Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի իր ելույթում։
Տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» առումով Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչն իր խոսքով՝ հնարավորություն կստեղծի տնտեսական կապերի ձևավորման համար։
«Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք», – ասել է վարչապետը և ընդծել՝ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղու բացման պարագայում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:
Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն անդրադառնալով՝ Փաշինյանն առաջարկել է օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:
Հայաստանի ղեկավարը կարևորել է նաև հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
«Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:
Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար», – նշել է պաշտոնյան:
Փաշինյանը հիշեցրել է, որ մինչ օրս Ադրբեջանում գերության մեջ են պավհում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնցից շատերին դատապարտել են 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման։
«Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք», – հայտարարել է վարչապետը։:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցին՝ Փաշինյանը նշել է․ «Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»։
Վարչապետը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ցանկացած պահի ի կատար ածել իր՝ մայիսի 27-ի առաջարկը, ըստ որի՝ հիշյալ հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, որի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում են սահմանագծման և սահմանազատման աշխատանքները:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պաշտոնյան, ի թիվս այլի, վերահաստատել էր Բաքվի այն դիրքորոշումը, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և հայտարարել, թե Երևանն ընտրություն պիտի կատարի՝ տարածաշրջանային համագործակցության և «հարևանների նկատմամբ ապօրինի, անհիմն տարածքային պահանջների» միջև։