Երեկ Գերմանիայում ավարտվել են Բունդեսթագի ընտրությունները, որի արդյունքներով պետք է ձևավորվի ոչ միայն երկրի օրենսդիր մարմինը, այլև կառավարող կոալիցիա։ Այս ընտրություններում ամենաքննարկված խնդիրներից մեկը Կլիմայական փոփոխություններն էին, որի շուրջ էլ մեծամասամբ կառուցվում էին իշխանության հավակնող կուսակցությունների նախընտրական ծրագրերը։ Եթե Կանաչներն ու (հատկապես) Ձախերը վառելիքի արդյունահանման հարցում ունեն առավել արմատական մոտեցումներ, ապա Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները կողմ են ավելի մեղմ փոփոխությունների։
Նախ՝ արդյունքների մասին
Նախնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է հենց Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SDP)՝ ստանալով ձայների 25.7%-ը:
2005 թվականից Գերմանիան ղեկավարող և կանցլերի պաշտոնն այս ընտրություններից հետո լքել պատրաստվող Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDU-CSU) միայն երկրորդն է՝ ձայների 24.1%-ով։ Սա քրիստոնյա դեմոկրատների վատագույն արդյունքն է՝ 1945 թվականին կուսակցության հիմնադրումից ի վեր։
Կանաչների կուսակցությունը, թեև ուներ շատ ավելի մեծ հավակնություններ, այնուամենայնիվ ստացել է ձայների 14.8%-ը՝ գրեթե կրկնապատկելով իրենց նախորդ ընտրությունների ձայներն ու գրանցելով իրենց բոլոր ժամանակների լավագույն արդյունքը։ Լիբերալ Ազատ դեմոկրատները (FDP)՝ 11.5% են ստացել, աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ 10.3%, իսկ «Ձախերը» Բունդեսթագ կմտնեն հազիվ 4.9%-ով։
Դժվար բանակցություններ
Ընտրություններից անմիջապես հետո SDP-ի ղեկավար և Գերմանիայի կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցը հայտարարելէ, որ իր կուսակցությունը նպատակահարմար է գտնում կառավարություն ձևավորել Կանաչների ու Ազատ դեմոկրատների հետ։ Գործիչը սա բացատրում է այն փաստով, որ ընտրություններում ձայների աճ են գրանցել հենց այս երեք ուժերը, մինչդեռ մյուս երեքի քվեները նվազել են։
«Շատ ընտրողներ քվեարկել են [սոցիալ-դեմոկրատների] օգտին, և նրանք ուզում էին կառավարության փոփոխություն», – հետընտրական հանրահավաքի ընթացքում հայտարարել է Շոլցը։
Ավելի ուշ Շոլցը հայտարարել է նաև, որ Կանաչներն ու Ազատ դեմոկրատները պիտի ընտրեն անցյալի և ապագայի միջև։
Կոալիցիա կազմելը, սակայն, այդքան էլ հեշտ չի լինի։ Գերմանիայի կանաչները հայտնի են բարձր հարկերի ու մեծ ծախսերի քաղաքական օրակարգով, ինչպես նաև բնապահապանության հարցում առավել արմատական քաղաքականությամբ։ Ազատ դեմոկրատները, փոխարենը, ցանկանում են նվազեցնել հարկերն ու խթանել բիզնեսի զարգացումը։
Կանաչների առաջնորդները հայտարարել են, որ կոալիցիայի կազմման համար պետք է բավարարվեն որոշակի նախապայմաններ, որոնք վերաբերում են հարկային և բնապահպանական քաղաքականությանը։ Երկու կուսակություններն արդեն իսկ հաստատել են, որ պատրաստվում են բանակցել միմյանց հետ։
Մինչ այդ, քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ, կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը ևս հայտարարել է, որ ցանկանում է կոալիցա կազմել հիշյալ երկու կուսակցությունների հետ՝ նշելով, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և որ հարցն այստեղ ոչ թե «թվաբանական մեծամասնությունն» է, այլ կոալիցիա կազմելը։ Առնվազն կանաչները , սակայն, հստակեցրել են, որ կնախընտրեն համագործակցել սոցիալ-դեմոկրատների հետ, թեև չեն բացառել Մերկելի կուսակցության հետ բանակցությունները։
Արևմտյան քաղաքական վերլուծաբաններն, այնուամենայնիվ, քիչ հավանական են համարում, որ Մերկելի կուսակցությունը պահպանի իշխանությունը։ Մի շարք փորձագետներ համակարծիք են Օլաֆ Շոլցի հետ այն հարցում, որ Քրիստոնյա դեմոկրատների քվեների անկումը ազդակ էր ընտրողների կողմից, որ 16 տարի Գերմանիան ղեկավարած կուսակցությունն այժմ պետք է հեռանա։ Կա նաև այն հանգամանքը, որ թե կանաչները, թե ազատ դեմոկրատները քաղաքական և գաղափարական առումով շատ ավելի մոտ են սոցիալ-դեմոկրատներին։
Արմին Լաշեթի՝ կանցլեր դառնալու շանսերն, այսպիսով, գնալով ավելի են նվազում։ Քրիստոնյա դեմոկրատների ղեկավարն արդեն իսկ նշել է, որ «կիսում է պատասխատվանությունն» այս արդյունքի համար։
Քրիստոնյա դեմոկրատների աջակցությունը սկսել էր նվազել դեռ 2018-ից, երբ Մերկելը հայտարարեց, որ չի պատրաստվում կանցլերի պաշտոնում առաջադրվել հաջորդ ընտրություններին, թողնելով նաև կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Մերկելին այն ժամանակ որպես կուսակցության ղեկավար հաջորդեց Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, ով ևս հետագայում ղեկավարի պաշտոնը փոխանցեց Լաշեթին։ Վերջին երկու թեկնածուները որևէ կերպ չկարողացան կուսակցության վարկանիշը բարձրացնել, իսկ նույն այդ ժամանակ կանաչների ու սոցիալ դեմոկրատների ցուցանիշները գնալով ավելի էին աճում սոցհարցումներում։
Քրիստոնյա դեմոկրատ որոշ պատգամավորներ էլ պնդում էին, որ պարտության պատճառը ներքին անհամաձայնությունն էր իրենց քույր կուսակցության ՝ Բավարիայի Քրիստոնեասոիալական միավորման հետ, քանի որ վերջինիս առաջնորդ Մարկուս Զյոդերն ինքն էր ուզում լինել շարժման կանցլերի թեկնածուն։
Արմատական աջերն ու «արմատական» ձախերը «խաղից դուրս» են
Մինչ առաջին չորս տեղերը զբաղեցրած կուսակցությունները կոալիցիոն բանակցություններ են վարում, աջ ծայրահեղական AFD-ն ու Ձախերի կուսակցությունը կորուստներն են հաշվում։
AFD-ն, 2017 թվականի ընտրությունների համեմատ, կորցրել է քվեների գրեթե 3%-ը, սակայն դա կուսակցության ամենամեծ խնդիրը չէ։ Բունդեսթագ անցած մյուս բոլոր կուսակցությունները հրաժարվել են համագործակցել ծայրահեղ աջերի հետ։ Պատճառը կուսակցության անդամների արտահայտած մտքերն են, որոնք հաճախ որակվում են հակասեմիտական, ռասիստական, սեքսիստական և հոմոֆոբ։
Մասնավորապես, կուսակցության որոշ ներկայացուցիչներ առաջ են տանում Գերմանիա մտնող փախստականների դեմ զինված պայքարը, որոշները՝ պայքարում նույնասեռ ամուսնությունների դեմ, մյուսները՝ բողոքում, որ Գերմանիայում «ամոթի հուշարձան» կա՝ Եվրոպայում սպանված հրեաների հիշատակին։
«Ձախերն», իրենց հերթին, ևս կոալիցիա կազմելու որևէ հույս չունեն։ Նրանք անգամ չէին հաղթահարել Բունդեսթագ մտնելու համար պահանջվող 5%-ի շեմը, սակայն Գերմանիայի ընտրական օրենսգրքով սահմանվող «ուղիղ մանդատներով» կարողացել են հազիվ սողոսկել երկրի օրենսդիր մարմին։ Նշված «ուղիղ մանդատներից երկուսը նրանք ստացել են Բեռլինում, մեկը՝ Լայպցիգում։
Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ այս պարտության պատճառները ,չափազանց բարդ են» և որ անհրաժեշտություն կա կուսակցությունները վերակառուցելու։
Ձախերը, հիշեցնենք, հայտնի են իրենց հակամիլիտարիստական քաղաքականությամբ, ՆԱՏՕ-ն լուծարելու և դրան այլընտրանք հանդիսացող (և Ռուսաստանը ներառող) համընդհանուր անվտանգային մարմին ստեղծելու պատրաստակամությամբ, բարձր ու պրոգրեսիվ հարկերի, սոցիալական արդարության քաղաքականությամբ, ինչպես նաև Աֆղանստանի և Իրաքի պատերազմներին իրենց ընդդիմությամբ։ Կուսակցության ծրագրի կարևոր մասերից էր նաև գազի ու նավթի արդյունահանման արգելքը։
Մեծամասամբ հենց այս պատճառով էլ սոցիալ-դեմոկրատները դեռ նախընտրական շրջանում հայտարարել էին, որ բացառում են Ձախերի կուսակցության հետ կոալիցիան՝ նրանց քաղաքականությունն «արմատական», իսկ այս ընտրություններում ավելի քան 4% կորցնելուց հետո ձախերն առհասարակ կառավարությունում լինելու որևէ հույս ունենալ չեն կարող։
Գերմանիայի համար նոր՝ կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները կարող են շարունակվել մինչև ամանոր։ Իսկ մինչ այդ՝ կանցլեր Անգելա Մերկելը, ով դեռևս երեք տարի առաջ հայտարարել էր, որ հեռանում է թե իր կուսակցության ղեկավարի, թե Գերմանիայի ղեկավարի պաշտոններից, այնուամենայնիվ ստիպված կլինի շարունակել պաշտոնավարումը և հետաձգել թոշակի անցնելու (երկար սպասված) պլանները։ 2017-ին այս բանակցությունները տևեցին շուրջ վեց ամիս։