Home / Առողջապահություն / Բյուրոկրատիային բախված քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Բյուրոկրատիային բախված քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

62-ամյա Գառնիկ Վարդանի Խաչատրյանն այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող «Մաշկաբանության և սեռավարակաբանության» ԲԿ-ի մոտ բենզինով ինքնահրկիզման փորձ է արել՝ այլևս չդիմանալով մաշկային քորին։ Քաղաքացին օրեր շարունակ փորձել է պետպատվերի շրջանակներում նախատեսված ձևաթուղթ ստանալ՝ անվճար բուժօգնությունից օգտվելու համար, սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով այդպես էլ չի կարողացել վերցնել թուղթը։

«Մաշկաբանության և սեռավարակաբանության» բժշկական կենտրոնի բժիշկներից Չարչյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ Խաչատրյանը լավ վիճակում է և այժմ իրենց մոտ է․ «Նա մեզ մոտ դեպքից առաջ հետազոտվել էր, նրան բացատրել էին, որ բուժման կարիք ունի, բայց բուժման պայմանները նրան չեն բավարարել․ դա վճարովի բուժում է։ Երկու անգամ եկել է, մենք նրան ուղղորդել ենք գնալ պոլիկլինիկա՝ անվճար բուժում ստանալ։ Այնտեղ նրան բուժում են նշանակել, դա էլ չի բավարարել նրան։ Նորից է եկել մեզ մոտ, ասել ենք՝ դիմե՛ք նախարություն։ Դիմել է Առողջապահության նախարարություն, այնտեղից էլ ուղղորդել են քաղաքապետարան։ Այնտեղ ինչ է եղել, չգիտեմ, այսօր եկել է ու որոշել ինքնհրկիզվել։ Այս պահին առանց որևէ հիմքի պառկացրել ենք մեզ մոտ»։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ տղամարդն իրենց մոտ է գնացել՝ պետպատվերի ձևաթուղթ ստանալու, սակայն նախարարությունը տևական ժամանակ է՝ չի տրամադրում թղթերը, քանի որ այդ գործառույթը քաղաքապետարանին է տրված։

Քաղաքապետարանի առողջապահության վարչությունից մեր հարցին ի պատասխան նշել են, որ քաղաքապետարանը մոտ 10-15 օր է, ինչ չի կարողանում քաղաքացիներին տրամադրել այդ ձևաթղթերը, քանի որ Առողջապահության նախարարությունից չեն ստացել հերթական քանակը։

«Նախարարությունը մեզ ուղարկում է ձևաթղթերը, մենք էլ տալիս ենք քաղաքացիներին։ Նախորդ՝ 2018 թվականին ուղարկածներն արդեն սպառվել են, իսկ նոր ձևաթղթեր դեռ չենք ստացել․․․Մենք մեկ ամիս է պայքարում ենք՝ ստանանք ձևաթղթերը, սակայն չենք ստանում։ Ասում են՝ դեռ հրաման չկա, որ տանք», – նշել է քաղաքապետարանի աշխատակիցը։

Նշենք, որ պետպատվերի այս տեսակից կարող են օգտվել սոցիալապես անապահով խմբի մարդիկ և նրանք, ովքեր ընդգրկված չեն Կառավարության որոշումով  սահմանված հատուկ խմբերի մեջ (դրանց մեջ  մտնում են վետերանները, հաշմանդամություն ունեցող մարդիկ, երեխաները և այլն-խմբ․)։ Ըստ կարգի՝ տեղում հանձնաժողովներ են կազմվում և որոշվում է՝  ում կարող է տրամադրվել անվճար բուժման ուղեգիր։

Մեր հարցին, թե ինչու մինչև հիմա քաղաքապետարնին չեն ուղարկվել ձևաթղթերը, Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ  Ծաղիկ Վարդանյանը պատասխանել է, որ դրանց  ուղարկման ընթացակարգը կարող է որոշ ժամանակ տևել․ իրականացվում է ուղեգրվող հանձաժողովների քվոտավորում, պայմանագրերի կնքում բժշկական կազմակերպությունների հետ և այլն։ Նա հավելել է, որ անցած տարի նույնպես գործընթացը ձգձգվել է և համապատասխան հրամանը ստորագրվել է միայն 2018-ի փետրվարի 21-ին։

Վարդանյանը նշել է, որ իր համար էլ էր շոկային, որ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել և ներողություն է հայցել, որ գործընթացը ձգձվել է։

Ավելի ուշ՝ մեր հարցումից հետո՝ 18:30-ին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրամանագիր, որով, ըստ Վարդանյանի, արդեն իսկ վաղը ձևաթղթերը ուղարկված կլինեն Երևանի քաղաքապետարան։