Հայաստանի Հանրապետությունում՝ ժամը 11։00-ին, մեկ րոպե լռություն էր հայտարարված՝ ի հիշատակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած Ղարաբաղյան երկրորդ պատերազմի զոհերի։
Ուղիղ մեկ տարի առաջ սկիզբ առած պատերազմի 44 օրերի ընթացքում մոտ 7 հազար մարդ է զոհվել։
Հայկական կողմից, ըստ Քննչական կոմիտեի՝ առավոտյան հրապարակված տվյալների, զոհվել է 3 հազար 781 մարդ (օգոստոսի վերջին հաղորդվում էր, որ զոհերից 72-ը քաղաքացիական անձինք են)։ 231 հոգի առ այսօր համարվում է անհետ կորած։ Մինչև օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված 108 զինծառայողի և քաղաքացիական անձանց: Գերիների մի մասը (կոնկրետ քանի հոգի՝ չի նշվում) դեռևս պահվում են Բաքվի բանտերում․ նրանց գերակշիռ մասը գերեվարվել է հրադադարից՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո։
Ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական հաղորդումների, պատերազմի ընթացքում զոհվել է 2 հազար 907 զինվորական և 101 քաղաքացիական անձ։ 7 հոգի համարվում է անհայտ կորած։