Առողջապահության նախարարությունը դեռևս 2018 թվականին հայտարարել էր Հայաստանում համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգ ներդնելու մտադրության մասին։ Ըստ այդ համակարգի՝ երկրի աշխատողներն ու գործատուները որոշակի ամսավճար կտրամադրեն իրենց եկամտից, որի շնորհիվ պետությունը կփակի բնակչության առողջապահական ծախսերի մեծ մասը։ ԱՆ կողմից արդեն իսկ պատրաստվել է նախագծի առաջարկը, որը դեռ քննարկվում է տարբեր գերատեսչությունների հետ։ Այսօր «Արմենպրեսի» մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս թեմայի մասին խոսում էին առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ու փորձագետ, ապահովագրության համակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը։
Առաջարկվող փաթեթում, ի թիվս այլի, ներառված են կանխարգելիչ բժշկական միջոցառումները, հետազոտությունները, ախտորոշման, փոխպատվաստման ծառայությունների 30%-ը, բոլոր վիրահատությունները (բացառությամբ՝ նորագույն տեխնոլոգիաներով իրականացվողների, որոնք, ըստ նախարարի, Հայաստանում հաճախ հասանելի չեն), սիրտանոթային հիվանդությունների բուժումը, ինչպես նաև օնկոլոգիական ծառայությունները, որոնց մի մասն արդեն իսկ ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ մյուս մասը (այդ թվում քիմիաթերապիան) ներառված է նոր փաթեթում։ Նոր ծրագրով ծածկվում է նաև ատամնաբուժական ծառայությունների մի մասը, սակայն ոչ թանկարժեք ծառայությունները, օրինակ՝ իմպլանտի տեղադրումը։
«Մենք հաշվարկել ենք նաև առողջության առաջնային պահպանման օղակում քրոնիկական տարբեր հիվանդությունների ժամանակ հաճախ օգտագործվող դեղերի փաթեթ, որը ևս հասանելի է լինելու մարդկանց համար», – նշեց Լենա Նանուշյանը։ Համապարփակ բուժապահովագրության ծառայությունների փաթեթը, պաշտոնյայի խոսքով, ծածկում է առողջապահական սպեկտրի 90-95%-ը ։
Փոխնախարարի պնդմամբ՝ նոր համակարգն ունի նախևառաջ կանխարգելիչ բնույթ, քանի որ մարդիկ շատ հաճախ գումար չունենալու պատճառով հետաձգում են իրենց բուժումը, ինչն էլ հանգեցնում է տարբեր, հաճախ լուրջ, հիվանդությունների բարդացման։ Այս պարագայում մարդիկ հաճախ այնպիսի կարգավիճակում են հայտնվում հիվանդանոցում, որ այլևս հնարավոր չէ երաշխավորել որ նրանք, օրինակ, հաշմանդամություն ձեռք չեն բերի, ամբողջովին կառողջանան կամ առհասարակ՝ կառողջանան ու մահվան դեպք չի գրանցվի։ Այս իսկ պատճառով փաթեթը կազմելիս հաշվի են առնվել այն ծառայությունները նախևառաջ հնարավորություն են տալիս կանխել բարդացումները։
«Շատ հաճախ բժշկական ծառայություններն իրենց համար անհասանելի են լինում ֆինանսական առումով, և մեր քաղաքացիները ստիպված են լինում դիմել ժայրահեղ քայլերի՝ պարտքեր են վերցնում, վարկեր են վերցնում կամ անշարժ գույք են վաճառում, որպեսզի կարողանան իրենց կամ իրենց հարազատի վիրահատական կամ այլ բժշկական ծախսերը հոգալ: Ահա այս նոր համակարգով, փորձում ենք բժշկական ծառայությունները հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար»,-ասաց Նանուշյանը:
Ըստ փոխնախարարի՝ չնայած մի շարք առողջապահական ծառայություններ անվճար են, օրինակ՝ պոլիկլինիկաներինը, շատ մարդիկ խուսափում են օգտվել դրանցից, քանի որ հասկանում են, որ պոլիկլինիկայում ստացած խորհրդատվությունից հետո ստիպված են լինելու դեղորայք գնել, հավելյալ ստուգումներ անցնել կամ մինչև անգամ դիմել հիվանդանոց, իսկ այդ ամենը վճարովի է։
Նանուշյանի խոսքով՝ տնային տնտեսությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ հաճախ աղքատանում են հենց առողջապահական ծախսերի պատճառով: Նրանք միջին եկամտային խմբից տեղափոխվում են ավելի ցածր եկամուտ ունեցողների խումբ: Նախարարության խնդիրը, այսպիսով, նաև Հայաստանի քաղաքացիների ֆինանսական պաշտպանվածությունը մեծացնելն է։
«․․․Մարդիկ ոչ թե կվճարեն հենց հիվանդության պահին, այլ կամ նրանց համար պետությունն ամբողջովին կֆինանսավորի այդ ծառայությունները կամ, եթե իրենք աշխատող են, ամսական կանխավճարներով կապահովագրեն իրենց առողջությունը»,- նշեց նա։
Սամվել Խարազյանը հավելեց, որ մարդիկ այսպես թե այնպես վճարում են իրենց բժշկական ծառայությունների համար։
«Այդ վճարները կատարվում են հենց ծառայություն ստանալու պահին, իսկ ապահովագրության համակարգը ենթադրում է, որ դու քո եկամտից որոշակի չափով ամսական կանխավճար ես կատարում, և երբ ծառայությունը ստանալու անհրաժեշտություն կա, այն ստանում ես անվճար։ Այս պարագայում մարդիկ ֆինանսական պատճառներով չեն հետաձգում իրենց ծառայություններ ստանալը»,- նշեց Խարազյանը։
Նոր փաթեթով, ըստ Խարազյանի, կբարելավվի նաև մարդկանց արտադրողականությունն ու ընդհանուր առմամբ՝ երկրի տնտեսությունը։
Համակարգի ներդրումն ու սահուն անցումն ապահովելու համար, ըստ փորձագետի, շատ կարևոր է ապահովագրված մարդկանց նույնականացումը համակարգում։
«Սա շատ բարդ գործընթաց է, մենք պետք է նույնականացնենք բոլոր այն մարդկանց, որոնք պետք է դառնան շահառու․․․ Միգուցե նաև այս գործընթացը զուգակցվի ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրի համակարգի ներդրման հետ»,- նշեց Խարազյանը։
Ներկայումս քննարկվող փաթեթի հիման վրա կատարած հաշվարկներով՝ վճարելու են թե գործատուն, թե աշխատողը․ յուրաքանչյուրը՝ 3%։ն Եթե տրամադրվող ծառայությունների շրջանակը քննարկումների արդյունքում փոփոխվի, կփոփոխվի նաև վճարման դրույքաչափը։
Նանուշյանն անդրադարձավ նաև այն մարդկանց, ովքեր արդեն իսկ, հիմնականում աշխատանքի բերումով, ունեն բավական լայն փաթեթներով մասնավոր ապահովագրություն։
Հիշեցնելով, որ երկրի բնակչության թվի հաշվարկով այս մարդկանց թիվը բավականին սահմանափակ է, Նանուշյանը հայտնեց, որ նրանք ևս պետք է ընդգրկվեն այս համակարգի մեջ։
Փաթեթը, ըստ Նանուշյանի՝ ամենալավն է այսօր առկա բոլոր փաթեթներից, և այս պարագայում «կասկածի տեղիք է տալիս»՝ ներկայումս մասնավոր ապահովագրությունից օգտվողները հանրայինին անցնելուց կտուժեն, թե կշահեն։
Փոխնախարարը հավելեց, որ քանի որ այս փաթեթով ծածկվում են առողջապահական հիմնական ծախսերը, մասնավոր ընկերությունները կարող են առաջարկել լրացուցիչ ծառայությունների փաթեթներ, որոնք դրանով չեն փակվում, օրինակ՝ ոչ բժշկական ցուցումով պլաստիկ վիրահատությունները։
Սամվել Խարազյանը նշեց, որ չնայած մասնավոր ապահովագրությունը երկրում առկա է 2002 թվականից, ոլորտը մինչ օրս զարգացում չի ապրել։ Պատճառն, ըստ փորձագետի, համընդհանուր, պարտադիր ապահովագրական համակարգի բացակայությունն է, որը կկարողանար հավասարակշռել հանրային առողջապահական ռիսկերը։
Բուժապահովագրության նոր համակարգն ի սկզբանե նախատեսվում էր ներդնել 2023-ին, սակայն հստակ ժամկետը կախված է նաև քննարկումներից արդյունքներից։
Սամվել Խարազյանը խոսեց նաև համակարգի ներդրման պարագայում առաջացող հնարավոր հերթերի մասին
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համակարգերի ներդրման ժամանակ սովորաբար մոտավորապես 5-6 ամիս հետո է սկսվում հիմնական դիմելիությունը՝ մինչև մարդիկ սովորում են, որ այդպիսի համակարգ կա և դիմելիության որոշակի պիկ է գրանցվում։ Մեր նախնական հաշվարկներով, այսինքն՝ առողջապահական ռեսուրսները գնահատելով՝ մենք տեսել ենք, որ նման խնդիր մեզ մոտ չի առաջանա։ Այսինքն՝ եթե հերթեր առաջանան, ապա դրանք կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ մարդիկ ցանկանում են անպայման ինչ-որ բուժհիմնարկում կամ ինչ-որ բժշկի մոտ բուժվել», – նշեց նա։
Այս դեպքում, ըստ Խարազյանի, պիտի հաշվի առնվեն տվյալ հաստատության կամ բուժանձնակազմի ֆիզիկական հնարավորությունները, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանի առողջական համակարգը կկարողանա բավարարել նոր փաթեթի ներդրման արդյունքում ստեղծվելիք ծառայությունների պահանջարկը։
Փորձագետն ասաց, որ հիվանդանոցներում հաճախ կիրառվող ապօրինի ճանապարհով գումարի շրջանառության (հիմնականում բժշկին «շնորհակալություն» հայտնելու ձևով) ռիսկերը բացառելու նպատակով՝ բժշկական ծառայությունների գները հաշվարկելիս հաշվարկվել են նաև աշխատույժի իրական ծախսերը՝ այսինքն ոչ միայն բժիշկների գրանցված միջին աշխատավարձը, այլև վճարովի ծառայություններից և «ոչ օֆիցիալ» գումարներից ստացվող եկամուտները։
Խարազյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց, ովքեր գրանցված չեն, ում եկամուտները չեն հայտարարգրվում և ովքեր ներառված չեն նաև սոցիալապես անապահով կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբերում։
Փորձագետի խոսքով՝ ԱՆ ներկայացված ծրագրում առաջարկվում է պետության կողմից այս ոլորտի աշխատողներին ապահովագրվելու պարագայում տրամադրել որոշակի սուբսիդավորում, ինչը կխթանի նրանց ներգրավումը գործընթացին։
Բուժապահովագրության համակարգի փաթեթն այժմ քննարկվում է էկոնոմիկայի, Ֆինանսների և այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ։ Վերջնական տարբերակն ունենալուց և կառավարության հավանությունը ստանալուց հետո արդեն քննարկման կդրվի օրենքի նախագիծը:
Այս թեմայով՝ դիտեք նաև Epress.am-ի 2018 թվականի հարցազրույցը առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ։