երկու պետությունների միջև ուղիղ չվերթներ չէին իրականացվում շուրջ 2․5 տարի։