Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Երկու կողմն էլ նշանակել է իր հատուկ ներկայացուցչին։ Հիմա անհրաժեշտ է, որ բանագնացները հեռախոսազրույց ունենան և պայմանավորվեն դեմ առ դեմ հանդիպման ժամկետների և վայրի շուրջ: Մեր տպավորությամբ՝ կողմերի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Հայկական կողմը նման ցանկություն է հայտնել: Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ նախքան այդ հանդիպումը լինեն ուղիղ շփումներ։ Բանագնացները նշանակվել են ուղղակի երկխոսության համար», – նշել է Չավուշօղլուն։
Լրագրողի հարցին պատասխանելով՝ թուրք արտգործնախարարը անդրադարձել է 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Մեջլիսի կողմից վավերացնելու հնարավորությանը։ Չավուշօղլուն նշել է, որ այդ արձանագրություններին վերադառնալու իմաստ այլևս չկա, քանի որ դրանց ամենակարևոր մասերը չեղարկվել են Հայաստանի Սահմանադրական դաատարանի կողմից:
«Հետևաբար, դրանք այլևս անցյալում են մնացել։ Ցավոք, արձանագրությունները հաջողություն չունեցան այն ժամանակվա պայմաններում, – ասել է պաշտոնյան՝ հավելելով․ – Հիմա նոր գործընթաց է սկսվել, որի շրջանակներում անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել: Սա կարևոր նշանակություն կունենա Կովկասի կայունության, խաղաղության ու բարգավաճման համար: Հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը մտքեր են փոխանակելու ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Կարծում եմ, որ դրանից հետո օգտակար կլինի, որ կանոնավոր կերպով հանդիպեն և հառախոսազրույց ունենան»:
Չավուշօղլուն նշել է, որ շուտով կմեկնարկեն նաև Երևան-Ստամբուլ չարթերային չվերթները: Նրա խոսքերով, կողմերը փոխայցելություններով և անմիջական շփումներով պետք է ճանապարհային քարտեզ մշակեն, հստակեցնեն հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը:
Թուրք նախարարը հերթական անգամ ընդգծել է, որ այս գործընթացում իր քայլերը Անկարան համակարգում է Բաքվի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, ԱԽ նախկին նախկին քարտուղար, դիվանագետ Սերդար Քըլըչը։ Հայկական կողմին կներկայացնի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Այսօր ավելի ուշ պարզաբանմամբ է հանդես եկել նաև Հայաստանի ԱԳՆ խոսնակը։ Վահան Հունանյանի փոխանցմամբ՝ քննարկվում է բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը․ հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։