Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ֆրանսահայ վերլուծաբան Ռոբերտ Այդաբիրյանը, ամերիկահայ պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը և ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանը ծավալուն մի հետազոտություն են նախաձեռնել, որը ամփոփվել է այս տարվա հուլիսին լույս տեսած «Սպիտակ թղթում»։ Աշխատությունը, համահեղինակների համոզմամբ, հրավեր է խոսակցության և փորձ՝ վերլուծելու «հայ հասարակություններում» գերիշխող այն մտայնությունները, որ ի վերջո հանգեցրեցին պատերազմի և պարտության․․․
2020 թվականի պատերազմը ծրագրված էր և նախատեսվելիք՝ շեշտում է Ռոբերտ Այդաբիկյանը և հարցնում՝ արդյոք առաջին զինվորական հաղթանակը մեզ դարձրե՞լ էր անբարտավան, ծույլ, կույր և ապականել տիրող իշխանությունները և արդյո՞ք վերջին պարտությունը մեզ դարձրել է ավելի համեստ, բացել մեր աչքերը, օգնել տեսնել խնդիրները, համոզել մեզ աշխատել ավելի մտածված ձևով։
Գործընկերների հետ միասին նա միայն այս հարցերը չէ, որ առաջ է քաշում։ Գրքի հիմքում մինչ-և հետպատերազմյան իրականությանն առնչվող մի ծավալուն հարցաշար է, որ ուղարկվել է 40-ից ավել հայազգի մտավորականների՝ հին ու նոր սփյուռքներից, նաև Հայաստանից ու Ղարաբաղից․․․ Պատասխանները ամփոփված են գրքի առաջին մասում։ Երկրորդ մասում ներկայացված են հեղինակների դիտարկումներն, առաջարկություններն ու եզրակացությունները։
«Այս ծավալի աղետը հասկանալու համար պետք է հավաքական պատասխանատվության հարց դնենք․ մեր սկզբունքը դա՛ է եղել։ Պարզվեց, որ շատ փորձագետներ պատրաստ էին խաղալ այդ կանոններով, և սա, կարծեմ, ուրախալի և հուսալի, թեև ուշացած հանգամանք է։
Պատասխանատվությունը սկսվում է 2020 թվականի պատերազմի արդյունքների համար մտավոր պատասխանատվության հաստատմամբ՝ հավաքականորեն․․․
Օրինակ՝ մենք շփոթեցինք հայ ազգը հայկական պետության հետ, մենք նաև հայկական երկու տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտները մտցրեցինք այդ նույն հասկացության տակ․․․ Երբ մենք կասեմ՝ նկատի ունեմ հայերս ընդհանրապես։
Եվ կասկածելի է՝ արդյո՞ք մենք այդ թերություններն այսօր գնահատել ենք վերջապես, և առավել կասկածելի է՝ վերանայե՞լ ենք, թե՞ ոչ», – «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը, որ մի քիչ նաև շնորհանդես էր հիշեցնում, նշում էր Փափազյանը՝ ընդգծելով՝ «Սպիտակ թղթում» փորձել են հստակորեն տարանջատել նաև անվտանգության քաղաքականության տարբեր՝ քաղաքական և հանրային դերակատարներին, առանձնացնել Սփյուռքի, Հայաստանի և Ղարաբաղի շահերն ու առաջնահերթությունները, «չափափոխել հայկական գործոնը՝ վերադարձնելով իր համեստ չափին»․․․
«Շատերի համար այն, ինչ որ կասենք, տհաճ կլինի, ինչպես մեզ համար էր տհաճ։ Այն, ինչ արձանագրել ենք այս Սպիտակ թղթի մեջ, խորը ցավով ենք արձանագրել», – գործընկերոջ խոսքը շարունակելով՝ ասում էր պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, ով Հայաստանում առավել հայտնի է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմում աշխատած դիվանագետ։
«Փորձեմ ներկայացնել մեր հիմնական պատգամը։ Սկսեմ պարզ հարցադրումով։
Ունենք չորս հարևան։ Չորսից երկու հարևանների հետ խնդիրներ ունենք և չենք հավանում նրանց։ Եվ ռեֆլեկսիվ կերպով որոշել ենք, որ նրանց հետ կարելի չէ խոսել։ Եթե այդպես է, մնում է երեք լուծում, որ արդյունք կարող են ունենալ։
Մեկը այն է, որ մեր ճամպրուկը, մեր ժողովուրդն ու մեր հողը հավաքենք ու գնանք ուրիշ ցամաքամաս և, ասենք, հարևան լինենք Ֆրանսիային։ Երկրորդն այն է, որ մեր հարևաններից, որոնց չենք հավանում, խնդրենք, որ իրե՛նք իրենց ճամպրուկներն ու ժողովրդին հավաքեն և գնան ուրիշ ցամաքամաս, և մեզ հրավիրենք որպես հարևան Իտալիան ու Կալիֆորնիան։ Երրորդ կարելիությունն այն է, որ մենք վերածվենք ուրիշ պետության նահանգի՝ դե ֆակտո, անկախ նրանից, թե անունը դրա ինչ է։
Առաջին երկուսը դժվար կարողանանք իրագործել, թեև առաջին լուծումը՝ մեր ճամպրուկները հավաքել և գնալ, մեր քաղաքացիներից շատերը՝ անհատապես և ընտանիքներով, կատարում են արդեն»։
Կա նաև ուրիշ լուծում՝ շեշտում է Լիպարիտյանը, այն է՝ փորձել, ամեն դեպքում, խոսել և հասկացողության գալ հարևանների հետ, և հասկանալ՝ իսկապես ինչ վտանգ են ներկայացնում նրանք, ինչու են վտանգ ներկայացնում և ինչ չափի է այդ վտանգը։
Վտանգների դեմն առնելու համար, ըստ նրա, ունենք երեք միջոց՝ զինյալ ուժերն ու ժողովրդի դիմադրողականությունը, դաշնակիցները և դիվանագիտությունը, որը «մեր ռազմական պաշտապանողականության սահմանափակ լինելու պատճառով՝ պարտադիր պետք է շատ ավելի մեծ դեր ստանձնի, քան մինչև հիմա՝ երկու տասնամյակից ավել»։
Նախկին դիվանագետի համոզմամբ՝ դիվանագիտությունը, սակայն, կարող է իր դերը կատարել, եթե
1․ իրատեսական հիմքեր ու նպատակներ ունի,
2․ իր դերը չի շփոթել լոբբինգի հետ,
3․ փափագելին և կարելին չի հավասարեցրել,
4․ առավելագույն պահանջներ ներկայացնելը չի շփոթել հայրենասիրության աստիճանի հետ։
«Պետության կառուցման ու քաղաքականության նպատակը ցույց տալ չէ, թե որքան հերոսներ ու մարտիրոսներ ունենք կամ կարող ենք ունենալ։ Այլ՝ որքան կարողացած են պաշտպանել մեր հավաքական շահերը և խուսափել նոր հերոսներ ու մարտիրոսներ մեջտեղ բերելու անհրաժեշտությունից։
Պարզապես որովհետև մենք մեր դիրքորոշումներն ու նպատակները արդար կնկատենք, դա չի նշանակում, որ հակառակորդին կամ հակառակորդներին կարող ենք պարտադրել, որ նույն ձևով տեսնեն իրենց նպատակներն ու դիրքորոշումները․ իրենք իրենցն ունեն և իրենցը նույնքան արդար կնկատեն, որքան մենք՝ մերը։ Մենք իրենցը անարդար կնկատենք, թե ոչ՝ երկրորդական է, ինչպես մեր հարևանների համար է դա երկրորդական», – հետպատերազմական շրջանում արդեն հերթական անգամ հիշեցնում է Ժիրայր Լիպարիտյանը։
«Սպիտակ թուղթը», ըստ նրա, հրավեր է՝ «լրջորեն, ազնվաբար և խորապես վերլուծելու վերջին պատերազմին և պարտության տանող մտայնությունը, իրականությունները անդասելու մտայնությունը և իրականությունները մեր փափագածով փոխարինելու մտայնությունը», որպեսզի հնարավոր լինի խուսափել նույն սխալների կրկնությունից։
Անհրաժեշտ լրջությանը հասնելու համար էլ հարկավոր է անցնել երկու կարևոր հանգրվաններով։ Նախ՝ «ճշտել, թե ով և որ մտայնությունն են պատասխանատվություն կրում պատահածի համար», նաև՝ ընդունել տեղի ունեցածի ամբողջ տարողությունը․ «Նոր ինքնավստահությունն ու ապագային դրականորեն նայելը չպետք է լինեն այդ պարտության տարողության և հետևանքների անտեսումով»։
«Սպիտակ թուղթն» ամբողջությամբ հասանելի է՝ հղումով
Փաստաթուղթն ուղարկվել է Հայաստանում գործող բոլոր քաղուժերին և պաշտոնական կառույցներին